Լրահոս
Օրվա լրահոսը

Արծրունյանի «Հայաստան» որմնանկարը վտանգված է

Հունվար 22,2014 13:36

Լրագրող, արվեստաբան Անահիտ Կորյունը դեկտեմբերի 9-ին նամակով դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն՝ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի զինվորական զորամասի շենքերից մեկում գտնված՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի՝ 1989-ին ստեղծած «Հայաստան» որմնանկարին նորահայտ հուշարձանի կարգավիճակ շնորհելու եւ որմնանկարը տեղափոխելու համար համապատասխան վայր գտնելու խնդրանքով:

Մշակույթի նախարարությունից, սակայն, պատասխանել են, որ Արծրունյանի միակ որմնանկարին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը պետք է քննարկվի նախարարության փորձագիտական հանձնաժողովի առաջիկա նիստում՝ նախարարության ենթակայության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարծիքը ստանալուց հետո:

doc

«Երբ սեպտեմբերին հայտնաբերեցի ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի միակ «Հայաստան» որմնանկարը, բոլոր ընկերներս ու ծանոթներս միաբերան ինձ համոզում էին, թե մշակույթի նախարարությանը նամակ գրի: Ու ինձ համոզելու համար համարյա մոտ 3 ամիս պահանջվեց: Ես, ի սկզբանե, գիտեի, որ որմնանկարը նրանց չի հետաքրքրելու, ինչպես որ չէր հետաքրքրում նրանց Արծրունյանը՝ կենդանության օրոք:

Ես համոզված եմ, որ որմնանկարը փրկվելու է, սակայն ինձ մոտ հարց է առաջանում, լավ, ո՞րն է մշակույթի նախարարության գոյության իմաստը… Ինչո՞ւ նախարարությունը մշակութային ռազմավարություն չունի` ովքե՞ր են լավ արվեստագետներ համարվում եւ ովքե՞ր` միջակ, ինչպե՞ս եւ ինչի՞ վրա են ծախսվում պետության գումարները: Ինձ այս հարցերի պատասխանները շատ են հետաքրքրում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Անահիտ Կորյունը:

«Առավոտի» հետ զրույցում էլ նա նշեց. «Բոլորիս էլ քաջ հայտնի է, թե նախարարությունը որքան դանդաղ է աշխատում: Մինասի որմնանկարները 20 տարի սպասեցին, մինչեւ որ վերջին տարիներին սկսեցին դրանց վերականգնման աշխատանքներով զբաղվել, սակայն այս դեպքում ժամանակ չունենք, քանի որ վերջին անգամ, երբ զորամաս այցելեցինք, մեզ շատ հստակ բացատրեցին, որ որմնանկարը պիտի անպայման հանենք այդ տարածքից: Մենք մեկ տարի ժամանակ ունենք: Եվ քանի որ ամիսն արդեն անցավ, նշանակում է՝ 10 ամիս ժամանակ ունենք: Ի դեպ, այն շենքը, որտեղ գտնվում է որմնանկարը, սեփականաշնորհված է: Հիշեցնեմ, որ նամակը գրել էի դեկտեմբերի 9-ին, այսինքն՝ վերջնաժամկետը լրանում էր հունվարի 9-ին, սակայն նրանցից ոչ մի հստակ պատասխան չեմ ստացել»:

Երեկ հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ մշակույթի նախարարությունից: Գերատեսչությունից տեղեկացրին, որ հարցը դեռ քննարկվում է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Grigor says:

    Здраствуйте, я живу в Санкт Петербурге, работаю художником реставратором фресковой живописи. В свое время когда учился в Ереване пару раз встречался с Эдуардом Арцруняном, гордился что у нас есть художник такой величины и я был бы рад если его работа получил бы признание. Своими работами он доказал что достойно таково признания. Был бы рад оказать помощь во всем для спасения шедевра мастера. С уважением Григор Геворгян

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031