Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատավորներն արտագաղթը խթանողներից են

Հունվար 21,2014 14:07

2013-ի դեկտեմբերի 26-ին Շենգավիթի քրեական դատարանի վճռով Երեւանի թիվ 27 հիմնական դպրոցի նախկին տնօրեն, ամբաստանյալ Սուսաննա Սարգսյանը մեղադրվեց պետական միջոցները՝ 2,3 մլն յուրացնելու մեջ, լիովին ընդունեց իր մեղքն ու վերականգնելով յուրացված պետական միջոցները՝ դատապարտվեց ու համաներվեց; Պետական մեղադրող դատախազ Առաքելյանը դատարանին առաջարկել էր լրացուցիչ պատիժ` 1.5 տարով զրկել նրան պաշտոն գրավելու իրավունքից: Սակայն Շենգավիթի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը կայացրեց վճիռ, որով նրան պետական մեղադրողի պահանջած մեկուկես տարվա փոխարեն տվեց կես տարվա լրացուցիչ պատիժ եւ 800000 դրամ տուգանք:

Իսկ վերջերս ոստիկանության տարածած հաղորդագրությունից տեղեկացա, որ 2013թ. հունիսի յոթին նույն դատավորի նախագահությամբ կայացած դատական նիստում գողության համար 6 տարով ազատազրկման է դատապարտվել Հակոբ Նազարյանը, ում 11 դրվագներով կատարած գողոնի ամբողջ գումարը չի գերազանցում 1,068,000 հազարը:
Իհարկե դատավճիռ կայացնելու իրավունքը ձերն է, հարգելի դատավորներ, սակայն եթե այդ ամբաստանյալն իր վերջին խոսքում Ձեզ հիշեցներ վերոնշյալ նախկին տնօրենի հանցանքն ու մեղմ պատիժ կիրառելու հրապարակային խնդրանքը, որին Դուք ընդառաջեցիք, կընդառաջեի՞ք, արդյոք, գողին: Դատից հետո գոնե Ձեր ներսում զուգահեռներ անցկացրեցի՞ք այս երկու գործերի միջեւ, հետաքրքիր է՝ Ձեր երեխաների ու թոռների կրթությունը կվստահեի՞ք նման մանկավարժին, թե՞ կնախընտրեիք այլ դպրոց: Այս երկու գործերի համեմատությունն ասում է այն մասին, որ Դուք՝ դատավորներդ, նման վճիռներով սպանում եք արդարադատությունը, պետական միջոցները հափշտակող պաշտոնյաների նկատմամբ անթույլատրելի հանդուրժողականությամբ հասարակությանը խրախուսում եք գողանալ պետությունից, որի համար, որպես կանոն, մեծ գողերը չեն պատժվում, իսկ մանրմունրները՝ պատժվում են ամենայն խստությամբ, այդպիսով Դուք մեծ պատասխանատվություն եք կրում մեր պետության մեջ խոր արմատներ ունեցող, անհաղթահարելի անարդար մթնոլորտի համար, Դուք արտագաղթը խթանողներից եք: Ասելիքս շատ հստակ է, երեխաների համար դպրոցի տնօրենն ու ուսուցիչները պետք է լինեն ազնվության, բարոյականության, «չսայթաքող» մարդկանց օրինակներ, իսկ հակառակ դեպքում՝ ամենախիստ կերպով պետք է պատժվեն եւ ինչպես պահանջում են «ՊՈԱԿ»-ի եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները՝ դատապարտված անձին չպետք է իրավունք տաք աշխատել ոչ միայն տնօրեն, այլեւ՝ մանկավարժ, որովհետեւ օրինակը վարակիչ կարող է լինել:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Երեւանի ավագանու
«Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Չլինի թե դատավորները հայեր չե*ն:Հետևություն`հայն է հային հայավարի հայում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031