Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում

Հունվար 21,2014 18:16

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում ամփոփվում են 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվում 2014թ. ծրագրերը:

Հերթական խորհրդակցությունն այսօր անցկացվեց Շիրակի մարզպետարանում`մարզպետ Ֆելիքս , մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուների մասնակցությամբ:

Զեկուցվեց մարզային զարգացման ծրագրի կատարման ընթացքը: Նշվեց, որ զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել  330 միջոցառում` 23 մլրդ 811 մլն դրամ ընդհանուր ֆինանսավորմամբ: Փաստացի կատարումը կազմել է 97 տոկոս: Մասնավորապես, քաղաքաշինության ոլորտում կատարվել են  շուրջ 13 մլրդ դրամի, ենթակառուցվածքների ոլորտում` 4,8  մլրդ դրամի,  գյուղատնտեսության ոլորտում` 1,7 մլրդ  դրամի, մասնավոր հատվածի եւ ՓՄՁ զարգացման ոլորտում` 1,5 մլրդ դրամի, սոցիալական ոլորտում` 1,2 մլրդ դրամի ներդրումներ:

Արձանագրվեց, որ Գյումրի, Ախուրյան քաղաքներում, ինչպես նաեւ մարզի մի շարք գյուղական համայնքներում շարունակում է առաջնահերթ մնալ երկրաշարժի հետեւանքով  անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրը:

Քննարկվեց նաեւ Մարալիկի վթարային շենքի ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու հարցը: Փոխվարչապետը համայնքի ղեկավարին առաջարկեց մարզպետարանի պատասխանատուների  հետ  շահառու բնակիչների շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնել` խնդրին շուտափույթ լուծում տալու համար:

Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ  2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նշվեց, որ մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 99 %: 2012 թվականի  համեմատությամբ ընդամենը եկամուտների  ցուցանիշն աճել է 7.7 %-ով  կամ 407.522 հազար դրամով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 95.1, գույքահարկինը` 100.2 %-ով:

Փոխվարչապետը բավարար գնահատելով արդյունքները` ընդգծեց սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման անհրաժեշտությունը: Այս համատեքստում   նա  կարեւորեց հատկապես խոշոր հարկատուների կողմից հարկային պարտավորությունների ժամանակին կատարելու հանգամանքը:  Հունվարի 10-ի դրությամբ  միայն հողի  հարկի եւ գույքահարկի մասով  խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը մարզի համայնքների նկատմամբ  կազմում է շուրջ  28,2 մլն դրամ: Փոխվարչապետը հատկապես համայնքի ղեկավարներին հորդորեց առաջին հերթին ուշադրություն դարձնել խոշոր հարկատուների կողմից պարտավորությունների կատարմանը եւ ընթացքում համապատասխան քայլեր ձեռնարկել:

Զեկուցվեց նաեւ, որ մարզի համայնքներում արդեն ավարտվել է 2014թ. բյուջեների կազմման գործընթացը:  Ա. Գեւորգյանն առաջարկեց մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկներում սեղմ ժամկետներում  ավարտել իրավապայմանագրային ընթացիկ խնդիրների հետ կապված անհրաժեշտ աշխատանքները: Դրական համարելով, որ մարզում 2013թ. աշխատավարձերի գծով պարտքեր չեն կուտակվել`  նա  հորդորեց նաեւ կարգապահ լինել  աշխատավարձերի վճարումների  հարցում եւ ուշացումներ թույլ չտալ:

Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ մարզի համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքների մասին. Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի  119 համայնքից  54-ում, որոնցից 42 համայնք ունի նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնելու հնարավորություն: Փոխվարչապետը հորդորեց  առավել ակտիվ քայլեր ձեռնարկել` համակարգերի ներդրումն անհրաժեշտ համարելով բոլոր համայնքների համար:

Քննարկվեցին նաեւ  մարզում  գյուղատնտեսության աջակցության պետական  ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին, ինչպես նաեւ համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031