Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն այսօր «Տեսակետ» ակումբում անդրադարձան հայկական կայքերը «կոտրած» ադրբեջանական ցանցահեններին (հաքերներին): Նաեւ խոսեցին այն մասին, թե ո՞րն է նրանց այդ քայլերի ուղերձը, ի՞նչ կարելի է սպասել հետագայում եւ որո՞նք են մեր պատասխան քայլերը՝ տեղեկատվական պատերազմների համատեքստում ընդհանրապես:
Սամվել Մարտիրոսյանը խոսելով վերջին դեպքերի մասին՝ նշեց. «Դա կոչվում է սեզոնային սրացում, ադրբեջանցիների մոտ հունվարի 20-ը ստանդարտ օր է, իրենք նախօրոք նախապատրաստվում են: Դրա համար նախորդ օրերին հարձակումները համարյա զրոյացել էին: Հունվարի 20-ը իրենք կոչում են «սեւ հունվար», դա այն օրն է, երբ Խորհրդային բանակը հայկական ջարդերից հետո մտավ Բաքու եւ զոհվեցին ադրբեջանցիներ: Ամենայն հավանականությամբ էլի մի երկու շաբաթ այս ամենը կշարունակվի: Հաջորդ հարձակումը կլինի փետրվարի 26-28-ը»: Տեղեկատվական անվտանգության մասնագետը հավելեց, որ այս գիշեր էլ հայկական հաքերներն են 13 կայք կոտրել, ինչը յուրօրինակ պատասխան էր հայկական սահմանին զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի զոհվելու, «կոտրված» ադրբեջանական կայքերի վրա հայ հաքերները զոհված սերժանտի նկարն են տեղադրել:
«Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը փաստեց, որ կայքերի այս անգամվա գրոհից մի բան է պարզվել. կայք «գրող» ընկերություններից մեկը ուներ խոցելիություն, եւ հենց նույն ընկերության ստեղծած կայքերն են հիմնականում «կոտրվել»: Պարոն Սաղյանը, սակայն, դա ողբերգություն չի համարում: Նա ասաց, որ Հայաստանում արդեն սկսել է գործել մի ոչ պաշտոնական խումբ, որը կազմակերպում է վեբ-կայքերի հետ կապված սեմինար՝ կայքերը գրագետ ստեղծելու հարցում օգնելու միտումով:
Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ կարեւորը «կոտրվող» կայքերի քանակը չէ, այլ որակը: Նրա խոսքով, վերջին շրջանում թիրախ են դառնում հատկապես ԼՂՀ պաշտոնական կայքերը. «Արցախի պետական ցանցը տխուր վիճակում է, հինգ կայք հարձակման թիրախ է դարձել…Արցախի պետական կայքերը պահանջ ունեն պաշտպանելու»: Դրանց թվում է ԼՂՀ ոստիկանության կայքը:
Պարոն Սաղյանը կարծում է, որ շատերի վերաբերմունքը իր իսկ ընկերության կայքի նկատմամբ լուրջ չէ, նրանք իրենց կայքը չեն ընկալում իբրեւ ընկերության դեմք, լուրջ ուշադրություն չեն դարձնում, գումարներ չեն ծախսում, որ կայքը լինի պաշտպանված:
Սամվել Մարտիրոսյանը փաստում է, նախկինում Հայաստանում էլ պետական կայքերը երկու-երեք ամիսը մեկ կոտրում էին, 2009-ի սեպտեմբերին անգամ ՀՀ կառավարության կայքն էին «կոտրել», հիմա վիճակը բարվոք է:
Կարդացեք նաև
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ տեղեկատվական անվտանգության մասնագետը հայտնեց, որ թուրքական հաքերները հայկական ուղղությամբ պասիվացել են, անցյալ տարի ընդհանրապես թուրքական կողմից հարձակում չի եղել: Դա, ըստ մասնագետի, պատճառ ունի. «Գոյություն ունի Սիրիա, իրենց ուշադրությունն այդ կողմ է ուղղված, բայց դեպի 2015-ը էլի կսկսեն հիշել մեր մասին»:
Ինչ վերաբերում է DDoS հարձակմանը, Մարտիրոսյանն այն «մուխանաթ» է որակում, ասում է. «Այդ դեպքում չգիտես ինչ է, ով է, կայքդ չի բացվում, վարակված համակարգիչներից է հարձակումը, չես կարող իմանալ, թե ո՞վ է պատվիրել»:
Գրիգոր Սաղյանի ձեւակերպմամբ, այժմ միտում կա հայկական կայքերի տեղակայում արտերկիր, այնտեղ կայքերը պաշտպանված են DDoS հարձակումներից: Նրա ասելով. «Միգուցե դա ավելի մեծ ազատություն կտա կայքերին, բայց մասնագետների մի ամբողջ շերտ կմնա առանց աշխատանքի»:
Բանախոսները փաստեցին, որ ամենադժվար «կոտրելին» ամենապարզ ստեղծված կայքերն են, սակայն այդ դեպքում էլ՝ թարմացնելն էլ խնդիր:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ մինչեւ 2011թ. հայկական կողմից արձագանքներ չէին լինում հաքերային հարձակումներին, ադրբեջանցիները պարտվածի բարդույթ ունեին, անընդհատ իրենք էին վրա տալիս: «Քանի որ հարձակումները ուժեղացան, մեր տեղական համայնքը ձեւավորվեց ու հայկական կողմը սկսեց հակադարձել: Սա ավելի շատ հոգեբանական հակամարտության հարց է»,-կարծում է նա:
Նաեւ հավելում է. «Մեզ մոտ նման բաները զվարճանքի նման են, իրենց մոտ վայրենի երգեր են դնում, դիակների նկարներ, ոճային տարբերություն կա…Ի դեպ, այն օրերին, երբ ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր չեն «կոտրում», իրենց ֆեյսբուքյան էջերում մեծարում են հայր եւ որդի Ալիեւներին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ