Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ արաբագիտության ամբիոնի 2 դասախոսներ բաց նամակով դիմել են հանրապետության նախագահին

Հունվար 22,2014 12:29

Հունվարի 17-ին, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոսներ Սարգիս Փոլադյանն ու Հարություն Գրիգորյանը բաց նամակով դիմել էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակում նրանք անդրադարձել էին ամբիոնում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես դասախոսները նշել էին, թե ֆակուլտետում շարունակաբար անկում է ապրում արաբերենի դասավանդման մակարդակը, իսկ բազմամյա փորձ ունեցող վաստակաշատ մասնագետների նկատմամբ ուսումնական գործընթացից դուրս մղելու քաղաքականություն է իրականացվում:
«Ստեղծվել է տրամաբանությունից զուրկ մի իրողություն, երբ ուսանողներին հրամցվում են արաբերենին հարակից կամ դրա հետ նույնիսկ աղերս չունեցող առարկաներ՝ անտեսելով առաջնայինը՝ լեզվին տիրապետելու կարեւորությունը: Արդյունքում տուժում է ուսանողը, քանզի լեզվակիր եւ վաստակաշատ մասնագետները հայտնվում են լսարանից դուրս վիճակում:
Ամբիոնի վարիչի պաշտոնակատարը ջանք չի խնայում, որ գունավոր հեղափոխությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի սկզբունքով երկփեղկված կոլեկտիվում առավելություն ստանա իր հովանավորած թիմը: Ափսոսալի է, սակայն փաստ, որ նման անառողջ մթնոլորտին նպաստում է նաեւ ֆակուլտետում փաստորեն դեկանի, սրտացավ ղեկավարի բացակայությունը: Ո՞ւմ ասես, ի՞նչ ասես… Արդեն 4-5 տարի այսպիսի անորոշ վիճակ է ֆակուլտետում»,- նշել էին դասախոսները:
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ գնահատմամբ, դասախոսներն իրենց այս քայլով վարկաբեկում են համալսարանը: «Բուհում գոյություն ունի ռեկտոր, պրոռեկտոր: Նման հարցերով պետք է դիմել նրանց, ոչ թե ՀՀ նախագահին»,- ասաց ֆակուլտետի դեկանը` միաժամանակ նշելով, որ ինքն անձամբ ընդառաջ է գնացել դասախոսներին:
«Երկու դասախոսներին աշխատանքից ազատել այս պահին ոչ ոք չի պատրաստվում: Ամբիոնը նիստ ունի, կքննարկենք խնդիրը, արձագանքը կհրապարակենք»,- մեզ հետ զրույցում նշեց արաբագիտության ամբիոնի վարիչ ՍՈՆԱ ՏՈՆԻԿՅԱՆԸ: Ըստ նրա` Սարգիս Փոլադյանն ու Հարություն Գրիգորյանը, քանի որ որոշակի բեռնվածք ունեն, մինչեւ ուսումնական տարվա վերջ կաշխատեն:   Ամբիոնի վարիչի խոսքով` երկու դասախոսները կենսաթոշակառու են, այսօր շարունակում են աշխատել միայն այն պատճառով, որ լեզվակիր են. «Նրանց միակ արժանիքը այն է, որ լեզվակիր են, այլ ձեռքբերում այս ոլորտում նրանք չունեն: Այդ դասախոսներից մեկից Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը հրաժարվել է դեռ 3-4 տարի առաջ: Եթե այդքան գնահատված ու լավ մասնագետ էր, չէին հրաժարվի: Հաշվի առնելով այդ դասախոսի երկար տարիներ դասավանդող լինելու հանգամանքը` մարդկային վերաբերմունք ցուցաբերելով` նրան պահել ենք ամբիոնում, ընդ որում` պահել ենք 0,75 դրույքով, մինչդեռ ամբիոնի մյուս աշխատակիցների դրույքաչափերը պակասել են»:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031