Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը 6 ամիս առաջ չէր խոսում. ակտիվիստ

Հունվար 21,2014 15:25

ՕԵԿ կուսակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ վերջին մեծ հանրահավաքի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աղմկոտ հարցազրույցների միջեւ կապ է տեսնում:

«Հետաքրքիր էր այն փաստը, որ հանրահավաքը ժամանակային առումով համընկավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների հետ, որտեղ նա ներկայացրեց իր մոտեցումները: Այս հարցազրույցները դիտարկում ենք քաղաքական կյանք մուտք գործելու հայտ եւ այդ առումով դիրքորոշումների արտահայտում: Իհարկե, գաղտնիք չէ, որ երկրորդ նախագահի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հարաբերությունները բավական մոտ են, ունեն պատմություն եւ մի շարք պատգամավորներ երկու կուսակցություններից էլ անմիջապես դրական արտահայտվեցին Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց պարոն Շահգելդյանը:

Պարոն Շահգելդյանը Քոչարյանի` քաղաքական դաշտ մուտք գործելու եւ նրա հարցազրույցների ու մեծ հանրահավաքի մասին չցանկացավ ծավալվել, միայն ասաց. «Իմ դիտարկումները ներկայացրի: Այսքանը: Կտեսնենք` ինչպիսին կլինեն զարգացումները»:

ՕԵԿ-ն արդեն երրորդ քաղաքական ուժն է, որը կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի դեմ կազմակերպված մեծ հանրահավաքը կապում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հիշեցնենք` որ Քոչարյան-հանրահավաքի կապի մասին ավելի վաղ կարծիք էին հայտնել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու ՍԴՀԿ-ն:

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամ, անկուսակցական Տիգրան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես կապ չունի իրենց պայքարի հետ, առավել եւս` վերջին մեծ հանրահավաքի հետ: Ըստ նրա, նման հայտարարությունները անտրամաբանական ու իրականությունից հեռու հայտարարություններ են. «Նման բան չկա, արդեն վեց ամիս է՝ այս պայքարը կար, եւ եթե Քոչարյանն այդ խնդրին տեղյակ էր, իր օրոք էր քննարկվել այդ խնդիրը, ինչո՞ւ մինչեւ հիմա չէր արտահայտվում: Նա կարող էր իր կարծիքը հայտնել սոցիալական խնդիրների վերաբերյալ, նորմալ է, դա կապել հետին ուժերի հետ, մութ պատմություններ ստեղծելը տրամաբանական չէ»:

Նա չհամաձայնեց, որ ԲՀԿ-ն է կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ հանրահավաքները մարդկանցով ապահովում. «Այդ հարցին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ: Այդպես չէ»:

Տիգրանը չի կարծում, որ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքացիական նախաձեռնությանը պայքարը կկուսակցականացնի. «Մեր ակցիաներին մասնակցել են ոչ թե կուսակցությունները, այլ ԱԺ խմբակցությունները, իսկ տարբերությունը մեծ է: ԱԺ խմբակցությունները ներկայացնում են խնդիրը պետական ատյաններում` ԱԺ-ում, ՍԴ-ում: Իսկ կուսակցությունները կարող են իրենց աջակցությունը հայտնել կամ չհայտնել, ոչ մեկը դրան դեմ չէ»:

Կուսակցական մասնակիցների` «Սերժիկ հեռացիր, Սերժիկ հանցագործ» ու նմանատիպ կարգախոսներն էլ նախաձեռնության անկուսակցական անդամների միջեւ թեթեւակի տարաձայնությունների պատճառ են դառնում, բայց ըստ Տիգրանի. «Դա թեմա չէ: Բնական է` այսօրվա սոցիալական վիճակից ելնելով, Սերժիկ հեռացիր կարգախոսը ակտուալ է: Ես չեմ կարծում, որ նախագահ, վարչապետ կամ այլ պաշտոնյա փոխելով, հարց է լուծվելու: Պետք է մեխանիզմներր մշակել, որ հասարակությունը ունենա հնարավորություն` այդ մեխանիզմները կիրառելով, ցանկացած իշխանության պարտադրի իր կարծիքը, կարողանա իր մտահոգությունները առաջ տանել եւ մինչեւ վերջ տեղ հասցնել»:

Տիգրան Մարտիրոսյանի խոսքով, ժամանակը ցույց կտա` քաղաքական ուժերի ամենաակտիվ գործիչների մասնակցությունը կօգնի,՞ թե՞ կխանգարի իրենց պահանջների բավարարմանը հասնելու համար ու չցանկացավ իրենց եւ 150 դրամի դեմ պայքարի միջեւ զուգահեռներ տանել. «100 դրամի պայքարը դեռ շարունակվում է, քանի որ հարցը վերջնականապես չի լուծվել: Նրանք ընտրել են այդ ճանապարհը, մենք այս ճանապարհը, տեսնենք՝ որը ավելի լավ արդյունք կտա (նկատի ունի, որ 150 դրամի դեմ պայքարը չկուսակցականացված էր): Հետո պարտադիր չէ, որ բոլոր խնդիրների լուծման համար նույն ուղղություններն ընտրվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031