Ռազմական բժիշկ, ԼՂՀ Չափոռլուի զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանը Չոփռլուի զորամասից Երևան տեղափոխված նորակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանի գործով երեք ձերբակալվածներից մեկն է:
Ռազմական բժիշկը մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու և խոշտանգելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Ըստ շրջանառու տեղեկությունների, Ա. Թադևոսյանն անտեսելով երկկողմանի թոքաբորբով տառապող զինվորին, թերացել է իր անմիջական պարտականություններում, ինչի հետևանքով 18-ամյա Մհեր Խլղաթյանը գրեթե մահամերձ վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Կապիտան Արման Թադեւոսյանի պաշտպանությունն իրականացնում է ճանաչված փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում):
Կարդացեք նաև
Նա Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալը` Արման Թադևոսյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և իր ցուցմունքում հայտարարել է , որ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ նկարագրված դեպքերը չեն համապատասխանում իրականությանը: Պաշտպանն ասաց, որ Արման Թադեւոսյանը որոշակիացրել է, որ ինքը որևէ մեկին ` մասնավորապես, Մհեր Խլղաթյանին ծեծի չի ենթարկել, չի հարվածել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ