Գենդերային խտրականությունը դեռեւս խնդիր է Հայաստանում: Մեր երկրում տղաներին աղջիկներից ավելի արժեքավոր են համարում, այդ պատճառով էլ հատկապես գյուղական բնակավայրերում ընտանիքները, նահապետական սովորույթներով պայմանավորված, նախապատվությունը տալիս են տղա երեխաներին: Այսպիսի դիտարկումներ են արել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչները` «Երեխաների իրավիճակի վերլուծությունը Հայաստանում» զեկույցում: Հիմնադրամի մասնագետներն առաջարկում են աղջիկների եւ տղաների համար ստեղծել հավասար իրավունքներ եւ հնարավորություններ կյանքի բոլոր բնագավառներում, հակառակ դեպքում, ըստ ՄԱԿ-ի մասնագետների, խնդիրը կարող է ավելի բարդանալ, եթե կառավարությունը անուշադրության մատնի թեման:
«Գենդերային անհավասարությունը դրսեւորվում է տարբեր ձեւերով, տարբեր ոլորտներում, օրինակ` կրթության բնագավառում տղաների նկատմամբ նախընտրելի վերաբերմունքի եւ գենդերահեն բռնության տեսքով: Կանանց քաղաքական ներկայացվածությունը շատ ցածր է. Ազգային ժողովում կանանց թիվը եւ կին նախարարների, փոխնախարարների եւ մարզպետների թիվը չի գերազանցում ընդհանուրի 7 տոկոսը: 2012 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո 131 պատգամավորներից միայն 14-ն են կին»,-ասված է զեկույցում: Ըստ հիմնադրամի մասնագետների, երեխայի սեռով պայմանավորված` երեխայի նախածննդաբերական ընտրությունը հայ հասարակությունում առկա գենդերային խտրականության ընդհանուր հիմնախնդրի հետեւանքն է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ