Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ՀԱԿ-ին. «Ուրիշի սեղանին թամադայություն մի արա». «Հայոց աշխարհ»

Հունվար 21,2014 12:11

Ի՞նչ հետեւություններ կարելի է անել հունվարի 18-ի հանրահավաքից։ Հատված ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի պատասխանատու ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հարցազրույցից:
-Միտինգում քաղաքական կարգախոսներ էլ հնչեցին։ Մասնավորապես ՀԱԿ(Կ) ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն առիթը բաց չթողեց՝ ավելորդ անգամ բարձրաձայնելու հհշական «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ը։

-Երիտասարդները հենց հարթակից ցույց տվեցին ով է իրավիճակի տերը՝ Զուրաբյանի «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ին հակադարձեցին «մենք ենք մեր երկրի տերը» կարգախոսով։ Ավելին՝ նրանք որեւէ հակապետական, հակաիշխանական, քաղաքական կոչերով հանդես չեն գալիս, այլ ներկայացնում են իրենց դիրքորոշումը կոնկրետ հարցի՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի ներդրման վերաբերյալ, այնինչ ձեր նշած անձը փորձեց վերհիշել 2008-09թթ. բառապաշարը։
Սա ինձ հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ ուրիշի սեղանին թամադայություն մի արա։ Եվ, ինչպես տեսանք, հակաիշխանական կոչերը հանրահավաքի մասնակիցների շրջանում որեւէ լուրջ արձագանք չգտան։
Ընդհանրապես անհասկանալի է, երբ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչը խոսում է ոչ իշխանական չորս ուժերի համախմբման մասին, երբ հենց իր ղեկավարած խմբակցությունը համախմբման խնդիր ունի։ ՀԱԿ խմբակցության առնվազն երկու պատգամավոր մյուսների նման չեն քվեարկում։ Նրանցից մեկը նախագահական ընտրություններում դրել էր իր թեկնածությունը, եւ որեւէ մեկը, ըստ էության, չպաշտպանեց նրան, մյուսն էլ նոր շարժում է նախաձեռնել՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության։
Դե, եթե այդքան ուժեղ խմբակցություն եք, նախ՝ ձեր մեջ միավորվեք, հետո խոսեք քաղաքական չորս ուժերի համախմբման մասին։ Այդ գաղափարն ինքնին անլուրջ է, թեկուզ այն պատճառով, որ որեւէ գաղափարական հենք չունի։ Այնպես որ ՀԱԿ-ը լավ կանի՝ զբաղվի իր ներքին խնդիրներով։

Նույնը կարելի է ասել «Ժառանգություն» խմբակցության մասին, որտեղ, այսպես շարունակվելու դեպքում, «Ժառանգություն» կուսակցությունը փոքրամասնություն կլինի։
Երկրորդ՝ կես տարին մեկ «Ժառանգություն»-ում մեկը հրաժարական է տալիս, մյուսն է գալիս, մեկը գնում է Ամերիկա՝ դասընթացների, եւ հայտնի չէ՝ կվերադառնա՞, թե՞ ոչ, կամ՝ մեկը դիմում է գրում, դուրս գալիս խմբակցության ղեկավարի պաշտոնից։ Իհարկե, դա «Ժառանգության» խնդիրն է, բայց երբ այսպիսի քաղաքական ուժերը հավակնում են միավորել ընդդիմադիր դաշտը՝ սա առնվազն տարօրինակ է. եթե 5-6 հոգով չեք կարողանում միավորվել, ինչպե՞ս կարող եք 4 կուսակցություններով համախմբվել եւ «երկրում իրավիճակ փոխել»։

ԲՀԿ-ում էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Մինչեւ հիմա պարզ չէ՝ «Բարգավաճ Հայաստանը» որ դաշտում է՝ իշխանամե՞տ է, այլընտրա՞նք, թե՞ ընդդիմություն։ Այնտեղ կան գործիչներ, որոնք խիստ ռադիկալ ընդդիմադիր կոչերով են հանդես գալիս, մինչդեռ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն։ Կա նաեւ երրորդ, այսպես ասած, գործարար թեւը, որն ընդհանրապես լռում է։

Բացառություն է կազմում թերեւս ՀՅԴ-ն, որը գաղափարական հենքի վրա ստեղծված կառույց է եւ մշտապես ներկայացրել է իր դիրքորոշումը երկրի համար առանցքային հարցերի վերաբերյալ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031