Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաշինգտոնից, Մոսկվայից, Փարիզից հեռավոր Արցախը եզերող «շփման գիծն» ու այնտեղ կատարվող անցուդարձը լավ չեն երեւում. «Հայոց աշխարհ»

Հունվար 22,2014 12:12

Ակնհայտ է, որ շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած հերթական ընդգրկուն սադրիչ գործողությունները նպատակ ունեն ոչ թե սոսկ խոչընդոտել Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջերս հազիվհազ կարծես վերսկսված բանակցային գործընթացը, այլ, հնարավոր է, առհասարակ տապալել այն՝ մղելով տեւական սառեցման հերթական փուլ:

Ի վերջո, ամենեւին էլ առաջին անգամը չէ, որ բանակցային գործընթացում նախանշված հանդիպման կամ հենց տեղի ունեցող բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը սահմանագծում մարտական գործողություններ է հրահրում՝ բացահայտորեն խախտելով հրադադարի ռեժիմն ու դիվանագիտության հետ կապված հնարավոր ամեն նորմ: Դա կոնկրետ Իլհամ Ալիեւի վարած «քաղաքականությունն» է՝ շարունակաբար հարցը մղել փակուղի, ակնկալելով հետագայում պոկել ավելին, հընթացս նավթադոլարներ շռայլելով՝ ուժերի հարաբերակցությունը նշանակալի չափով հօգուտ իրեն փոխելու համար:

Դա, եթե ամբողջական պատկերն էլ չէ, պարզ է ընդհանուր առմամբ:
Ողջ հարցն այն է, թե ադրբեջանական կողմի այդ կրկնակի փակուղին շրջանցելու համար ի՞նչ են անում ՄԽ համանախագահող տերությունները՝ միջնորդները կամ, այսպես ասած, «միջազգային հանրությունը»: Ոչի՛նչ: Բացարձակապես ոչինչ չեն անում, քանզի երբեւէ կոնկրետ գնահատականի չեն արժանացրել կոնկրետ ադրբեջանական կողմի արկածախնդրական քայլերը:

Իսկապես, հո չի՞ կարելի «կատարված քայլ» համարել դիվանագիտորեն արտահայտվող «խորը մտահոգությունը» կամ «երկու կողմերին զսպվածության կոչելու» երկերեսանի ու նախահարձակին պաշտպանվողի հետ մի շիլայի մեջ լղոզող մոտեցումը:

Ահավասիկ, նախօրեին էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է. «Բռնությունն ու լարվածությունը շփման գծում խարխլում են բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդիրը կարգավորելուն ուղղված ջանքերը»:

Այո, դա այդպես է, բայց ո՞ւմ հրահրած բռնությունը, ո՞ր մի կողմի հարուցած լարվածությունը: Քար լռություն է: Վաշինգտոնից, Մոսկվայից, Փարիզից հեռավոր Արցախը եզերող «շփման գիծն» ու այնտեղ կատարվող անցուդարձը լավ չեն երեւում:

Եվ, որպես անհասցե մտահոգությունների հետեւանք, ադրբեջանական կողմը այլեւս վստահ է, որ ինչ ելուզակության ասես կարող է դիմել, նաեւ իր կենդանի ուժի կորուստների գնով, բայց միջազգային քաղաքական ասպարեզում կմնա անպատիժ: Իսկ անպատժելիության զգացողությունը մղում է նորանոր սադրանքների:

Ըստ որում, հատկանշական է, որ վերջին ձախողված դիվերսիաների ու կորուստների մասին ադրբեջանական տխրահռչակ քարոզչությունը ծպտուն չի հանում: Իբր, նման բան չի էլ եղել: Հասկանալի է, որ հորինվում ու կշրջանառվեն հերթական ստերը, թե՝ այդ հայկական կողմն է հարձակվել կամ նման մի բան: Սա էլ առաջին անգամը չէ:

Ցանկացած պարագայում, նշմարվող հետեւությունն այն է, որ Հայաստանի հակահարվածը կոշտ պետք է լինի ոչ միայն ռազմական առումով: Փորձեցի՞ն դիվերսիոն խմբերով ներթափանցել մեր մարտիկների հենակետեր՝ ստացան կոշտ պատասխան: Մարդկային կորուստների առումով անհամեմատելի է, բայց ադրբեջանական հաքերները «ջարդեցի՞ն» հայկական մի շարք կայքեր, ստացան հայ «կիբերզորքի» ջանքերով խափանված ադրբեջանական կայքեր:

Նույնը՝ արտաքին քաղաքական ասպարեզում: Կարծում ենք, Հայաստանը ու նաեւ Արցախը պետք է շատ կոշտ դնեն հարցը՝ քանի դեռ «միջազգային հանրություն» ասվածը կամ կոնկրետ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոնկրետ գնահատական չեն տվել ադրբեջանական կողմին ու «խելքի չեն բերել» Ալիեւին, մենք բանակցելու բան չունենք: Դիվերսանտների հետ ի՞նչ բանակցություն, դիվերսանտներին վերացնում են, ինչպես դա արեցին մերօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանն ու իր մարտական ընկերները:

    Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031