Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք է փոխվի բարձր մշակույթի հանդեպ վերաբերմունքը»

Հունվար 21,2014 14:13

Հարցազրույց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի բաժնի ղեկավար, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի քարտուղար Անահիտ Օրդյանի հետ:

– Մի քանի օրից կավարտեք Լոնդոնի համալսարանի արքունական քոլեջի «Ստեղծագործ եւ մշակութային ինդուստրիաներ» մագիստրոսական ծրագիրը: Այս անվանումն ինքնին նորարարական է ու չափազանց ընդհանրացված: Ինչպիսի՞ գործունեություն է ենթադրում այդ որակավորումը ստացած մասնագետը:

– Այո, անվանումը, ծրագիրն ու ոլորտը առհասարակ, որպես առանձին ուսումնասիրվող դիսցիպլին, իսկապես նորարարական են, ընդ որում՝ ոչ միայն հայաստանյան իրականության համար: Մշակութային եւ ստեղծագործ ինդուստրիաներ ասելով հասկանում ենք մշակութային դաշտում գործող կամ ստեղծագործական աշխատանք իրականացնող բոլոր հնարավոր կառույցները, ինչպես նաեւ մշակութային քաղաքականությունն իրականացնող պետական մարմինները: Որակավորումը, որ ստացել եմ, կարող է տարբեր աշխատանքներ ենթադրել, մասնավորաբար՝ մշակութային ոլորտում, առավել կազմակերպչական բնույթի: Իսկ թե նման որակավորում ունեցող մասնագետը մշակութային հատկապես ո՞ր ոլորտում կաշխատի, կախված է անձի անհատական հետաքրքրություններից:

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ այդ որակավորումը ենթադրում է այսպես կոչված՝ արվեստի կառավարում, արվեստի մարքեթինգ եւ այլ նման գործառույթներ:

– Անշուշտ: Արվեստ ստեղծող ցանկացած կառույց կամ անհատ կարիք ունի ստեղծագործական աշխատանքի կազմակերպման եւ ստեղծված արդյունքի առաջխաղացման, ինչու ոչ՝ նաեւ «վաճառքի ճիշտ կազմակերպման»: Բնականաբար, ցանկալի է, որ ստեղծագործողներն իրենց ժամանակն ու էներգիան նվիրեն հենց ստեղծագործական կյանքին, իսկ լայն իմաստով կազմակերպչական աշխատանքները, սկսած գումարի հայթայթումից՝ վերջացրած հանրային կապերի կարգավորմամբ, իրականացվեն ձեր նշած մարքեթինգով եւ այլ գործառույթներով մասնագետների կողմից:

– Չե՞ք կարծում, որ հայաստանյան մշակույթի ոլորտը ղեկավարվում է մեծամասամբ ինքնագործ «կառավարիչներով»:

– Մեր մշակութային դաշտում կան թեկուզեւ փոքրաթիվ, բայց իսկապես պրոֆեսիոնալ մարդիկ ու կառույցներ: Հակառակ դեպքում իրականություն չէին դառնա այն մշակութային իրադարձությունները, որոնք տեղի են ունենում մեզանում, հենց թեկուզ «Ոսկե ծիրանը» կամ ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից իրականացվող ամենամյա դասական երաժշտության փառատոները: Մյուս կողմից՝ իսկապես կան շատ հարցեր, որոնց ավելի նորովի լուծումներ կարելի է առաջարկել, սկսած զուտ տեխնիկական խնդիրներից, ինչը կարելի է ավելի կազմակերպված իրականացնել, վերջացրած մշակույթի հանդեպ ընդհանուր վերաբերմունքով: Մշակութային ոլորտը ավելի սերտորեն եւ համակարգված պետք է համագործակցի կրթական համակարգի հետ, որպեսզի բարձրակարգ արվեստը մինչ երիտասարդ տարիքը դառնա մարդու առօրյայի կարեւոր մասը:

– Հայաստանյան եւ եվրոպական մշակութային կառավարման միջեւ կարո՞ղ ենք այս պահին մեկ-երկու զուգահեռներ անցկացնել:

– Մեր իրականության պայմաններում կան անհատներ, ովքեր աշխատում են հենց արեւմտյան ոճով եւ չափանիշներով: Տարբերություններն ակնհայտ են դառնում առավել համակարգային, ընդհանուր հարցերում, այլ կերպ ասած՝ արվեստի հանդեպ վերաբերմունքի իմաստով: Կարծում ենք, ամեն ինչ ճիշտ հունի մեջ կընկնի միայն այն դեպքում, երբ փոխվի վերաբերմունքը բարձր մշակույթի հանդեպ եւ արվեստն էլ սկսի ընկալվել ոչ թե որպես պարզապես զարդ, այլ երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության համար առաջնային նշանակություն ունեցող ստրատեգիական օղակ:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031