Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանի խորհրդականն արձագանքեց դատապարտյալ Մանախի մեղադրանքներին

Հունվար 21,2014 12:58

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանը այսօր արձագանքել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բանտարկյալ Արթուր Այվազյանի` Մանախի պնդումներին , թե դատախազներ Գագիկ Ջհանգիրյանը, Աղվան Հովսեփյանը, Աշոտ Մելիքջանյանը, ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը, Հրաչյա Հարությունյանի ջանքերով փորձել հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով, Վահան Շիրխանյանի եւ Կոմանդոսի դեմ կատարած մահափորձի, Սամվել Առաքելյանի սպանության ու մնացած բոլոր գործերի մասով փորձել են կեղծ ցուցմունքներ ստանալ:

«Անհեթեթ հայտարարությունների շարան է, զուրկ տրամաբանությունից։ Ակնհայտ է, որ դիտավորյալ սպանության համար դատապարտված անձը փորձում է ամեն գնով մնալ մամուլի ուշադրության կենտրոնում,որի նպատակը թերեւս միայն իրեն է հայտնի։ Իսկ մամուլի ուշադրությունը գրավելու ամենահեշտ ուղին բնականաբար նրանց հետաքրքրող իրադարձությունների, հանրային ճանաչում ունեցող անձանց մասին հայտարարություններով հանդես գալն է։ Եվ ոչինչ, որ դրանք զուրկ են տրամաբանությունից, փաստերից։

Անգամ վերջին 1-2 տասնամյակում կատարված իրադարձությունների մասին շատերի մոտ է նկատվում հիշողության կորուստ, թերեւս դրա վրա էլ խաղարկում է դատապարտյալը։

Ուղղակի մեկ-երկու փաստ արձանագրեմ. Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննությունն իրականացվել է զինվորական դատախազության վարույթում. ընդ որում խոսքը վերաբերում է թե հիմնական գործին, թե նրանից անջատված առանձին վարույթին։ Այդ գործով նախաքննությունն իրականացրել է զինդատախազությունը, Իսկ Աղվան Հովսեփյանը չի եղել ոչ զինվորական դատախազ եւ ոչ էլ քննչական խմբի ղեկավարը։ Սրանք անհերքելի փաստեր են, ինչպես նաեւ այն, որ Աղվան Հովսեփյանն այդ ընթացքում, ինչպես նաեւ 13 տարի առաջ չի եղել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ։ Կարծում եմ, առանձնապես մեծ ջանքեր պետք չեն ճշտելու, թե ով երբ ինչ պաշտոն է զբաղեցրել։

Սպանության համար դատապարտված անձը կարող է շատ տարբեր անհեթեթ հայտարարություններով հանդես գալ, տվյալ պարագայում դրանց սնանկությունն ակնհայտ է»,- Aravot.am-ին ասաց Սոնա Տռուզյանը:

Նա նաեւ հավելեց, որ Մանախը ժամանակին շատ տարբեր դիմումներ է հղել իրավապահ մարմիններին, դատախազությանը։

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031