Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարցեր

Հունվար 21,2014 14:18

Սովորական պատկեր է, որը երեւի կարելի է հանդիպել աշխարհի շատ քաղաքներում: Ամստերդամի գեղեցիկ արեւելյան շրջաններից մեկում կա մի զբոսայգի, որտեղ կարող էին համբուրվել սիրահարները, վազվզել երեխաները եւ հյուսիսային ժլատ արեւի տակ տաքանալ ակնոցավոր տատիկներն ու մորուքավոր պապիկները, բայց դատարկ է: Ավելի շուտ ոչ թե դատարկ է, այլ այն գրավել են տեղի խմողները: Ամբողջ օրն աղմկում են, խանգարում շրջակա բնակիչներին, ինչ-որ բաներ ասում անցորդների հասցեին:

Նորմալ հարբեցողներ են, հանցակազմ չկա, ոչ երիտասարդ տեղի բնակիչներ են, բոլորը նրանց ճանաչում են, հոգու խորքում ցավում նրանց համար, որովհետեւ տարիներով ապրել են միասին, գիտեն կյանքի մանրամասները, տեղյակ են, թե ինչու են այդպիսին դարձել, ամեն մեկն իր ողբերգությունն ունի: Բայց խանգարում են, չեն թողնում հանգիստ ապրել:
Տեղի իշխանությունները մի հազար անգամ զրուցել են նրանց հետ, հորդորել զուսպ պահել, ոստիկանության օգնությանն են դիմել: Իսկ ինչ անի ոստիկանությունը՝ հո չի ձերբակալելու միայն նրա համար, որ «բեսեդկայում» նստած բարձր-բարձր վիճում են կամ պատմում իրենց կյանքի պատմությունները, որտեղ սուտն ու իրականությունը միախառնված են:
Բոլորս գիտենք, թե ինչով է հնարավոր գայթակղել խմողին, որ ամբողջ օրը չնստի ու չբողոքի իր դառը ճակատագրից, այլ գոնե ինչ-որ հանրօգուտ գործ անի: Իհարկե, խմիչքով: Ու շրջանի ղեկավարը որոշեց ռիսկի դիմել: Բարեգործական մի ընկերության օգնությամբ ծրագիր մշակվեց, որի էությունը ներկայացվեց խմողներին: Առավոտյան ժամը ուղիղ 9-ին ներկայանում եք, ստանում եք երկու շիշ գարեջուր, սկսում եք աշխատել՝ աղբն եք հավաքում եւ այլ մանր-մունր գործերով զբաղվում թաղում, գալիս է կեսօրը՝ ստանում եք եւս երկու շիշ գարեջուր՝ հետն էլ ճաշ, հետո կրկին մի քանի ժամ աշխատում եք ու վերջում ստանում էլի մի շիշ գարեջուր: Եթե լավ եք աշխատել՝ մի շիշ էլ բոնուս:

Ու խմողները սկսեցին աշխատել: Հիմա նույնիսկ հերթ կա՝ այդ ծրագրում ընդգրկվելու համար: Բոլորին հնարավոր չէ ներառել, որովհետեւ բարեգործական կազմակերպությունն այնքան էլ շատ փող չունի, իսկ այդ գարեջուրն ու ճաշը յուրաքանչյուր խմողի հաշվով նստում է 20 եվրո, 10 եվրո էլ օրական տալիս են ընթացիկ ծախսերի համար:
Բնակիչները շատ գոհ են՝ հակասոցիալական իրավիճակը թաղում վերացել է, աղմուկը դադարել է, կարելի է զբոսայգում համբուրվել, վազվզել ու ըմբոշխնել հյուսիսային արեւը, հարբեցողներն էլ զբաղմունք են գտել:

Որոշ քաղաքական գործիչներ սարսափած են: «Ինչպես թե՝ փոխանակ ալկոհոլիկին ամեն կերպ զերծ պահեք խմիչքից, դուք ձեր ձեռքով նրան գարեջուր եք տալի՞ս»:
«Գարեջուր ենք տալիս, որովհետեւ դա չարյաց փոքրագույնն է՝ չտանք, կշարունակեն իրենց վերջին փողերով ավելի թունդ խմիչք գնել, իրենց տան իրերը կամաց-կամաց կսկսեն վաճառել: Մենք նրանց հեռանկարի զգացում ենք տալիս, պիտանելիության զգացում: Նրանք հիմա զգում են, որ վերջացած մարդիկ չեն, պետք են մեզ, մենք գնահատում ենք իրենց եւ չենք վանում մեր հասարակությունից»:
Թեժ վիճաբանությունն այս հարցով շարունակվում է:

* * *

Լիքը այսպիսի հարցեր, որոնք չունեն միանշանակ պատասխաններ:
Չեմ ասում փիլիսոփայական հարցերի մասին՝ ո՞րն է կյանքի իմաստը կամ կա՞ արդյոք կյանք մահից հետո: Դուք կարո՞ղ եք ինձ բացատրել հասարակ մի բան՝ եթե պիցցան կլոր է, ապա երբ այն հեռախոսով պատվիրում ես, ինչու են քառակուսի տուփով բերում: Կամ՝ երբ կինոթատրոնում նստած ես, ձեռքերդ դնելու այդ հենակներից որ մեկն է քոնը՝ ա՞ջը, թե՞ ձախը: Կամ՝ արդյոք թիթեռը հիշո՞ւմ է իր կյանքը նաեւ այն ժամանակ, երբ դեռ թրթուր էր:
Ու հարցերի անվերջ շարանը սկսվում է ծնվելուց անմիջապես հետո: Եթե, օրինակ, դուք ընդամենը մի խորհուրդ տալիս լինեիք նորածնին, որն էր լինելու այդ ամենակարեւոր խորհուրդը: Իսկ ինչու եք կարծում, որ ձեր խորհուրդը երջանկություն կբերի այդ մարդուն: Չէ որ դուք ելնում եք ձեր սեփական փորձից, իսկ նա բոլորովին ուրիշ մարդ է, ու երջանկությունն էլ կրկնվելու հատկություն չունի: Դուք ինքներդ ձեզ համար պարզե՞լ եք՝ կուզեիք արդյոք լինել շատ հայտնի մարդ, բայց փոխարենը ձեր կյանքը կրճատվեր 10 տարով: Իսկ այդ նորածինը միգուցե բոլորովին այլ պատասխան կտար:

Ասում եք, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ եւ ոչ մի բացառություն չպետք է լինի, ու այս կանոնի խախտումն է մեր բոլոր դժբախտությունների պատճառը, իսկ հանուն ձեր սիրած էակի փրկության դուք ինքներդ արդյոք չէի՞ք խախտի օրենքը:
Այնպես որ, Ամստերդամի արեւելյան շրջանի ղեկավարին մեղադրելուց կամ արդարացնելուց առաջ եկեք փորձենք տալ դասական հարցի պատասխանը: Տեսնում եք, որ տունն այրվում է եւ հնարավորություն ունեք այնտեղից դուրս բերել միայն մի բան՝ կամ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», կամ կատվի ձագին… Չէ, երկուսը միասին չի լինի: Շատ լավ գիտեք, որ կյանքում երբեք երկուսը միասին չի լինում… Դե ասեք՝ «Ջոկոնդա՞ն», թե՞ ծխից խեղդվող ու աղերսող հայացքով ձեզ նայող փիսիկին…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Վերջին հարցը պրովոկացիոն էր, բայց ես առանց երկմտելու կփրկեի փիսիկին:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031