Վարչապետը ԲՀԿ պատգամավորներին պատճառաբանել է, որ առանց այն էլ ազգային տոնացույցում 116 տոն կա
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մերժել է ԲՀԿ-ի պատգամավորների առաջարկը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը եւ Վահան Բաբայանն օրենսդրական նախաձեռնության տեսքով, առաջարկել էին հանրապետության տոնացույցում
ուսանողության օր սահմանել:
Ինչպես տեղեկանում ենք կառավարության` հունվարի 23-ի նիստի օրակարգից: Հինգշաբթի օրը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստում ԲՀԿ պատգամավորներին կպատճառաբանի, թե ինչու կառավարությունը նպատակահարմար չի գտել տոնացույցում եւս մեկ տոն ավելացնել: Ըստ, կառավարության հիմնավորման. «Միջազգային օրերի եւ տոների ցանկը մեծ է: Միայն ՄԱԿ-ի ցանկում տոնական օրերի թիվը շուրջ 116 է: Մի շարք միջազգային տոնական օրեր ներառված են «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, որոնք Հայաստանի Հանրապետությունում նշվել են ավանդաբար»:
Կառավարությունը նաեւ տեղեկացնում է, որ ուսանողության օր սահմանելու վերաբերյալ առաջարկը նոր չէ եւ դեռեւս 2010 թվականի ապրիլին Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը նման առաջարկությամբ դիմել էր կառավարություն եւ ԿԳ նախարարություն: Հարցը քննարկվելուց հետո ԿԳ նախարարությունը առաջարկել է եւ 2014 թվականի հունվարի 16-ի նիստում կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մայիսի 16-ը նշել որպես ուսանողների եւ երիտասարդության օր՝ պայմանավորված Երեւանի պետական համալսարանի՝ մայր բուհի հիմնավորման օրով:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ