Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը (World Report 2014) աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որում առանձին բաժիններով անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, բանակում չարաշահումների, խոսքի ազատության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներին: Human Rights Watch-ի զեկույցի` Հայաստանի մասը civilnet.am-ի թարգմանությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց փետրվար ամսին, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքեց ձայների գերակշռող մասը մայիսին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Թեև երկու ընտրություններն էլ, ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված, այնուամենայնիվ, երկուսն էլ ստվերվել էին ընտրողների հանդեպ գործադրված ճնշումների, ընտրակաշառքի, գործող թեկնածուների օգտին վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքացիների բողոքների նկատմամբ ոստիկանության արձագանքի բացակայության մասին զեկույցներով:
Ոստիկանությունում պահվող անձանց նկատմամբ շարունակվում են վատ վերաբերմունքի դեպքերը: Կառավարությունը դեռևս չի առաջարկել որևէ իրական քաղաքացիական այլընտրանք այն զինապարտների համար, որոնք, խղճի շարժառիթներով պայմանավորված, հրաժարվում են զինվորական ծառայությունից: Իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել բանակում մտահոգիչ քանակությամբ ոչ մարտական մահացության դեպքերի վերաբերյալ: Քննության չեն առնվել նաև խաղաղ ցուցարարների վրա կազմակերպված անհայտ սադրիչների հարձակումները:
Հեռարձակվող ԶԼՄ-ների շրջանում առկա է բազմակարծության պակաս, և տարվա ընթացքում լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ բռնության և ոտնձգության մի քանի միջադեպեր են պատահել: Լուրջ խնդիր են սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված ճնշումները և խտրականությունը ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական գործիչների կողմից: Բյուրոկրատական սահմանափակումները խոչընդոտում են ուժեղ ցավազրկող դեղորայքի հասանելիությունն անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար:
Կարդացեք նաև
Հավաքների ազատություն և հարձակումներ ակտիվիստների վրա
Oգոստոսին, ոստիկանությունը ուժ է կիրառել` ցրելու Երևանի կենտրոնում հավաքված մի խումբ քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների, ովքեր պահանջում էին դադարեցնել բարձրահարկ շենքի կառուցումը քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը կարճ ժամկետներում բերման է ենթարկել շուրջ 26 ցուցարարների` նրանցից առնվազն մեկին ծեծի ենթարկելով ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին: Վերջինս անհապաղ հոսպիտալացման կարիք է ունեցել: Հոկտեմբերին Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը հանգել է այն եզրակացության, որ ոստիկանությունը դիմել է անհամաչափ ուժի գործադրման, սակայն նրանց նկատմամբ սույն զեկույցի հրապարակման պահին որևէ կարգապահական տույժ դեռևս չի կիրառվել:
Սեպտեմբերին Երևանի խաղաղ ցուցարարների հանդեպ տեղի է ունեցել հարձակումների տարափ, որն ըստ երևույթին, ձեռնարկվել է բնակչությանը հուսալքելու և նրանց մասնակցությունը երկու խաղաղ բողոքի ակցիաներին կանխելու նպատակով: Սեպտեմբերի 5-ին, մոտ վեց անհայտ սադրիչներ հարձակվել են քաղաքացիական հասարակության հայտնի ակտիվիստներ` Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի վրա, երբ նրանք վերադառնում էին Հանրապետական կուսակցության շտաբի դիմաց անցկացվող խաղաղ ցույցից, որտեղ վերջիններս բողոքում էին ընդդեմ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության:
Սաղաթելյանը ստացել էր քթի կոտրվածք, նրան անհրաժեշտ էր վիրաբուժական միջամտություն և հոսպիտալացում: Արշամյանին ցուցաբերվել է բժշկական օգնություն բազմաթիվ մարմնական վնասվածքներ ստանալու պատճառով: Սեպտեմբերի 4-ին, քաղաքապետարանի շենքի դիմաց անցկացվող քաղաքային տրանսպորտի գնի ժամանակավոր բարձրացման դեմ կազմակերպված նստացույցից հեռանալուց հետո ակտիվիստ Արման Ալեքսանյանը ենթարկվել է հարձակման մոտ 10 անհայտ սադրիչների կողմից: Բազմաթիվ վնասվածքներով և գլխի տրավմայով` նա անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Օգոստոսի 25-ին, մոտ վեց անհայտ անձինք հարձակում են գործել երկու ակտիվիստներ` Բաբկեն Տեր-Գրիգորյանի և Միհրան Մարգարյանի վրա քաղաքապետարանի շենքի մոտ անցկացվող նստացույցից հեռանալուց անմիջապես հետո: Այս պահին հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:
Մեծացել է Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական իրավապաշտպան կազմակերպության նկատմամբ ազգայնական խմբերից հնչող սպառնալիքների թիվը, ներառյալ ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանությունները, որտեղ վերջիններս սպառնացել են պայթեցնել կենտրոնը և կտրել ակտիվիստների կոկորդները: Չնայած այն հանգամանքին, որ այս սպառնալիքները փոխանցվել են ոստիկանությանը, սույն զեկույցի հրապարակման պահին իշխանությունները դեռևս հետաքննություն չէին իրականացրել:
Նոյեմբերին, ձերբակալվել են ընդդիմության ղեկավար Շանթ Հարությունյանը, ինչպես նաև 13 ակտիվիստներ, երբ վերջիններս բախվել են ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ` դեպի նախագահական նստավայր երթ կատարելու փորձի ժամանակ: Իշխանությունները պնդում են, որ խումբը մտադիր է եղել բռնի կերպով գրավել շենքը: Զեկույցի հրապարակման պահին բոլոր ձերբակալվածները գտնվում էին նախնական կալանքի տակ և մեղադրվում իշխանությունների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Հարությունյանը հայտարարել է, որ կալանքում գտնվելու ժամանակ ոստիկաններն իրեն ենթարկել են ֆիզիկական խոշտանգումների, սակայն իշխանությունները սույն պնդումները քննության չեն առել: Նոյեմբերի վերջին, երևանյան դատարաններից մեկը պահանջել է Հարությունյանին տեղափոխել հոգեբուժական հաստատություն` հարկադիր փորձաքննության ենթարկելու նպատակով:
Խոշտանգում և վատ վերաբերմունք
Ըստ տեղական իրավապաշտպանների` ոստիկանությունում ձերբակալված անձանց նկատմամբ շարունակվում են խոշտանգումներն ու վատ վերաբերմունքի դեպքերը, և խոշտանգման սահմանումը Հայաստանի օրենքում չի համապատասխանում միջազգային չափանիշներին, քանզի այն չի ներառում պետական պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները: Իշխանությունները հաճախ հրաժարվում են քննության առնել վատ վերաբերմունքի մասին վկայող հայտարարությունները կամ ստիպում են քաղաքացիներին ետ վերցնել իրենց բողոքները: Ոստիկանությունը խոշտանգումներ է կիրառում` կասկածյալներից և ականատեսներից խոստովանական ցուցմունքներ և մեղադրական հայտարարություններ կորզելու նպատակով:
Օրինակ, Արթուր Կարապետյանը` ձերբակալված 2012թ. հոկտեմբերին, թմրամիջոցների ապօրինի տարածման մեղադրանքով, բողոքել է կալանքում ոստիկանների կողմից խոշտանգումների ենթարկվելու մասին: Ըստ նրա փաստաբանի` Կարապետյանը ցույց է տվել նրան իր ոտքերի վրայի վերքերը, որոնք, իր խոսքերով, ծեծի հետևանք էին: Թեև Կարապետյանին ազատ են արձակել դեկտեմբերին, իսկ 2013թ. ապրիլին` հանել նրա նկատմամբ եղած բոլոր մեղադրանքները, ոստիկանությունը պատշաճ քննության չի ենթարկել վատ վերաբերմունքի մասին նրա պնդումները:
2012թ. նոյեմբերին, Մհեր Անդրեասյանն առաջին ատյանի դատարանում վկայել է, որ դաժան ծեծի է ենթարկվել Երևանի ոստիկանների կողմից կողոպուտի մեղադրանքով ձերբակալվելուց հետո: Անդրեասյանը հայտնել է, որ, այլևս ի վիճակի չլինելով դիմանալ շարունակական տանջանքների` փորձել է ինքնասպան լինել, գլխի օգնությամբ կոտրելով քննիչի գրասենյակի պատուհանը և փորձելով դուրս ցատկել, սակայն ոստիկանները կանխել են նրա փորձը: Թեև մարտին Երևանի դատարանը հանել է փախուստի փորձ կատարելու մեղադրանքն Անդրեասյանից, վերջինիս պնդումներն իր հանդեպ գործադրված բռնության մասին քննության չեն առնվել:
Չարաշահումները բանակում
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զեկուցել է հոկտեմբերի 31-ի դրությամբ բանակում տեղի ունեցած ոչ մարտական մահացության առնվազն 29 դեպքերի, այդ թվում` 7 ինքնասպանությունների մասին: Տեղական իրավապաշտպան խմբերը փաստագրել են, որ Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով չի հետաքննել, չի բացահայտել ոչ մարտական մահվան դեպքերի հանգամանքները և չի պատճառաբանել բռնության փաստերը, որոնք առկա են եղել որպես ինքնասպանություն որակված մահվան դեպքերում:
Հունիսին, Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքում` այլընտրանքային աշխատանքային ծառայությունից զինվորական վերահսկողությունը վերացնելու և ծառայության ժամկետները 42-ից մինչև 36 ամիս նվազեցնելու նպատակով: Տեղական ակտիվիստները բարձրաձայնել են այս փոփոխությունների առթիվ իրենց մտահոգությունները` այդ թվում նշելով որոշումների կայացման մեջ Պաշտպանության նախարարության շարունակվող դերի, ընտրության ոչ հստակ չափանիշների, ինչպես նաև ծառայության ժամկետի վերաբերյալ, որն ամեն դեպքում ավելի երկար է քան պարտադիր զինվորական ծառայությունը: Նոյեմբերի կեսերի դրությամբ, 33 Եհովայի վկաներ, որոնք դատապարտվել էին այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու համար, ազատ են արձակվել և, այնուամենայնիվ, պարտադրված են եղել այլընտրանքային ծառայություն անցնել:
Խոսքի ազատություն
Հայաստանում գործում են բազմազան տպագիր և առցանց լրատվամիջոցներ, սակայն հեռարձակվող լրատվամիջոցների շրջանում առկա է բազմակարծության պակաս: Այսպես, օրինակ, Հայաստանի 13 հեռուստաընկերություններից միայն մեկն է իրականացնում քաղաքական թոք-շոուների ուղիղ հեռարձակում: Միջազգային դիտորդները նշել են, որ նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումները ԶԼՄ-ների կողմից լուսաբանվել են «խտրական մոտեցման» դրսևորումով և ընտրությունների անցկացման վերաբերյալ քննադատական տեսակետների զգալի սահմանափակումներով:
Տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգի խումբ հանդիսացող Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հաղորդել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների վեց միջադեպերի մասին, որոնք արձանագրվել են 2013թ. առաջին կիսամյակի ընթացքում: Մի դեպքում, մի քանի երիտասարդներ բռնի կերպով խոչընդոտել են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Համբարձումյանին` արձանագրելու Արտաշատում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցող քվեատուփերի լցոնումը: Հունիսի դրությամբ, հանձնաժողովը փաստագրել էր լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ գործադրված ճնշումների 34 միջադեպեր:
Համաձայն Amnesty International-ի օգոստոսյան զեկույցի` պետական պաշտոնյաները հաճախ արդարացնում են ԼԳԲՏ անձանց նկատմամբ կատարված բռնարարքները` դրանց բնութագրելով որպես «ավանդական արժեքների» արտահայտություն: Հուլիսին, Հայաստանի ոստիկանությունը հանդես է եկել վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկությամբ, այն է` սահմանել մինչև 4,000 ԱՄՆ դոլարի չափով տուգանք «ոչ ավանդական սեռական հարաբերություններ խրախուսելու համար»: Առաջարկությունը հետագայում հետ է կանչվել:
Հուլիսին, Երևանի դատարանը դատապարտել է երկու անձանց` 2012թ. մայիսին մասնավոր սեփականությանը վնաս հասցնելու մեղադրանքով: Վերջիններս ռումբ էին նետել DIY բարի վրա, ուր հաճախ էին այցելում ԼԳԲՏ և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ: Պատկերված գրաֆիտին վկայում էր, որ հարձակման թիրախում են եղել ԼԳԲՏ մարդիկ: Հարձակվողներից մեկը դատապարտվել է 19 ամսվա ազատազրկման, իսկ մյուսը` երկու տարվա պայմանական ազատազրկման: Նրանք երկուսն էլ համաներում ստացան հոկտեմբերին: Նրանց նկատմամբ չափազանց մեղմ պատիժ սահմանելու կապակցությամբ իրենց վրդովմունքն են արտահայտել տեղական իրավապաշտպան խմբերը: Հայաստանում բացակայում է ատելություն պարունակող խոսքի վերաբերյալ օրենսդրություն:
Թարգմանությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում