-Դուք ասուլիսի ժամանակ տեղեկացրել էիք, որ ՊԵԿ-ի ընդամենը երկու հարկային տեսչությունում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 600 մլն դրամի պարտավորություն պետբյուջեի նկատմամբ։ Տպավորություն էր, թե այս դեպքին շատ հպանցիկ անդրադարձաք։ Կարո՞ղ եք ասել՝ ինչ խախտումների մասին է խոսքը։
-Ասուլիսի ժամանակ, այո, նշել եմ, որ ՊԵԿ-ի Վանաձորի և Նոր Նորքի հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով ուսումնասիրությունների արդյունքներով ձևավորվել է 600 մլն դրամից ավելի լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր: ՊԵԿ-ի հարկային տեսչություններում ուսումնասիրվել են հարկ վճարողների գործեր (առանց հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնելու) և արձանագրվել են «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների պահանջների չապահովման, ինչպես նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի սահմանած պատժամիջոցների ոչ ճիշտ կիրառման դեպքեր ու խախտումներ, որոնք հիմնականում հարկային մարմինների լիազորությունների ոչ պատշաճ իրականացման հետևանք են:
-Ինչի՞ մասին է խոսքը։
-Արձանագրված 600 մլն դրամի հարկային պարտավորությունների մեծ մասն առաջացել է հետևյալ կերպ. պետական գնումների ընթացքում ընկերությունները պետությանը մատակարարել են ապրանքներ կամ մատուցել են ծառայություններ և արդյունքում պետական բյուջեից ստացել են գումարներ։ Այդ գումարները հետագայում չեն արտացոլել հարկային հաշվետվություններում՝ թաքցնելով վճարման ենթակա հարկերը։
Կարդացեք նաև
-Արդյո՞ք ՊԵԿ-ը հնարավորություն ուներ բացահայտելու, որ ընկերությունը թաքցրել է պետությունից ստացված գումարները և չի վճարել իր հարկերը։
-Այս փաստերը մեր տեսչությունը բացահայտել է՝ համեմատելով հարկային տեսչություններում առկա տեղեկատվությունը ֆինանսների նախարարության գանձապետարանում առկա տեղեկատվության հետ՝ առանց անգամ ստուգելու կոնկրետ հարկ վճարողներին։ ՊԵԿ-ն ունի ուղիղ կապ գանձապետարանի հետ։ Յուրաքանչյուր վճարում, որ պետությունն իրականացնում է որևէ ընկերությանը, օրվա վերջում հասանելի է ՊԵԿ աշխատակիցներին։ Եվ հաշվի առնելով նաև այս պատճառը՝ ֆինանսական վերահսկողության տեսչությունն արձանագրել է, որ հենց ՊԵԿ-ի հարկային մարմինների լիազորությունների ոչ պատշաճ իրականացման հետևանքով են անտեսվել գանձապետարանից ստացված տվյալները, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե պակաս է մուտքագրվել, ինչպես տեսնում եք, բավականին շոշափելի գումար:
Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում