Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյան. «Համակարգը զտվում է, ազատվում իր գործում թերացող, հայ զինվորականի կոչմանն անարժաններից». «Հայոց աշխարհ»

Հունվար 21,2014 12:28

Հատված պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ հարցազրույցից:
   –Չնայած համակարգ ներխուժած արատավոր երեւույթների դեմ պաշտպանության նախարարի անհաշտ պայքարին, արտակարգ դեպքերը բանակում շարունակում են արձանագրվել։ Քանի դեռ զինվոր ենք կորցնում հայ սպայի անտարբերության, զինակից ընկերների անմարդկային վերաբերմունքի հետեւանքով, ուրեմն բանակում դեռ լուրջ անելիքներ կան: 

– Եթե կա մեկ զոհ, ուրեմն աշխատելու տեղ ունենք, քանի որ ամեն մի կորուստ անթույլատրելի է մեզ համար: Ունենք բազում ձեռքբերումներ, ինչով եւ հպարտանում ենք, բայց բանակում կարգապահության ամրապնդմանն ուղղված գործընթացը շարունակական բնույթ ունի, ասել է թե՝ ձեռքբերումներով երբեք չի կարելի բավարարվել, մանավանդ եթե գործ ունենք զորակոչային բանակի հետ, ուր անձնակազմը պարբերաբար փոփոխվում է, վեց ամիսը մեկ պարտադրված ես նույն աշխատանքը սկսել զրոյից: Հետեւաբար զգոնության փոքր-ինչ թուլացումը կարող է նպաստել բացասական երեւույթների ի հայտ գալուն:

   –Հրամանատարն է իր անձնակազմի առողջության, անվտանգության պատասխանատուն, բայց ողբերգական դեպքերի թերեւս զգալի մասը նրանց անտարբերության ու անուշադրության հետեւանք են: Հունվարի 13-ին տեղի ունեցածը դարձյալ ասվածի ապացույցն էր: Ինչպե՞ս պայքարել հանցավոր անտարբերության դեմ: 

– Իրոք, տեղի ունեցավ ցավալի ու անընդունելի դեպք, բարեբախտաբար չկորցրինք մեր զինվորին: Իսկ մեղավորները պետք է պատժվեն, նմաններից ազատվելու խնդիր կա: Այս երեւույթն այլ բան չէ, քան հարված թիկունքից, որն ուղղված է ե՛ւ բանակին, ե՛ւ նախարարին, որի ամենօրյա ցուցումներն են՝ զինվորի հանդեպ հոգատար վերաբերմունք, զգոնության դրսեւորում, սեփական պարտականությունների սրտացավ կատարում:
Նախարար Օհանյանը դեռ 2011-ին հանդես եկավ արտակարգ դեպքերի ու պատահարների կանխարգելմանն ուղղված ցուցումներով, ու առաջ քաշեց հստակ չափանիշներ, թե ովքեր պետք է լինեն բանակում, ովքեր՝ ոչ, ո՞ր գործելաոճն է ընդունելի, որը՝ ոչ: Նրանք, ովքեր կընդունեն այս արժեքային համակարգը, կհասկանան, որ անտարբերությունը, բռիությունը մերժելի երեւույթներ են, կմնան բանակում ու, ինչպես նախարարն է նախընտրում ասել, կդառնան իր զինակից ընկերը, իսկ թերացողները հայոց բանակում անելիք չունեն: Այսինքն՝ համակարգը զտվում է, ազատվում իր գործում թերացող, հայ զինվորականի կոչմանն անարժաններից:

   – Խնդիրը դիտարկենք մյուս կողմից եւս. մեկ ողբերգական դեպքը բավական է, որ ստվերվեն ձեռքբերումները, անտեսվի սահմանին զօր ու գիշեր կանգնած սպայի աշխատանքը: Սա չի՞ վկայում նաեւ բանակի հանդեպ մեր հասարակության անհանդուրժողականության մասին: 

-Սա շատ ցավոտ խնդիր է։ Մի կողմից՝ օրինաչափ է հանրության արձագանքը կատարված ողբերգությանը կամ ապօրինությանը, օրինաչափ է նրա պահանջը՝ բացառել նման դեպքերը, մյուս կողմից հանրային ընդվզման զայրույթի վեկտորը պետք է ուղղել կոնկրետ մեղավորներին եւ զերծ մնալ բանակի հավաքական կերպարը վարկաբեկող բնութագրումներից:

Այստեղ կարեւոր դեր ունեն լրատվամիջոցները: Այսինքն՝ կա բանակի խնդիրները գրագետ լուսաբանելու անհրաժեշտություն: Ինչպե՞ս մատուցել կատարված ողբերգությունը, որ չխաթարվի բանակի կերպարը, մի ստահակի պատճառով չտուժի պարկեշտ զինվորականի համբավը: Ողբերգության կամ ապօրինության մեղավորը միշտ կոնկրետ մարդիկ են, հետեւապես հանրային քննադատությունների թիրախ պետք է դառնա մեղավոր անձը: «Հոգեբանորեն գրագետ» լուսաբանման հիմքում ընկած է «մի՛ վնասիր» սկզբունքը:

Ասվածը բնավ չի ենթադրում խոսքի ազատության սահմանափակում: «Մի՛ վնասիր» ասելով՝ մենք հասկանում ենք այնպիսի մի դիրքորոշում, ուր առկա է առողջ, կառուցողական քննադատություն, առավելագույն անաչառություն եւ օբյեկտիվություն, ինչպես նաեւ բանակի հանդեպ սրտացավություն:

Եվ թերեւս ամենակարեւորը. «մի՛ վնասիր» սկզբունքով բանակային անցուդարձը լուսաբանել նշանակում է՝ անընդհատ հիշել, որ մենք դեռեւս պատերազմող երկիր ենք, հետեւապես մեր բանակի խնդիրների մասին հարկավոր է խոսել զգուշորեն, որպեսզի նրա խոցելի կողմերը թշնամուն ակամա չհրամցնել:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031