Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի իրականացմանն ու ԳԱՄԿ-երի գործունեությանը վերաբերող հարցեր

Հունվար 21,2014 15:55

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի իրականացմանն ու Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) գործունեությանը վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ԳԱՄԿ-երի, մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների, մի շարք ՋՕԸ-երի ղեկավարներ, ինչպես նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, գյուղատնտեսության եւ տարածքային կառավարման նախարարությունների պատասխանատուներ:

Քննարկվեցին հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի 2014թ. պահանջարկի, ինչպես նաեւ բաշխման մեխանիզմների հետ կապված հարցեր:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ աջակցության ծրագրերն իրականացվում են արդեն երրորդ տարին եւ շարունակվելու են: Այս տարի, ըստ նրա, բացի ազոտականից, որոշվել է ներմուծել նաեւ կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութ, որոնք առավել բարձր որակական հատկանիշներ ունեն եւ կարող են նպաստել բերքատվության աճին: Նա նաեւ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի նախաշեմին կարեւորեց եւ օգտակար համարեց նման ձեւաչափի հանդիպումների անցկացումը, ինչը թույլ է տալիս քննարկել ընթացիկ հարցերը շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ:
Մարզպետարանների պատասխանատուներն այնուհետեւ ներկայացրեցին մարզերում առկա պահանջարկի վերաբերյալ նախնական գնահատականները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչեւ ուրբաթ մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումները ճշգրտված տվյալները կներկայացնեն Գյուղատնտեսության նախարարությանը: Առաջարկ հնչեց նաեւ կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերի բաշխման դեպքում մշակվող հողատարածքին ներկայացվող սահմանափակումները չկիրառել:

Միաժամանակ փոխվարչապետը տեղեկացրեց, որ 2015թ. պահանջարկի գնահատումը պետք է կատարվի ավելի վաղ` արդեն այս տարվա աշնան վերջին, որպեսզի հնարավոր լինի սահմանված կարգով իրականացնել գնման ընթացակարգերը:

Ներկաներն իրենց մոտեցումները հայտնեցին նաեւ սերմացուի բաշխման մեխանիզմների վերաբերյալ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջին վերարտադրության սերմացուի բաշխումն իրականացնել կանխիկ վճարումների դիմաց` ինչպես պարարտանյութի եւ դիզվառելիքի պարագայում: Բացի այդ, առավել նպատակահարմար գտնվեց սերմացուի բաշխումը կազմակերպել ԳԱՄԿ-երի միջոցով: Ըստ փոխվարչապետի` նման մեխանիզմի կիրառումը հնարավորություն կտա, որպեսզի ԳԱՄԿ-երի մասնագետների կողմից, սերմացուի բաշխումից բացի, շահառուներին նաեւ անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրվի: Նա նաեւ Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին առաջարկեց քննարկել ԳԱՄԿ-երի միջոցով բաշխումն իրականացնելու վերջնական նպատակահարմարության հարցը եւ գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

Օրակարգի երկրորդ հարցի հետ կապված գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության աջակցության հանրապետական եւ մարզային կենտրոնների գործունեության բարելավման հայեցակարգը, որը վերջերս հավանության է արժանացել կառավարության կողմից:

Խորհրդակցության մասնակից ԳԱՄԿ-երի ղեկավարները ներկայացրեցին առկա իրավիճակն ու կենտրոնների զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ թեմային անդրադարձ կկատարվի երկու շաբաթ անց` քննարկելու համար ԳԱՄԿ-երի ռազմավարությունը, ինստիտուցիոնալ զարգացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման հնարավորությունները` հաշվի առնելով շուկայի պահանջները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031