ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անձնական եւ ծանոթների դիտարկումներից ելնելով՝ օրինաչափություն է նկատել՝ Ամանորից հետո ավելանում է մահացությունների թիվը. «Ամեն օր լսում եմ ծանոթներիցս, որ թաղման են գնալու կամ հոգեհանգստի»: Որպես այս տխուր օրինաչափությունից դուրս գալու ելք՝ Պարույր Հայրիկյանը առաջարկում է դադարեցնել ամանորյա «ուտուշ-խմուշները» եւ Սուրբ Ծննդից առաջ պահք պահել:
«Առողջության մասին խոսակցությունները երկրորդական չեն՝ մարդու թե ազգի առողջության»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասեց Պարույր Հայրիկյանը եւ նկատեց, որ քաղաքական ուժերի գործն էլ ազգի առողջության մասին հոգ տանելն է: Իսկ հայ ազգի դեմ, ըստ ԱԻՄ առաջնորդի, «ռուսական իմպերիալիզմը պատերազմ է հայտարարել, լուրջ արշավ է սկսվել»:
ԱԻՄ առաջնորդի պատկերացմամբ ՝ Հայաստանում գործող կուսակցությունները, բացի, բնականաբար ԱԻՄ-ից, «ԿԳԲ-ի մասնաճյուղերն են»: «Եթե իրար խստորեն քննադատող ուժերը վերջում համաձայնության են գալիս, որ արտաքին քաղաքականության ոլորտում նշանակումներ կատարվեն, դա նշանակում է, որ կա մի ավելի բարձր ուժ՝ ԿԳԲ-ն: Եթե կուսակցությունը հայտարարում է, որ Մաքսային միությանը կողմ է, ուրեմն աշխարհը վերջացավ այդ կուսակցության համար: Եթե ասում է՝ Մաքսայինին դեմ եմ, բայց դուրս է գալիս պայքարի գազի պայմանագրի եւ կուտակային կենսաթոշակի դեմ, ուրեմն նրանք ԿԳԲ-ի գործակալներ են, եւ նրանց հետ համագործակցությունը մեզ համար ոչինչ է: Եթե մարդիկ վախենում են վանկարկել «Ազատ, անկախ Հայաստան եւ ասում են՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ», դա անհեթեթություն է, ի՞նչ վերջ, ո՞ւմ վերջը…»,-ասում է նա: Այս ամենը նա նկատել էր հունվարի 18-ի «հակակուտակային» հանրահավաքի ընթացքում, որը, նրա խոսքերով, գնում էր «ժողովրդի համար կարեւորագույն հարցերը նսեմացնելու ճանապարհով»: «Հետեւանքը դարձել էր առաջնային: Մտրակակրի դեմ պայքարելու փոխարեն պայքարում են մտրակի դեմ: Օրենքները լինում են որպես մտրակ կամ սկուտեղի վրա մատուցված բարիք: Կուտակայինը որպես մտրակ էր, եւ իրենք պայքարում են մտրակի դեմ, ու չեն հիշում մտրակակրին: Մաքսային միության մասին ոչ մի խոսք չասացին»:
Ըստ Հայրիկյանի՝ ՀՀ երեք նախագահներն էլ ցույց են տվել իրենց դեմքը՝ ԿԳԲ գործակալ լինելը: Լեւոն Տեր-Պետրոսյանը «իր դեմքը բացեց» 1996-ին, թեեւ դեռ 1991-ին էին աիմականները տեսել այդ դեմքը, իսկ որոշ «հիմարներ» մինչեւ հիմա էլ ասում են, թե 1991-ին արդար ընտրություններ են եղել, իսկ 1996-ին՝ ոչ: Ռոբերտ Քոչարյանն իր դեմքը ցույց է տվել «Գույք պարտքի դիմաց» ծրագրով, եւ բնականաբար մարտի 1-ով: «Երբ 1988-ին Խաչիկ անունով լուսանկարիչը սպանվեց, դա սարսափելի երեւույթ էր, մարդիկ մեքենաներով դուրս էին եկել փողոց, շչակները միացրել էին: Իսկ նա 2008-ին տաս մարդ սպանեց, եւ հիմա համարձակվում է խոսել քաղաքականություն վերադառնալու մասին: Երրորդ նախագահի արածն էլ ակնհայտ է՝ սեպտեմբերի 3-ին նա նույնպես ցույց տվեց իր դեմքը: Այն կուսակցությունները, որոնք կողմ են երեք դիկտատորների միավորմանը (Պուտին-Լուկաշենկո-Նազարբաեւ) միանալուն՝ ԿԳԲ գործակալներ են»,- հայտարարեց «անկախության համար արդեն 50 տարի պայքարող» Հայրիկյանը:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ