«Հայը նաղդ անձ է. նրա համար լավ կլինի գումարը պահել բարձի տակ, քան տալ այն բանկին, որին վստահ է, որ նա կվերադարձնի ցանկացած պահին: Իսկ դնել այն գումարը, որը 20-25 տարի հետո կստանա՝ հայի համար վիրտուալ հարստություն է, որին նա երբեք չի վստահում՝ իր ժառանգական հիշողության պատճառով»,- հունվարի 21-ին «Զարկերակ» մամլո ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսպես բացատրեց, թե ինչո՞ւ կուտակային կենսաթոշակը պետք է լինի պարտադիր:
Պարոն Ադիբեկյանը խորհուրդ տվեց երիտասարդներին ռիսկի դիմել. «Ով ռիսկի չի դիմում չի խմում շամպայն, լավագույն դեպքում՝ կոկա կոլա», որ չստանան «աղքատաթոշակ»՝ ինչպես ինքը, այլ՝ ներկայիս թոշակից 5-6 անգամ ավելին:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով առկա թանկացումներն եւ ցածր աշխատավարձով արդյո՞ք երիտասարդները կարող են կուտակել եւ կատարել մնացած ծախսերն ու վճարումները.
«Ինձ չի թվում, որ 5 տոկոսը կենսամակարդակի վրա լուրջ կազդի, ուռճացնում ենք խնդիրը: Եթե 300 դոլարից 15 դոլարը տալիս ես այդ կենսաթոշակայինին դա ծանր չէ. 5 տոկոսը մեծ գումար չէ. մի անգամ հյուր գնալու ծախս է»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով՝ հունվարի 18-ին տեղի ունեցած հավաք-երթին պարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ հավատում է փողոց դուրս եկած երիտասարդներին, բայց կարծում է, որ ինչ-որ բանի չեն հասնի.
«Կառավարությունը պետք է հասկանա, որ նման քայլը, նման որոշումը բարեփոխումների մեծ քայլեր է պահանջում եւ մենք պետք է պարտադրենք, որ այդ քայլերը կատարեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ