Բաց երկնքի քաղաքականության ներդրումից եւ Հայաստանի օդային տարածքի ազատականացումից հետո նախատեսված մրցույթը չի կայացել, քանի որ բացի «Էյր Արմենիա» ավիաընկերությունից՝ ոչ մի այլ ընկերություն առաջարկ չի ներկայացրել: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
Քաղավիացիայի վարչության պետը վստահեցրեց, որ հայկական քաղավիացիայի ոլորտի նկատմամբ հետաքրքրություն կա՝ պայմանավորված հայկական սփյուռքի գործոնով. «Սահմանափակումների վերացումը ընկերությունների համար լուրջ հիմք է հանդիսանալու: Գուցե այս տարին բեկումնային չլինի, բայց լուրջ փոփոխություններ կլինեն: Ավիաընկերությունների համար լավ տարի կարող է լինել 2015թ. գարունը, ինչը պայմանավորված է նավիգացիոն ծրագրերով, որ ավիաընկերությունները պլանավորում են իրենց թռիչքները մարտի կամ հոկտեմբերի վերջին կիրակիից»:
Ներկայումս, ըստ պարոն Մովսիսյանի, ավիատոմսերի գների էժանացում կա Մոսկվայի եւ Արաբական Էմիրությունների ուղղությամբ:
Պարոն Մովսիսյանը բացառեց, որ Արմավիան կվերադառնա շուկա, քանի որ նման պարտքերով դժվար թե ընկերությանը ձեռնտու լինի նորից սկսել այդ բիզնեսը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ առաջիկայում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ