Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սարգսյանը Քոչարյանին նշանակի վարչապետ, ապա պետք է հավաքի իրերը և դուրս գա Բաղրամյան 26-ից. «168 ժամ»

Հունվար 21,2014 10:44

Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ:

– Դուք ասում եք, որ հասարակությունը չի տեսնում իրական ընդդիմադիր ուժի, բայց հունվարի 20-ին Ազատության հրապարակում հավաքվածներն այդտեղ էին` իրական քաղաքական փոփոխությունների պահանջով:

– Այո, հասարակությունը մասնակցում է այդ հանրահավաքներին, որպեսզի տեսնի, թե ինչ են առաջարկում իրեն` այս վիճակը հաղթահարելու համար: Բայց հանրահավաքի գնալ` դեռ չի նշանակում` համոզված լինել, որ հարթակում գտնվող ուժերն ի զորու են լուծել այդ խնդիրները:

– Հանրահավաքի մասնակիցները պահանջում են և վանկարկում են նախագահի հրաժարականը: Կարո՞ղ է նախագահի հրաժարականի պահանջը միավորել հարթակի կուսակցություններին:

– Հայաստանի քաղաքական օրակարգը չի կարող լինել Սերժ Սարգսյանի կամ Տիգրան Սարգսյանի պաշտոնազրկումը: Օրակարգը համակարգային փոփոխությունների իրականացումն է, որի արդյունքում, բնականաբար, կլինի նաև իշխանափոխություն: Որպեսզի այդ ամենը տեղի ունենա սահմանադրական ճանապարհով, Հայաստանին պետք է ընդդիմություն, որը կառաջարկի ոչ թե անձերի փոփոխություն, այլ կառաջարկի քաղաքական ճգնաժամի լուծման ճանապարհներ:

– Դուք ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանն այնքան է հեղինակազրկված, որ քաղաքական ուժերը խուսափում են նրա հետ համագործակցելու մասին հայտարարելուց: 2006-2007թթ. երբ խոսք էր գնում Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին, քաղաքական ուժերից շատերը, այդ թվում` ՀԺԿ-ն, «Հայրենիք և պատիվ» կուսակցությունը և էլի շատերը կտրականապես բացառում էին որևէ համագործակցություն նրա հետ, բայց հետո հայտնվեցին նրա թեկնածությունը պաշտպանող ուժերի ճամբարում: Մի՞թե նույնը չի կարող լինել Ռոբերտ Քոչարյանի պարագայում:

– Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև հավասարման նշան դնելն ամենևին տեղին չէ: 2007թ. Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց կոնսոլիդացնել քաղաքական դաշտը և հասարակության մի զգալի շերտի: Դա տեղի ունեցավ, որովհետև Տեր-Պետրոսյանն ընդունեց իր իշխանության օրոք տեղի ունեցած սխալների պատասխանատվությունը և առաջարկեց գործարք հասարակությանը: Նա առաջարկեց մի քանի բանաձևեր. ես եմ բերել, ես էլ կհեռացնեմ, օգտագործեք ինձ` երկրում փոփոխությունների հասնելու համար: Լևոն Տեր-Պետրոսյանը հասարակությանն առաջարկեց պայմանագրային հարաբերություններ, և հասարակության մի լայն զանգված ընդունեց դա: Բացի այդ, Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին Մարտի 1-ի սպանդ չի եղել: 1996թ. եղել են հետընտրական բախումներ, բայց կիրառված ուժն այնպիսին չի եղել, որ դրա հետևանքով մարդկային կորուստներ լինեին: Եվ վերջապես, Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին չի եղել գործողություն, որը ճակատագրական կլիներ պետության համար, ինչպիսին էր 1999թ. հոկտեմբերի 27-ը: Եվ նորից եմ կրկնում եթե Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց ստանալ հասարակության մի զգալի հատվածի աջակցությունը, ապա Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես զրկված է այդ աջակցությունից:

 ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031