Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար պետք է պատասխան տա կառավարությունը

Հունվար 21,2014 14:32

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում բանավիճում են ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը (ՀՀԿ) եւ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)

Արամ Աբրահամյան.– Հաճախ մենք խոսում ենք ինչ-որ բացասական երեւույթի մասին, որի արմատները անցյալում են, բայց եթե մենք շատ ենք խորանում որեւէ արատի պատմության մեջ, ապա կարող ենք հասնել մինչեւ Ադամի եւ Եվայի փոխհարաբերություններին: 22 տարվա Հայաստանի անկախ հանրապետության դեպքում նույն խնդիրն է առաջանում: Ո՞րն է ոսկե միջինը, այսինքն՝ չմոռանալ անցյալը, բայց չսեւեռվել դրա վրա:

Խոսրով Հարությունյան.– Եթե անդրադարձ պետք է կատարվի անցյալին, ապա միայն` դասեր քաղելու նպատակով: Ողջամտությունն է հուշում՝ վերլուծել անցյալը, որպեսզի հասկանաս, թե որտեղ ես սայթաքել, եւ ի՞նչն էր պատճառը, փորձես դասեր քաղել, այնուհետեւ այդ քաղած դասերը աստիճանաբար կիրառել:

Արծվիկ Մինասյան.– Անցյալը ուսումնասիրելով եւ բացահայտելով կանխամտածված սխալները կամ բացասական կողմերը՝ անհրաժեշտ է նաեւ պատասխանատվության մեխանիզմը կիրառել, որպեսզի հետագայում թե՛ այդ սխալները թույլ չտալու համար հիմքերը վերացվեն, եւ թե՛ պաշտոնատար անձը զգա, որ հասնելու է նաեւ պատասխան տալու ժամանակը: Եթե կա կանխամտածված, դիտավորյալ քայլ, ապա միանշանակ պատասխանատվությունը պետք է վրա հասնի:

Խ. Հ.- Անկասկած, պետք է լինի պատասխանատվության անխուսափելիություն, քաղաքական պատասխանատվություն: Երբեմն խոսում են այս կամ այն քաղաքական գործչի կամ թիմի, քաղաքական լիդերի պատասխանատվության մասին՝ ակնհայտորեն նկատի ունենալով քրեական պատասխանատվությունը: Ես համոզված եմ՝ եթե ապացուցված չէ զանցանքը՝ քրեորեն հետապնդելու համար, ապա մարդը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն, այսինքն՝ հաջորդ ընտրություններին նրան ձայն չտան, նրան չվստահեն եւ այլն:

Ա. Մ.- Երբ խոսում ենք պատժի անխուսափելիության մասին, եւ չկա իշխանությունների պատրաստակամությունը, ապա քաղաքական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմն էլ է բացակայում: Օրինակ՝ նույն կառավարության հետ կապված խնդիրները. երբ ներկայացնում ենք, որ կառավարությունը ծրագրով խոստացել է բաներ, որոնք չի կատարել, եւ նա ենթակա է քաղաքական պատասխանատվության, պիտի հրաժարականի հարց դրվի, իշխանությունը ամբողջ կազմով սկսում է պաշտպանել կառավարությանը: Եթե դուք չեք նկատել ծրագրային դրույթների խախտումները, անկախ նրանից՝ օբյեկտիվ են եղել, թե սուբյեկտիվ, ապա հասարակության, քաղաքական ուժերի մոտ ձեւավորվում է հենց այդ կանխավարկածը` կա մեղսակցություն, հանցագործություն է կատարվել, եւ միայն պետք է քրեական պատասխանատվություն լինի:

Ա. Մ.– Ներկա կառավարությունը 5 տարվա ընթացքում արե՞լ է բաներ, որի համար պետք է քաղաքական պատասխանատվություն կրի:

Խ. Հ.- Մենք պետք է մի բան հաշվի առնենք, որ կառավարությունը սկսեց ձեւավորվել եւ գործել ոչ ստանդարտ իրավիճակում: Խնդիր էր դրված ամենակարճ ժամանակահատվածում փորձել հասկանալ՝ ո՞րն է այդ իրավիճակում ելքը: Նման պայմաններում ասել՝ կառավարությունը 2008-ին խոստումներ է տվել ու չի կատարել, ես չեմ ընդունում դա: Այլ բան է, որ կառավարությունը, երբ որոշում կայացրեց, եւ նոր տնտեսական քաղաքականությունը ձեւավորվեց, միգուցե պետք է գար հասներ ԱԺ: Այդտեղ ես կհամաձայնեի: Բայց ինքը՝ կառավարությունը, խոցելի էր ի սկզբանե՝ օբյեկտիվորեն, որովհետեւ գործում էր ոչ ստանդարտ իրավիճակներում:

Ա. Մ.– Ես ուզում եմ հիշեցնել. 2 տարի առաջ Դաշնակցությունը գրավոր հարցապնդում արեց կառավարությանը՝ ստեղծված վիճակում ծրագրային անկատարություն էր, ինչո՞ւ կառավարությունը չի գալիս եւ ճշգրտումներ չի կատարում ծրագրի մեջ, դրա ձեւը մեկն էր, ինչպես ընդունված է եվրոպական երկրներում` կառավարությունը գալիս է, վայր է դնում իր լիազորությունները, ասում է ՝ ճգնաժամ է տեղի ունեցել, մեր այն ծրագրերը, որոնք մենք նախատեսել ենք, չեն իրականացել, եկել ենք նոր ծրագրով, եթե դուք համաձայն եք, ապա մեզ նորից վերահաստատեք այս նոր ծրագրով: Բայց հակառակը տեղի ունեցավ՝ սկսեցին թաքցնել բաներ, որոնք որ բացահայտ էին: Օրինակ` երբ որ դու խոստանում ես տնտեսական որոշակի զարգացումներ, տնտեսական աճ, աղքատության կրճատում, մենաշնորհային տնտեսության վերահսկմանն ուղղված կոնկրետ գործողություններ կամ խոստանում ես, որ հարկային բեռի բարձրացում չես անի, բայց իրականացրել ես հակառակ քաղաքականություն` սա ամրապնդում է այն տեսակետը, որ իշխանությունը որեւէ դրական փոփոխությունների պատրաստ չէ, պահպանում է ընդամենը նեղ կլանային շահերը:

Խ. Հ.– Ես չեմ հիշում որեւիցե մի տեղ, երբ կառավարությունը ստիպված է կտրուկ փոխել իր քաղաքականությունը, իր լիազորությունները վայր է դնում: Ոչ, քաղաքական մեծամասնությունը պահպանվել է, նա ստանձնել է պատասխանատվություն: Նոր տնտեսական քաղաքականությունը ըստ էության ձեւավորվեց վերջնականապես 2011թ. վերջին-2012թ. սկզբին, այսինքն՝ մնում էր մի քանի ամիս ԱԺ ընտրություններին: Մեղադրել կառավարությանը, որ նա դիտավորյալ չի արել, թույլ տվեք չհամաձայնել:

Բանավիճն ամբողջությամբ

Պատրաստեց  ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներՀայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներՀայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներՀայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։  

Bac_2

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031