Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տրանսֆերտները կպակասեն, աղքատությունը կավելանա

Հունվար 21,2014 14:26

Տնտեսագետ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ սա է սպասվում Հայաստանին,
եթե Համաշխարհային բանկի մասնագետների կանխատեսումներն իրականանան:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մի քանի օր շարունակվող հեռակա «փոխհրաձգությունը» հասարակության ուշադրությունը շեղեց այդ օրերին ասպարեզ դուրս եկած ոչ պակաս ուշագրավ մի թեմայից: Օրերս հրապարակվեց Համաշխարհային բանկի (ՀԲ) «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցը, որտեղ ՀԲ մասնագետները մի քանի ուշագրավ դիտարկումներ էին արել Հայաստանի մասով: ՀԲ-ն իր տարեկան զեկույցով կանխատեսել էր, որ 2014-2016 թվականներին Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի կտրուկ նվազումը կարող է խոչընդոտել այդ երկրից զգալի չափով կախված ԱՊՀ մի շարք երկրների առաջընթացին, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը խնդիրներ կունենան դրամական փոխանցումների, ներկրումների եւ արտասահմանյան ներդրումների հետ կապված:
Հակառակ Համաշխարհային բանկի մասնագետների կարծիքի՝ «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ Ռուսաստանում տնտեսական վիճակի վատացման հետեւանքով մեր երկրում առանձնապես շատ մեծ խնդիրներ չեն լինի, քանի որ Հայաստանը արդյունաբերական ապրանքներ ոչ արտահանում է, ոչ էլ ներկրում է Ռուսաստանից, եւ այդ երկրի հետ առեւտուրը մեծ մասամբ սննդի ու խմիչքների տեսքով է:

«Ռուսաստանի հետ մեր արտաքին առեւտուրը մոտավորապես կազմում է 1,1 միլիարդ դոլար, որից 277 միլիոն դոլարը մեր արտահանումն է դեպի Ռուսաստան: Մնացածը ներմուծվում է Ռուսաստանից: Այդ երկրից հիմնականում ներմուծում ենք նավթամթերք եւ գազ: Գազի սպասարկումը չի դադարելու, որովհետեւ դա առանձնապես կապված չի լինելու տնտեսական վիճակի վատանալու կամ չվատանալու հետ, մանավանդ, որ այն հիմա տվեցին «Գազպրոմին»: Ռուսաստանից այն, ինչ որ մենք ստանում ենք, էներգակիրներ են, ատոմակայանի որոշակի հումք եւ ադամանդի հումք, մնացածը՝ Ռուսաստանից ոչինչ չենք ստանում»,- ասում է միության նախագահը:

Պարոն Մակարյանը կարծում է, որ գուցե եւ մի փոքր տուժի արտահանումը, սակայն նկատի ունենալով, որ 277 միլիոն դոլարի մեջ մոտ 136 միլիոնը, այսինքն՝ կեսը կազմում են ալկոհոլային խմիչքները, նա վստահ է, որ ռուսական շուկան գրաված հայկական կոնյակի սպառումը չի ընկնի, եւ արտահանման քանակները կպահպանվեն:

Ըստ նրա. «13 միլիոն դոլար կազմել է թարմ ձուկը, 13 միլիոն՝ ծիրանը, դեղձը եւ այլ մրգեր. դրանք այնպիսի կրիտիկական քանակներ չեն, որ ինչքան էլ Ռուսաստանի էկոնոմիկան վատանա, Հայաստանից չգնեն այդ ապրանքները, մանավանդ, որ այդ բարյացակամ տրամադրությունները լինեն՝ որպես Մաքսային միության անդամ երկրի: Ռուսաստանը մի քիչ էլ քաղաքականացված պետություն է, եւ նրա ղեկավարի խոսքը անպայման հաշվի կառնվի: Կարծում եմ, որ այդ առումով շատ էական խնդիրներ մենք չենք ունենա: 24 միլիոն դոլար էլ մոտավորապես ադամանդի հումք ենք ստանում. եթե մենք մեզ համար շարունակելու ենք վերամշակել, այդ հումքը մենք էլի կստանանք, այսինքն՝ մնացած թվերը, ինչ որ մենք Ռուսաստանի հետ առեւտրով կապված ենք, արդյունաբերական ապրանքներ չեն, այդ պատճառով էլ Հայաստանի համար Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացումը այնքան էլ նեգատիվ էֆեկտ չի ունենա: Մենք արդյունաբերական ապրանքներ Ռուսաստանից չենք ներկրում, իրենց արդյունաբերական ապրանք չենք վաճառում, օրինակ՝ եթե շատ քանակների արդյունաբերական ապրանքներ վաճառեինք, Ռուսաստանի տնտեսության վատանալը կարող է ազդեր»:

Անդրադառնալով որոշ տնտեսագետների այն տեսակետին, որ Ռուսաստանի տնտեսական վատ վիճակը ուղղակիորեն կանդրադառնա դեպի մեր երկիր մասնավոր տրանսֆերտների նվազմանը, պարոն Մակարյանն ասաց. «Կարող է տեղի ունենալ, որովհետեւ Հայաստանի բնակիչների մի մասը ընդգրկված է շինարարության ոլորտում, իսկ ճգնաժամը առաջինը միշտ հարվածում է անշարժ գույքի շուկային, անշարժ գույքի պահանջարկն ընկնում է, անշարժ գույքի պահանջարկի նվազումը բերում է շինարարական ծավալների կրճատման: Բայց նույնիսկ նախորդ ճգնաժամի դեպքում ես հիշում եմ, որ տրանսֆերտներն ընդամենը մի քանի ամսով նվազեցին, հետո նորից, կարծես թե, ընկան իրենց տեղը: Այդ առումով ես համաձայն եմ, որ բնակչության ձեռքի գումարները կարող են նվազել տրանսֆերտների նվազման պատճառով եւ հատկապես՝ շինարարության բլոկի մասով»:

Հայաստան եկող մասնավոր դրամական փոխանցումները, որոնք կազմում են մոտ մեկուկես միլիոն դոլար, պարոն Մակարյանի հաշվարկներով՝ կպակասեն մոտ 300 միլիոն դոլարով, այն էլ՝ մի քանի ամսով, մինչեւ որ Ռուսաստանում աշխատող հայերն այլ աշխատանք գտնեն. «Մեր տնտեսության համար դա էական կլինի, մեզ մոտ աղքատությունը կավելանա, գնողունակությունը կընկնի, եւ քանի որ այդ աղքատ ընտանիքները կամ որոշ ընտանիքներ, որոնք միջինից ցածր եկամուտներով են եւ ապրում են այդ փողերի հաշվին, իրենց մոտ կնվազի ծախսելու հնարավորությունը: Մենք չենք կարող աղքատությունը մեր ուզած գրաֆիկով հաղթահարել, եթե այսօր մենք ինչ-որ ժամկետներով պլանավորել ենք, թե որքան պետք է աղքատությունը նվազի: Երկրորդ խնդիրն այն կլինի, որ այդ փողի քանակի նվազելը կազդի միկրոբիզնեսի վրա: Սա կնշանակի, որ միկրոբիզնեսի վիճակը որոշակիորեն կվատանա. սա կբերի որոշակի քանակի միկրոբիզնեսների փակման կամ նրանց գոյատեւման դժվարությունների եւ այլն, բայց կախված է, թե դա Ռուսաստանում ինչ չափով տեղի կունենա, որովհետեւ Ռուսաստանը քաղաքական պետություն լինելով՝ մեկ-մեկ այնպիսի գիգանտ պրոյեկտներ է անում, որոնք կարող են արագ փոխհատուցել այդ կանխատեսումները: Ռուսաստանն ինքը, ընդհանրապես, բարդ էկոնոմիկա ունի, եւ ինքը մրցունակ պետություն չի: Եվ հետո այդ քաղաքական գնահատականները, որոնք տրվել են միջազգային կազմակերպությունների կողմից, հնարավոր է՝ նրա համար են արվում, որպեսզի Ռուսաստանի գրավչությունը նվազեցվի աշխարհի երկրների եւ ներդրողների աչքում:

Ռուսաստանը քաղաքականացված պետություն է եւ ավտորիտար ռեժիմ ունի, եւ եվրոպական երկրները, ԱՄՆ-ն այդքան էլ գոհ չեն այդ իրավիճակներից, դրա համար էլ առաջանում է այն խնդիրը, որ իրենք փորձում են այդ ճանապարհով նրա շուրջը պատնեշներ ձեւավորել»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    …իսկ նրանց համար,ովքեր տրանսֆերներից չեն օգտվում,գնողունակությունը կբարձրանա,քանի որ տևանսֆերները մեր երկրի համար անաշխատ եկամուտներ են,որոնք պատճառ են պարբերական արժեզրկման:Ավելորդ փողեր հանրապետություն չեն մտնի և մարդիկ ստիպված կլինեն աշխատել,հող մշակել,իրենց խոտհարքների խոտը հնձել,այլ ոչ թե ուրիշներից գնել,ապրել իրենց իրական հնարավորությունների սահմաներում,բնակելի անշարժ գույքի գները կիջնեն մինչև միջին աշխատավարձ ստացողի հնարավորությունների սահմանը: Գերմանիայի Դաշնությունում ընտանիքը տարվա ընթացքում դրսից դրամական օգնությեւն կարող է ստանալ հինգ հազար եվրոից ոչ ավել:Նրանք լավ են հասկացել, որ ավելորդ փողերը տնտեսության վրա ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են թողնել՝թեկուզ ինֆլիացիայի տեսակետից:Եթե հզոր տնտեսություն ունեցող երկրի համար ավելորդ դրամական մուտքերը վնասաբեր են,ապա մեր երկրի համար տասնապատիկ վնասաբեր են:Դուք երբևէ մտեք նրանց վիճակի մեջ՝որոնք դրսից օգնություն չեն ստանում,բայց ստիպված են օգտվել այն շուկայից,որը գները սահմանում է ելնելով տրանսֆերների մուտքերի քանակից:Այսօր ՀՀ ում բնակարանների գները 3-4 հազար դոլարի դիմաց կազմում են 50-60 հազար,պատճառը տրանսֆերներն են:Մյուս կողմից էլ տրանսֆերների ծավալի կրճատման համար թող մտածեն Չինաստանն ու Թուրքիան,որոնց տնտեսության զարգացմանն է ուղղվում այդ միջոցների հիմնական մասը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031