Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2013 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ սփյուռքի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ ֆինանսների, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները, ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետերը: Նրանք անդրադարձել են հաշվետու տարում գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումներին և վարչապետին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին:
Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների վերացման ուղղությամբ: Հաշվետվությունները լսելուց հետո վարչապետ Սարգսյանն անդրադարձել է 2013թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին: Զեկուցողները պարզաբանումներ են ներկայացրել հանձնարարականների ուշացումով կատարման կամ չկատարման, տարբեր վարչությունների աշխատանքի գնահատման վերաբերյալ:
Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:
ՀՀ կառավարություն