Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, որ նախկինում էլ արտահայտել է իր անհամաձայնությունը «Զվարթնոց»-ի կլոր մասնաշենքը քանդելու վերաբերյալ, երեկ ասաց. «Մենք դեռեւս սպասում էինք, որ Հանրային խորհրդի հետ այդ քննարկումները պետք է շարունակվեն։ Բայց ինչպես երեւում է, կառավարությունն ինքը գիտի իր անելիքը։ Համենայնդեպս մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի չքանդվի։ Քանդելն ամենահեշտ գործն է, եւ այդպես շատ շտապ քանդելու անհրաժեշտություն էլ չկար։ Շատ լավ օդանավակայան է սարքել Էռնեկյանը, շատ լավ է արել այդ հատվածը, բայց այսպես եթե շարունակենք, մեր ամբողջ կառուցածը պիտի քանդենք»։
Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ եթե մատնանշվում էր շինությունը պահպանելու համար պահանջվող մեծ ծախսերի անհրաժեշտությունն ու նշվում, որ դա անելն անհնար է, ապա «մաստեր պլան» կազմելուց ու քանդելու որոշում կայացնելուց առաջ պետք է այլ քայլեր ձեռնարկվեին։ «Կարող է մեկը առաջարկ աներ, կարող է մեկը գար վերցներ եւ ասեր՝ ես դա օգտագործելու եմ այս նպատակի համար, ինչպես վարվեց Գաֆեսճյանը Կասկադի հետ։ Վերջին հաշվով, ամեն ինչ չէ, որ փողային արժեքով է որոշվում։ Վերջին հաշվով կա նաեւ բարոյական կողմը»,- վրդովմունք հայտնեց ճարտարապետների միության նախագահը։
Ճարտարապետական կոթողները համատարած քանդելու մոլուցքը նրա գնահատմամբ վատ բան է, որին կարելի է հազարումի բացասական բնութագրում տալ։
Մինասյանը մտավախություն ունի, որ «Զվարթնոց»- ի հետ տեղի ունենալիքը կարող է վատ նախադեպ դառնալ, եւ բոլոր արժեքավոր շինությունները, որոնց պահպանության հետ կապված խնդիրներ առաջանան, ի վերջո կհավասարեցվեն հողին։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է այգի հիմնելու եւ այդ այգում «Զվարթնոց» օդանավակայանի՝ քանդվելու ենթակա շենքի մակետը տեղադրելու հեռանկարին, ճարտարապետը նախ նկատեց. «Նախկին այգիները չպետք է վերածվեին համատարած սրճարանների կամ ընդհանրապես բզկտվեին։ Գոյություն ունեցող, քաղաքի մեջ եղած այգիները մենք բզկտում ենք, հետո մի տեղ մի շենք ենք քանդում եւ ասում՝ պիտի այգի՞ հիմնենք։ Չկա տրամաբանություն»։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում