Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու են մշակույթի գործիչները քաղաքականացվում

Հունվար 22,2014 13:47

Ունենք արվեստագետների մեծ բանակ, որոնց գործունեությունը ժամանակին ճանաչելի էր զուտ հոգեւոր, մշակութային կյանքում: Վերջին շրջանում նրանք հանդես են գալիս որպես ակտիվ քաղաքացիներ: Մշակույթի ճանաչված 1-2 գործիչներից հետաքրքրվեցինք՝ ինչպես են համատեղում մշակույթն ու քաղաքականությունը:

Կինովավերագրող Տիգրան Խզմալյան. – Չեմ կարծում, որ զբաղվում եմ քաղաքականությամբ. դրա համար կան մասնագետներ… Ինչ անում եմ, անում եմ ինքնապաշտպանության բնազդով, փորձում եմ պաշտպանել ընտանիքս, իմ աշխարհն ու արժեհամակարգը: Ժամանակին նկարահանում էի ֆիլմեր, որոնցում քաղաքականության նշույլ անգամ չկար, սակայն մեր աչքի առաջ սկսվեց փլուզվել արժեքների, իդեալների աշխարհը: Այլընտրանք չունեի. կամ պետք է հանձնվեի, կամ յուրացնեի այն նոր արժեքները, որ թելադրվում էին, կամ էլ պետք է պաշտպանեի այն, ինչը ինձ ձեւավորեց որպես մարդ ու արվեստագետ: Ընդհանրապես, արվեստի առաքելությունը մեկն է՝ գթասրտության եւ ազատության պաշտպանություն: Կյանքում եւ կենցաղում այն արտահայտվում է ժողովրդի, ազգի հետ ընդհանուր ճակատագիր կիսելով: Եթե երկրի իշխանությունները հակադրված են ժողովրդին, ինչպես մեզանում է, ապա ցանկացած մարդ, առավել եւս արվեստագետ, պետք է կատարի իր ընտրությունը: Իմ ընտրությունը ինձ բերեց ժողովրդի ճամբար. ես այնտեղ եմ, որտեղ պետք է գտնվեի: Ինչ վերաբերում է ստեղծագործական գործունեությանս, վերջին 2-3 տարվա ընթացքում նոր ֆիլմեր չեմ ստեղծել, ձեռքերս էլ ծալած չեմ նստել: Զբաղված եմ եղել նաեւ թոռներովս: Հենց երեկ վերսկսել եմ մասնագիտական աշխատանքս՝ անցնելով իմ նոր՝ «Թագուհիներ հայոց» վավերագրական ֆիլմի մոնտաժման աշխատանքներին:

Vardan-Hakobyan

Դիրիժոր Վարդան Հակոբյան.- Քաղաքացիական դաշտում սկսում ես իրավունքներիդ տեր կանգնել եւ միայն ընթացքում ես հասկանում, որ եթե պայքարդ չվերածես քաղաքականի, հարցդ լուծում չի ստանա: Մեզ մոտ չկա այն քաղաքական դաշտը, որտեղ պետք է հարցերը ինքնաբերաբար լուծումներ ստանային: Ստացվում է, որ ես ու արվեստագետ համախոհներս ակամա հայտնվեցինք քաղաքական դաշտում: 2013թ. ապրիլի 1-15-ը հյուրախաղերով հրավիրված էի Կիպրոս՝ տեղի ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարելու: Հետեւաբար ստացվեց այնպես, որ նույն թվականի ապրիլի 9-ի երեւանյան իրադարձություններին հետեւում էի ինտերնետով: Քանի որ «բարեւի» շարժման շարքերում էի, Կիպրոսում հայերն ինձ բազմաթիվ հարցերով էին դիմում, օրինակ՝ ինչո՞ւ ժողովրդական շարժումը նման անփառունակ վախճան ունեցավ: Ես էլ պատասխանում էի, թե դժվար է, երբ մի ժողովրդի պատասխանատվություն ստանձնում է մեկ մարդ, այս դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչ խոսք, նա արեց այն, ինչ կարող էր անել տիրող համակարգի խաղի սահմաններում… Այս պահին այն ուժերը, որոնք կրկին ժողովրդին տանում են նույն ճանապարհով, այսինքն՝ հանրահավաք, երթ, դատարան ու տուն, կհայտնվեն փակուղում: Անհրաժեշտ է դուրս գալ այս համակարգի նախօրոք մշակված քայլերից, ստեղծելով նոր այլընտրանքային իշխանական կառույցներ, ինչը փորձում են իրականացնել Կիեւում: Հնարավորինս ստեղծագործական ոլորտը չեմ դրել մի կողմ. շուրջ երկու տարի է՝ յուրաքանչյուր երկուշաբթի Երեւանում ու մարզերում անվճար համերգներ եմ ունենում իմ հիմնած «Կադենցիա» մենակատարների անսամբլի հետ, աշխատելով ֆիլհարմոնիկ նվագախմբում, համագործակցելով Երիտասարդական ու Կամերային նվագախմբերի հետ:

Karen-Janibekyan

 

Դերասան Կարեն Ջանիբեկյան.- Ինչ որ անում կամ չեմ անում, կապված է ժողովրդիս հետ ու բխում է նրա շահերից: Չեմ սիրում բարձրաձայնել արածս գործերի մասին, դրանք բացահայտ են ե՛ւ արվեստում, ե՛ւ կյանքում՝ ընդհանրապես: Ինչ վերաբերում է զուտ ստեղծագործական գործունեությանս, դա էլ ավելի տեսանելի է: Հենց այստեղ է, որ պարտական եմ ու շնորհակալ իմ ժողովրդին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031