Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմքեր ունեն բողոքելու

Հունվար 21,2014 13:55

Շաբաթ օրը կայացավ «Ընդդեմ կուտակային կենսաթոշակի»՝ Հայաստանի մասշտաբներով բավականին բազմամարդ հանրահավաքը: Հազարավոր մարդիկ իրենց մտահոգությունը հայտնեցին, որ կառավարությունը կգրպանի երիտասարդների աշխատավարձերի 5 տոկոսը: Իրավունք ունե՞ն մարդիկ այդպիսի կասկածներ ունենալու: Իհարկե՝ ունեն: Այնպես չէ, որ անցած 22 տարում կառավարությունը ոչ մի բան չի գրպանել, որպեսզի հիմա մեծ վստահություն վայելի:

Որոշ մեկնաբաններ նշում են, որ այդ անվստահությունից, դժգոհությունից օգտվել են հանրահավաքին մասնակցած 4 կուսակցությունները: Որպես փաստի արձանագրում՝ դա նորմալ է, սակայն որպես զարմանք կամ կշտամբանք՝ բացարձակապես անհասկանալի: Իսկ ինչո՞ւ չպետք է օգտվեին: Ո՞ր երկրում քաղաքական ուժերը այլ կերպ կվարվեին: Ընդդիմադիր կուսակցություններն ամբողջ աշխարհում գոյություն ունեն հենց նրա համար, որ քաղաքացիներին, ընտրողներին ապացուցեն, թե որքան վատն է ներկայիս կառավարությունը եւ որքան լավ են իրենք կառավարելու, երբ գան իշխանության: Հայաստանի եւ մի շարք այլ երկրների յուրահատկությունն այն է, որ այդ կուսակցությունները «չեն համբերում» 4 կամ 5 տարի եւ պահանջում են արտահերթ ընտրություններ: Բայց դա էլ կանցնի այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքները հասարակությանը հավատ ներշնչեն:

Մնացածը քաղաքական պայքարում բնականոն երեւույթներ են: Քաղաքականությունից իբր հեռացած ՀՀ երկրորդ նախագահն էլ իր վերջին հարցազրույցում հատուկ իր բացասական կարծիքն արտահայտեց «կուտակայինի» խնդրի վերաբերյալ՝ իր քաղաքական թիմին «ակտիվացման ազդանշան» տալու համար: Եվ դրա մեջ էլ որեւէ դատապարտելի բան չկա: Ինչպես նաեւ այն հանգամանքում, որ կան կուսակցություններ եւ լրատվամիջոցներ, որոնք աշխատում են Քոչարյանի՝ իշխանություն վերադառնալու համար:

Սակայն այս ամենը չի նշանակում, որ ցույցը կազմակերպել էին քաղաքական ուժերը, կամ՝ որ դժգոհության համար օբյեկտիվ հիմք չկա: Իմ անձնական կարծիքով՝ 20-25 տարի հետո Հայաստանում կենսաթոշակի գերակշիռ մասը կլինի կուտակային՝ աշխատողները չեն կարողանա վճարել չաշխատողների համար: Բայց այդ գաղափարախոսությունը ներմուծելու համար լուրջ աշխատանք էր պետք, որը կառավարությունը չի կատարել: Առնվազն երեք տարվա ընթացքում պետք էր ցույց տալ, որ ահա այս մարդիկ, որոնք կամավոր օգտվում են տվյալ համակարգից, ահա այդպես են համացանցով ամեն ամիս ստուգում իրենց հաշիվները, նրանց հաշիվներում կուտակվել են ահա այս գումարները, այս հիմնադրամն այսպես է աշխատում, այն հիմնադրամը՝ այնպես, իսկ գործատուները, որոնց աշխատակիցներն անցել են այդ համակարգին, ունեն ահա այս արտոնությունները: Փոխարենը, հասարակական կարծիքը հերթական անգամ ցինիկորեն արհամարհելով, կառավարությունը գերադասեց գործել «կուվալդով»՝ «խլելու ենք եւ վերջ»: Ի՞նչ պիտի դրանից եզրակացնի մարդը Հայաստանի պայմաններում: Միայն մի բան՝ «ուրեմն՝ թալանելու եք»:

Ինչ մնում է քաղաքական ուժերին, ապա եթե վաղը փողոց դուրս գան փակված կազինոների գործազուրկ դարձած աշխատակիցները, ապա կուսակցություններն այդ մարդկանց կողքին կլինեն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գողական, օլիգարխիկ Հայաստանի համար կենսաթոշակային կուտակումները Բեռլիոզի «Ֆանտաստիկ Սիմֆոնիա»ի շարքից են,կամ թե չէ Գյուլնազ տատու հեքիաթներից ու Շեհերազադեի 100 2-րդ գիշերի պատմությունից:Անգամ դեմոկրատ Իսրայելում այդ հարցը ունի շատ խոցելի տեղեր,էլ ուր մնաց Հայաստանում:Եթե ֆոլկլորով ասեմ՝ էսօր փողդ տաս,վաղը ումի՞ց ստանաս ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:Մի օր էլ մեկը կգա,ու կասի հայտնի ցիտատը«Նվագախմբի տղաները»կ/ֆ-ից՝ «Պարոնայք,նախարարները վերցրել են Հանրապետության փողերն ու …հայդա Փարիզ»:Դե արի,ու էշը ցեխից հանի:

  2. Rafael says:

    4 ԿՈւՍԱԿՑՈւԹՅՈւՆ ԳՐԵԼԻՍ ՆՇԵՔ ՆԱև ԹԵ ՔԱՆԻ ՊԱՏԳԱՄՈՐ ՈւՆԵՆ ՄԻԱՍԻՆ ՎԵՐՑՐԱԾ։ՏԵՆՑ ԱՎԵԼԻ ՃԻՇՏ ՊԱՏԿԵՐԸ ԿԵՐևԱ,ՕԲԵԿՏԻՎ ՊԱՏԿԵՐԸ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031