Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հակոբյան. «Բա ո՞ւր էին այդ ազգի քաղաքական ուղեղները»

Հունվար 21,2014 14:52

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ներկա է եղել ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հունվարի 18-ին կազմակերպված հանրահավաքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: «Ես գնացել էի՝ որպես ՀՀ քաղաքացի: Ուզում էի հասարակության քաղաքական զարկերակը շոշափել,- ասում է Դ. Հակոբյանը,- և, անկեղծ ասած, չէի սպասում մարդկանց այդպիսի մեծ քանակություն, ոչ ոք չէր սպասում: Մարդաշատ հանրահավաքը ցույց տվեց, որ հասարակությունը բարոյաքաղաքական վերելքի մեջ է»:

Դ. Հակոբյանն ասաց, որ ինքը ևս մեծ ցանկություն է ունեցել ելույթ ունենալու. «Որևէ մեկը չէր կարող դա ինձ արգելել, բայց հիասթափությունս այնքան մեծ էր, որ մի պահ հիշեցի Պոմպեոսի հայտնի խոսքը՝ բանը հասավ դեղնակտուցներին, քաղաքական անչափահասներին: Ես գլուխ եմ խոնարհում մեր երիտասարդության առաջ, բայց հարց է առաջանում՝ բա ո՞ւր էին այդ ազգի քաղաքական ուղեղները: Ինչպե՞ս կարելի է ասել, թե երիտասարդներն են կազմակերպում՝ իրենց սոցիալական շահերը պաշտպանելու համար, և մենք միայն, այսպես կոչված, հովանավորների, աջակիցների դերում ենք: Դա ազգային ողբերգություն է, խայտառակություն: Երիտասարդությանը ոչ թե աջակցել, այլ առաջնորդել է պետք, իսկ պիղծ շիրմայի տակ թաքնվել, թե, իբր, կազմակերպողը երիտասարդությունն է, արդեն ողբերգության աստիճանի խեղկատակություն է»,- համոզված է Մարքսիստական կուսակցության նախագահը:

Լրագրողները խնդրեցին պարզաբանել, թե դեղնակտուց ասելով ում նկատի ունի Դավիթ Հակոբյանը: «Խոսքը վերաբերում է երիտասարդ քաղաքական գործիչ հասկացությանը, երբ պառլամենտարիզմի ինստիտուտը երեք հազար դոլար վճարում է քաղաքական գործիչներին, որպեսզի դառնան գաղափարական մոդուլատոր»,- ասաց բանախոսը:
Դ. Հակոբյանի ուշադրությունը գրավել են նաև հանրահավաքի՝ նրա բնորոշմամբ՝ տհաս կարգախոսները. «Երիտասարդները թերթի վրա գրված տրաֆարետային ճառեր էին ասում, ասում են՝ ոչ, և բացարձակ ոչ մի մեկնաբանություն, թե ինչու ոչ, բայց դա դեռ ոչինչ. ամենաողբերգականը քաղաքական ուժերի կարգախոսներն էին՝ «Մենք չենք պայքարում իշխանափոխության համար, մենք սոցիալական խնդիրների և մարդկանց իրավունքների պաշտպանն ենք» և այլն, և այլն: Շատ կներեք, բայց սոցիալական քաղաքականությունը տնտեսական քաղաքականության ածանցյալն է, իսկ տնտեսական քաղաքականությունը քաղաքական գաղափարախոսության ածանցյալն է: Այդ ինչպե՞ս եք դուք միայն սոցիալական հարցերով զբաղվում, հասարակական կազմակերպությունների ֆունկցիա կատարում, ամեն ամիս երեք հազար դոլար կորզում հայ ժողովրդի գրպանից: Հիմա գրպանահատները դո՞ւք եք, թե՞ կառավարությունը»,- հարցնում է կուսակցության նախագահը:

Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին՝ Դ. Հակոբյանն այն համարեց ոչ միայն տնտեսական հանցագործություն, այլև ուղղակի ծաղր ու ծանակ ազգային արժանապատվության նկատմամբ և հավելեց. «Դեռ խորհրդային հասարակության մասն ենք կազմում, դեռ կրթության ցենզ ունենք, այդ ո՞ւմ եք խաբում, ո՞ւմ մայլեն եք քյանդրբազություն անում, մեծարգո´ կառավարության ներկայացուցիչներ: Իսկ հատկապես պառլամենտական երկու ֆավորիտային ուժերի՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի ամենամեծ խեղկատակությունը գիտե՞ք՝ որն է, այն, որ քննադատության սլաքներն ուղղում են վարչապետի վրա: Պարոնա´յք, տնտեսական և սոցիալական քաղաքականության գլխավոր ստրատեգը նախագահն է, վարչապետը կատարող անձ է, մեծ վեզիր: Ինչո՞ւ այդ ֆավորիտային կուսակցություններն իրենց քննադատության սլաքները չեն ուղղում նախագահին: Նշանակում է՝ պիղծ նպատակներ են հետապնդում այդ միտինգային դեմոկրատիայի ջատագովները:

Կենսաթոշակային այս քաղաքականությունը ես համարում եմ հանցագործ քաղաքականություն, իսկ սերունդների թոշակների համար մտահոգությունը՝ պիղծ մտահոգություն, խաբեություն, ուղղակի գործամոլական նոր թափով կապիտալ հավաքելու գործընթաց, ուրիշ ոչինչ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031