Այսօր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը աշխատանքային այցով Շիրակի մարզպետարանում էր: Վերջինս, ըստ էության, փակ խորհրդակցություն կամ որ ավելի ճիշտ է փակ հանդիպում անցկացրեց շիրակցի պաշտոնյաների հետ` առանց լրատվամիջոցների մասնակցության: Ու թեև լրագրողներին չէին հրավիրել, սակայն քիչ առաջ մարզպետարանի մուտքի մոտ կարելի էր տեսնել, թե ովքեր են մասնակցել աշխատանքային այդ քննարկմանը: Շիրակի փոխմարզպետները մի մեծ շքախմբով` մարզպետարանի տարբեր վարչությունների պետերի, Արթիկի, Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետերի, Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի ուղեկցությամբ ճանապարհում էին հյուրին:
Թե ինչ են քննարկել փոխվարչապետի հետ, մեզ հայտի դարձավ, որ վարչության յուրաքանչյուր պետ կարճ հաշվետվություն է ներկայացրել իր ոլորտի մասով , օրինակ` մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ինչպիսի ցուցանիշ է արձանագրվել, պետական ֆինանսավորմամբ ինչպիսի աշխատանքներ են իրականացվել քաղաքաշինության ոլորտում: Առանձին թեմա է դարձել էլեկտրոնային փաստաթղթերը շրջանառության մեջ դնելը, այսուհետ գյուղական բոլոր համայնքները նման ձևով են աշխատելու մարզպետարանի տարբեր վարչությունների հետ:
Մի խոսքով, ըստ մարզպետարանցիների, փոխվարչապետը մարզի հարկահավաքությունից դժգոհ չի մնացել, որովհետև նախորդ տարիների հետ համեմատ, այն բավականին լավ է հավաքագրվել, սակայն կարևորել է խոշոր հարկատուներից ճիշտ ժամանակին հարկերը գանձելը:
Մարզպետարանցիների ասելով, գյուղերում կան այնպիսի մեծահարուստներ, ովքեր երկար ժամանակ թաքնվել ու խուսափել են վարձակալության համար սահմանված մոտ 200-300 հազար դրամը գումար վճարելուց կամ հողի հարկերը մուծելուց, և ցավալիորեն գյուղապետերը նրանց անունները կոծկել են: Մարզպետարանի համապատասխան վարչությունները անցած տարի կարողացել են հայտնաբերել են այդպիսի հանքատերերի ու գումարը գանձել:
Կարդացեք նաև
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած պաշտոնական հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ Արմեն Գևորգյանին զեկուցել են մարզի զարգացման ծրագրի կատարման ընթացքը, որի համար պետությունը հատկացրել է 23 մլրդ 811 մլն դրամ: Խոսվել է նաև Գյումրիում ու Ախուրյանում անօթևանների բնակարանային խնդրից, արծարծվել է Մարալիկում վթարային շենքի բնակիչներին նոր շենք տեղափոխելու հարցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ