Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը սահմանին կատարվածի մասին. «Ադրբեջանցիները մատաղի նման նշում են Բաքվի դեպքերը»

Հունվար 22,2014 11:55

«Սահմանում վերջին կատարվածը ոչ թե պետք է համարենք ուղղակի ողբերգական դեպք, այլ այստեղ խոսքը հետևողական, ագրեսիվ քաղաքականության մասին է, որը անթաքույց վարում է Ադրբեջանը»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

Լարիսա Ալավերդյանը նշեց, թե պետք է հասկանանք, որ գործ ունենք ակնհայտորեն նման քաղաքական դրսևորումների հետ:

Տիկին Ալավերդյանը սահմանին կատարվածը համարում է զորավարժություններ: Այնուհետև մանրամասնեց. «Դա փորձարկում է, թե ինչպես կանդրադառնա այս ամենին միջազգային հանրությունը, մասնավորապես Մինսկի խումբը: Կարծում եմ, որ ստի վրա հիմնված և թողտվությամբ արմատ գցած թեզերն են բերել նրան, որ Ադրբեջանն իրեն նման իրավունք է վերապահում»:

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման համատեքստում քննարկելով իրավիճակը՝ տիկին Ալավերդյանը նշեց. «Այդ հանդիպումների արդյունքն է այն, որ լայնածավալ պատերազմական հնարավորությունները նման հանդիպումներով փակվում են»:

Գրականագետ Վարդան Դևրիկյանը զինվորի հերոսության մասին խոսելով հիշեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը, թե «մենք մեր միջից Մովսես ենք ծնում» ու նկատեց. «Հիմա նրանց միջից մի Մովսես ծնվեց, և այս տղան կրակը իր վրա վերցրեց: Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ ինչ ուզում է լինի, մեր ժողովուրդն ավելի բարձր է, քան մեր հասարակությունը և քաղաքական ուժերը; Խոնարհվենք մեր զինվորի առաջ, ում մտքով կանցներ, որ նան սխրանք կարելի է»:

Կատարվածի պատճառների մասին խոսելով՝ պարոն Դևրիկյանն ասաց. «Սա կապված է նաև այն բանի հետ, որ տապալի ՀՀ-ում զորակոչի ընթացքը: Թուրքիան Ադրբեջանի միջոցով անընդհատ երկրորդ ճակատ է բացում: Սա կապված էր նաև ՀՀ Մաքսային միության անդամակցության հետ»:

Լարիսա Ալավերդյանն էլ հավելեց. «Սա կապված է նաև Բաքվի դեպքերի հետ: Ադրբեջանցիները մատաղի նման նշում են զոհվածների հիշատակը, որ պետք է զոհաբերվի թշնամու շարքերից առնվազն մեկ հոգի: Այսպիսով` իրենք նշում են իրենց սուտ հորինածին երկրի համար զոհվածների օրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031