«Բարգավաճ Հայաստանը» դեմ է իշխանության կողմից վարվող քաղաքականությանը, դեմ է այն ճահճային վիճակին, որում հայտնվել է Հայաստանը: Սակայն միեւնույն ժամանակ ԲՀԿ-ն մտավախություն ունի՝ իսկ եթե իշխանափոխություն լինի, ո՞վ է գալու, ի՞նչ է լինելու, այդ իսկ պատճառով, մինչեւ չլինի տարբեր քաղաքական ուժերի լայն համախմբում, իշխանափոխությունը շատ բան չի փոխի: Այս կարծիքին է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում նաեւ ասաց, որ մեկ քաղաքական ուժը չի կարող փոխել իրավիճակը, պետք է բոլոր ուժերը բնականորեն համախմբվեն. «Դեռեւս լայն ճանապարհ պետք է անցնեք, չենք ասում՝ իշխանափոխություն եւ վերջ: Պետք է քայլ քայլ աշխատենք, իշխանությունը փոխի իր քաղաքականությունը, ավելի շատ խորհրդակցի մեզ հետ, ավելի շատ լսի»:
«Ազատություն» ռադիոկայանի հստակեցնող հարցին՝ փաստորեն, դուք ուզում եք ոչ թե իշխանափոխություն, այլ՝ իշխանության վրա ավելի մեծ ազդեցություն՝ ճնշումների արդյունքում, պարոն Մելքումյանը պատասխանեց. «Սա հաց կամ տորթ թխելու տեխնոլոգիա չի, հստակ ռեցեպտ չկա: Տեսեք, մի քաղաքական գործիչ կես միլիոնից ավելի ձայն հավաքեց, բայց դա շարունակություն չունեցավ: Մենք պետք է այնպես աշխատենք, այնպես կոնսոլիդացնենք քաղաքական դիվիդենտները, որ բնականորեն իշխանությունը համոզվի, հաշվի նստի»:
Քաղաքական գործիչը վստահ է, որ միայն վարչապետի փոփոխությամբ բոլոր հարցերը չեն լուծվի, պետք է իրավիճակ փոխվի.«ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, որովհետեւ մի քանի նախարար եւ փոխնախարար ունեինք, բայց քաղաքական որոշումների ընդունման վրա ազդեցություն չունեինք: Եթե չունենք ազդեցություն՝ ո՞ւմ է պետք դա: Պետք է իրավիճակը փոխվի, նոր խաղի կանոններ լինեն՝ լայն համախմբման արդյունքում, իսկ դրանից հետո քաղաքական ուժերը կկարողանան ներկայացնել այն անհատներին, ովքեր պետք է լինեն իշխանության մեջ»:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի՝ իշխանությունների հետ բավականին լավ հարաբերություններին, ու միաժամանակ՝ ԲՀԿ-ի այլ անդամների խիստ ընդդիմադիր ելույթներին, Միքայել Մելքումյանը դրա մեջ ոչ մի հակասություն չի տեսնում. «Չեմ գտնում, որ հակասություն կա, ԲՀԿ-ն ունի ծրագրեր՝ ե՛ւ ռազմավարական, ե՛ւ տակտիկական: Բայց մենք փոքր երկիր ենք, իրար լավ ենք ճանաչում, եւ էսօր երկիրը կառավարում են մարդիկ եւ ուժեր, որոնք այս կամ այն փուլում մեծ վաստակ են ունեցել եւ ունեն մեր երկրի կայացման գործում: Խոսքը վիճակի բարելավման մասին է, իսկ դա չի նշանակում անպայման հայհոյել, կոպիտ լինել: Պարոն Ծառուկյանը ԱԱԽ անդամ է, պետք է մասնակցի արարողակարգային միջոցառումներին, ՀԱՕԿ նախագահ է, այլ պաշտոններ ունի, եւ նա պետք է պատվով կատարի իր բոլոր պարտականությունները: Իսկ քննադատելուց՝ քննադատում ենք: Մենք միշտ լավին լավ ենք ասում, վատին՝ վատ: Եթե ես սոցիալտնտեսական իրավիճակը քննադատում եմ, դա չի նշանակում, որ ես իրենց թշնամին եմ, իհարկե՝ ոչ»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ