Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է «Top Ten Award» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս մրցանակաբաշխության առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում, ինչպես նաև խթանել աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման համակարգի ստանդարտների կիրառումը կազմակերպություններում:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է 2002 թվականից իրականացվող նման հեղինակավոր մրցանակաբաշխության անցկացումը Երևանում. «Նման հեղինակավոր մրցանակաբաշխությունը Երևանում անցկացնելը արդեն իսկ վկայում է միջազգային ասպարեզում մեր երկրի ու, մասնավորապես, մեր մայրաքաղաքի ունեցած հեղինակության և մրցունակ լինելու մասին: Աշխարհի զարգացած երկրներն ու քաղաքներն իրենց տնտեսությունն ու կառավարման համակարգերը ձգտում են համապատասխանեցնել միջազգային ISO 9001 ստանդարտին, քանի որ այն սահմանում է գործունեության առավել արդյունավետ կազմակերպման մեխանիզմներն ու սկզբունքները: Տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման համակարգի համապատասխանեցումը ISO 9001 սերտիֆիկացմանն իրականում քաղաքն առավել հրապուրիչ է դարձնում ներդրումային առումով: Նման հաջողված օրինակներ կան ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական մայրցամաքներում: Եվ ես համոզված եմ, որ երևանյան մրցանակաբաշխությունն իր հերթին նույնպես կավելացնի օրինակելի կազմակերպությունների թիվը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Գեյբլսմիդ» ընկերության ավագ խորհրդատու Նեիլ Սթյուարթն էլ իր հերթին, ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասները, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին հյուրընկալության ու ջերմ վերաբերմունքի համար, նշելով, որ մրցանակաբաշխության՝ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացումը ընկերության համար մեծ պատիվ է:
Քաղաքապետարանի հարկի տակ անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցել են 35 երկրներից ներկայացված շուրջ 100 կազմակերպություններ: Մրցանակաբաշխության համար որպես որակավորման պահանջ էր ընտրվել մասնակից կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը ISO 9001 ստանդարտի պահանջներին: Ըստ այդմ, «Top Ten Award» մրցանակաբաշխության փորձագետի կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացված ISO 9001 ստանդարտի պահանջների կատարման շուրջ մեկամյա աուդիտի արդյունքում քաղաքապետարանն արժանացել է ամենաբարձր գնահատականին: Սահմանված չորս՝ ոսկե, արծաթե, բրոնզե և գնահատման սերտիֆիկատ անվանակարգերից, Երևանի քաղաքապետարանին շնորհվել է «Top Ten Award» ոսկե մրցանակ: Միաժամանակ GSA բրիտանական հեղինակավոր կազմակերպության կողմից գնահատման արդյունքներով որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանին շնորհել կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր: Բացի այդ, արդյունավետ կառավարման համար «Top Ten Award»-ի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ հանձնվել է գնահատման հատուկ մրցանակ:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու մրցանակի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունը ևս մեկ հրաշալի հարթակ կդառնա գործնական նոր կապերի հաստատման ու կառավարման ոլորտում առաջավոր փորձի փոխանակման համար:
Միջազգային ստանդարտացման ոլորտում բարձր գնահատման համար մրցանակ է ստացել նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դե պաշտպանեց, էս մրցանակն էլ կստանա, էլի..ինչ ա եղել որ