Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայում սպասվող ընտրություններին, եթե ընդդիմադիր ազգայնականները հաղթեն, հայ համայնքի վիճակը կվատթարանա. Արտակ Շաքարյան

Հունվար 21,2014 14:48

«Եթե իշխանությունը մնա «Արդարություն եւ զարգացում կուսակցության» (ԱԶԿ) ձեռքերում, ապա էական փոփոխություններ չեն լինի, սակայն, եթե 2015-ի ընտրություններում էլ ընդդիմադիրները, ովքեր ազգայնական են, հաղթանակեն, ապա հայկական համայնքի վիճակը կվերադառնա 90-ականներ՝ շատ ավելի տխուր, քան այսօր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով 2014 թվականին Թուրքիայում սպասվող ընտրություններին. մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին հաջորդելու են օգոստոսին նախագահական ընտրությունները, իսկ 2015 թվականին արդեն տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Ի դեպ, այս տարի Թուրքիայում առաջին անգամ են անցկացվելու նախագահական ընտրություններ. մինչ այդ նախագահին ընտրում էր խորհրդարանը:

Պարոն Շաքարյանի խոսքերով՝ հայ համայնքը վերջին տարիներին կայուն կերպով քվեարկել է ԱԶԿ-ի օգտին, քանի որ նա համեմատաբար ավելի հանդուրժող քայլեր է կատարել, սակայն չի բացառում նաեւ հակառակը.
«Այս օրերին շատ հնարավոր է, որ Էրդողանին հակակշռելու համար հայ համայնքն, օրինակ՝ Ստամբուլի ընտրություններում, ձայն տա ընդդիմադիր թեկնածուին: Այլապես՝ չբալանսավորված Էրդողանը շատ անտրամաբանական քայլեր է անում»:

Պարոն Շաքարյանը կարծում է, որ ընտրություններում ԱԶԿ-ին այլընտրանք չկա, քանի որ գործող մյուս կուսակցությունները իրենցից մեծ ուժ չեն ներկայացնում. «Ըստ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածի, Թուրքիայի նախագահը պետք է հրաժարվի իր կուսակցական պատկանելությունից: Էրդողանը ծրագրում է դառնալ նախագահ, իսկ այդ դեպքում ԱԶԿ-ի առաջնորդ լինելու գլխավոր թեկնածուն կմնա Գյուլը, քանի որ Էրդողանը իրեն հաջորդող չի պատրաստել դեռևս»:

Մեր այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայում սպասվելիք ընտրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, պարոն Շաքարյանը կարծում է, որ էականորեն՝ ոչ մի.
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կախված են Անկարայի ռազմավարական շահերից, ոչ թե անձերից: Բայց ամեն դեպքում, բնականաբար, եթե որևէ հրաշքով ժողովրդահանրապետականները անցնեն իշխանության 2015թ. խորհրդարանական ընտրություններին, ապա, բնականաբար, Թուրքիան կվերցնի առավել ցցուն ադրբեջանամետ ու հակահայ քաղաքականություն»:

Ամի Չիչակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031