Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչն է խանգարում Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը

Հունվար 22,2014 12:53

Այդ հանդիպումը գոնե վերջին երկու տարիների ընթացքում
հնարավոր էր կազմակերպել

Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացած «Դեմ ենք պարտադիր կուտակայինին» հանրահավաքը՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», ՀԱԿ-ի եւ Դաշնակցության մասնակցությամբ, ոգեւորության եւ ընդդիմության «կոնսոլիդացիայի» հույսեր է արթնացրել:

Ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ը վաղուց է կարեւորում «կոնսոլիդացիայի» կայացումը: Ավելին՝ ԱԺ-ում որոշ հարցերի շուրջ միասնաբար հանդես գալու փաստեր են վկայաբերվում եւ պարբերաբար վստահեցնում են, որ «կոնսոլիդացիան», խոշոր հաշվով, տեղի է ունեցել: ՀԱԿ-ում լավատես են, որ պարտադիր կուտակային համակարգի դեմ ոչ իշխանական ուժերի համատեղ պայքարը կվերաճի իշխանափոխության համար պայքարի, իսկ հարցին, թե «Բարգավաճ Հայաստանը» նո՞ւյնպես ցանկանում է իշխանափոխություն, ՀԱԿ-ից խորհուրդ են տալիս դատել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների ելույթներով:

Կարո՞ղ է «կոնսոլիդացիա» տեղի ունենալ իշխանափոխության պահանջի հարցում, եւ գնո՞ւմ են արդյոք բանակցություններ, այս հարցի առիթով Արման Մուսինյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Ես հիմա կոնկրետացված այդպիսի մեկնաբանություն չէի տա, բայց ինքնին բոլոր հարցերի սպեկտրի քննարկումը եւ այս համագործակցությունը Ձեր նշած հարցի մաս են կազմում, եւ կարծում եմ՝ ինչպես երեկ են եղել շատ ակտիվ, այսօր են շատ ակտիվ այդ համագործակցությունը, կոնսուլտացիաները, քննարկումները, վաղն էլ լինելու են է՛լ ավելի ակտիվ: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ «Բարգավաճ Հայաստանը» նման հարց չի քննարկել: Իշխանափոխության նպատակ այս պահին «Բարգավաճ Հայաստանը» դնո՞ւմ է իր առջեւ՝ հարցին Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. «Բարգավաճ Հայաստանը» նման հարց չի քննարկել: Մեր միասնական օրակարգում այսօր այն խնդիրներն են, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք: Կրկնում եմ՝ իրադարձությունները արհեստականորեն առաջ գցել եւ խոսել քայլերի մասին, որոնք դեռեւս չեն քննարկվել՝ «Բարգավաճ Հայաստանի» ոճը չէ»:

Ի՞նչն է խանգարում Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանն ու տետ ա տետ բանակցություններին… Սա մի հարց է, որի հիմքում է, թերեւս, ընկած ԲՀԿ-ՀԱԿ իրական, անկաշկանդ երկխոսությունը: Իհարկե, կարելի է պատճառաբանել, թե այս պահին քաղաքական ուժերի կոնսուլտացիաները գնում են այս մակարդակով, ու թեեւ կուսակցությունների ղեկավարների մակարդակով նման կոնսուլտացիաներ դեռ չեն եղել, բայց ապագայում կարող են լինել:

Եթե քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներով պետք է կուսակցությունը համարվի ընդդիմադիր կամ ավելին՝ իշխանափոխության ձգտող, ապա նորանկախ Հայաստանը «ընդդիմության» պակաս երբեք չի զգացել:

Ժամանակ առ ժամանակ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանից մեկնում-ժամանումների մասին մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Սարգսյանին դիմավորում եւ ճանապարհում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Այս դեպքերում անմիջապես ԲՀԿ-ից հիշեցնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Անվտանգության խորհրդի անդամ է, եւ դա ԱԽ անդամի լիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում իրականացրած գործառույթ է: Տարեվերջին էլ մարզաշխարհի ներկայացուցիչների ավանդական միջոցառմանը, որին մասնակցում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ձիու քանդակ էր նվիրել, ապա հոտնկայս ու հանդիսավոր կերպով խմել Սերժ Սարգսյանի կենացը։

Կարելի է հազարումի դատողություններ, մեկնաբանություններ, վերլուծություններ անել՝ հասկանալու համար, թե ԲՀԿ-ն ի վերջո ընդդիմությո՞ւն է կամ կարո՞ղ է ընդդիմություն դառնալ, կամ՝ «այլընտրանքից» դեպի իշխանություն անցումը իրական ընդդիմադիրի գործունեությո՞ւն է: Կամ՝ Ծառուկյանը գուցե այնքան խորամանկ խաղ է տանում, որ հասարակ մահկանացուներիս դժվար է «հաշվել» նրա քայլերը, ավելին՝ գուցե նրան հաջողվո՞ւմ է Սերժ Սարգսյանին հավատացնել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, սակայն ՀԱԿ-ի հետ բանակցություններում ԲՀԿ-ականներին հաջողվում է ապացուցել, որ իրենք իրական ընդդիմություն են:

Անցյալ տարվա մայիսին Աբովյանում կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, թե ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա՞, Գագիկ Ծառուկյանը հստակ պատասխանել էր. «ԲՀԿ-ն ընդդիմություն դառնալ չի կարող, քանի որ երեք-չորս ընդդիմադիր կուսակցություններ կան: ԲՀԿ-ն կողմնակից է նրան, ինչն օգուտ եւ ձեռնտու է ժողովրդին: Այդ սկզբունքով անում ենք եւ շարունակում ենք անել»:

Ի՞նչն է խոչընդոտում Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը: Այդ հանդիպումը գոնե վերջին երկու տարիների ընթացքում հնարավոր էր կազմակերպել, եթե Ծառուկյանը նման ցանկություն ունենար: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ Ծառուկյանը խուսափում է նման ֆորմատով բանակցություններից եւ հանդիպումներից, ու հավանաբար նա ունի այդպես վարվելու իր պատճառները, որոնք, հավանաբար, չեն ցանկանում խոստովանել ՀԱԿ-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031