Սոնա Գրիգորյանը եւ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն 2013թ. դեկտեմբերի 27-ին դիմել էին ՀՀ ՍԴ՝ խնդրելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը եւ 1087.1 հոդվածի երկրորդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի եւ 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր»։ Սակայն Սահմանադրական դատարանը գործը վարույթ չի ընդունել։ Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։
– Պարոն Ղազարյան, ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է մեր դիմումը վարույթ ընդունել։ Ի՞նչ հիմքով կարող էր ՍԴ–ն մերժել այն։
– Եթե Սահմանադրական դատարանը մի հարցի հետ կապված կարծիք է հայտնում, դիրքորոշում է ներկայացնում եւ այդ նույն հարցով մեկ ուրիշն է դիմում, ապա այն այլեւս վարույթ չի ընդունվում, քանի որ մեկ երեւույթի վերաբերյալ չի կարող երկու անգամ նույն բանն ասել։
Կարդացեք նաև
Երբ ՍԴ-ին էր դիմել ՄԻՊ-ը, այդ ժամանակ մեկ նախադասությամբ ՍԴ-ն ասել էր, որ խնդիր կա, բաց կա, ու ԱԺ-ն պետք է շուտափույթ լսումներ կազմակերպի։ Ձեր գործը վարույթ չընդունելով՝ հասկանալի է դառնում, որ ՍԴ-ն վաղուց իր համար այդ հարցը որոշել է։
ԱԺ-ն պետք է 997 որոշման հիման վրա լսումներ իրականացներ, արդեն 2 տարի է անցել, սակայն ոչ մի բան չի արվել։ Հիմա, երբ դուք դիմել եք, ու եթե դա վարույթ ընդուներ, ապա այդ դեպքում նոր բան ր ասելու։ Պետք է ասեր, որ դա հակասահմանադրական վիճակ է, օրենքի մեջ առկա է բաց, որովհետեւ օրենքն իրավական պաշտպանություն չի տալիս քաղաքացիներին ոչ հրապարակային, բայց վիրավորող եւ զրպարտող խոսքից, եւ որ պետք է անպայման այդ բացն օրենքի մեջ լրացնել։ Այսինքն՝ հիմա այստեղ պարզից էլ պարզ է, որ Ազգային ժողովն է անգործություն ցուցաբերում, ու պետք է ինչ-որ կերպ ԱԺ-ին դրդել, որ այդ բացը վերացնի։ Ինչ-որ լոբբիստական աշխատանք պետք է տարվի կամ կոչ արվի, որ նախագիծ մշակվի եւ այլն։ Իսկ դուք ինչ հնարավոր էր, ձեր մասով արել եք։
– Բայց ՍԴ–ն կարող էր մեր դիմումի հիման վրա Ազգային ժողովին ստիպել անգործության փոխարեն փոփոխություն կատարել օրենքում։ Չե՞ք կարծում, որ այդ ամենում նաեւ ՍԴ–ի «մեղքն» էլ կա։
– Սահմանադրական դատարանն այդ լծակները չունի։ ՍԴ-ն արդեն մեկ անգամ ասել է, որ ԱԺ-ն պետք է շուտափույթ լսումներ հրավիրի, երկրորդ անգամ դա չի ասելու։ Դուք կարող եք հայտարարել, որ եթե մի պետությունում ՍԴ-ի որոշումը չի կատարվում, ուրեմն այդ պետությունում առկա է սահմանադրական ճգնաժամ։ Իսկ փաստ է, որ երկու տարուց ավելի է, ինչ ԱԺ-ն անտեսում է ՍԴ որոշումը, հետեւաբար երկրում սահմանադրական ճգնաժամ է։ Սա կարելի է միայն այսպես բացատրել։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում