Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ էր ասում ԿԲ-ն «շինարարական փուչիկի» մասին 2007-ին. Սիվիլնեթ

Հունվար 21,2014 10:25

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ մինչև 2008-2009-ի ճգնաժամը Հայաստանում «շինարարական փուչիկ» էր ձևավորվել։

Ըստ Սիվիլնեթի,  այդ «փուչիկը» 2007թ. իր առավելագույն մակարդակին էր, իսկ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահն էր: Քանի որ ԿԲ-ն կառավարությունից անկախ մարմին է, հնարավորություն ունի իր հաշվետվություններում ավելի օբյեկտիվորեն գնահատել տնտեսական իրավիճակը: Եթե տնտեսությունում վտանգավոր փուչիկներ են գոյացել՝ ԿԲ-ն պետք է որ այդ ժամանակ ահազանգեր այդ մասին: Փորձենք պարզել, թե ի՞նչ գնահատականներ են տեղ գտել ԿԲ հաշվետվություններում 2007թ.:

2007 թ. ֆինանսական կայունության հաշվետվության հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ ԱՄՆ-ում սկսված հիփոթեքային ճգնաժամը, որն արդեն գլոբալիզացման միտում ուներ, որևէ կերպ չի կարող ազդել Հայաստանի վրա, քանի որ ՀՀ բանկերը կախվածություն չունեն միջազգային ֆինանսական շուկաներից, չունեն նաև արտասահմանյան արժեթղթերի պորտֆելներ: Այս ոչ ճիշտ եզրակացությունը հետագայում չար կատակ խաղաց Տիգրան Սարգսյանի հետ, քանի որ որպես վարչապետ նա շարունակում էր պնդել, որ գլոբալ ճգնաժամն էական ազդեցություն չի թողնի Հայաստանի վրա: ԿԲ մասնագետները հաշվի չէին առել, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայի ընդլայնումը կրում է գլոբալ գործընթացների ազդեցությունը:

Այդ նույն հաշվետվության մեջ նշվել է, որ 2007թ. շինարարության բարձր աճին նպաստել է բնակչության եկամուտների շարունակական աճը՝ պայմանավորված մասնավոր տրանսֆերտներով, աշխատավարձերով ու գործազրկության նվազմամբ: Ընդ որում՝ շինարարության աճի մեծ մասը 2007թ. ապահովվել է ճանապարհաշինության ծավալների աճի արդյունքում։ Միայն մեծագույն սուբյեկտիվիզմի պարագայում սա կարելի է դիտարկել որպես փուչիկի փչում: Նույն տրամաբանությամբ՝ այսօր կառավարությանը կարելի է մեղադրել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու միջոցով շինանրարական փուչիկ փչելու մեջ։
Ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ մասնավոր բնակարանաշինության աճի լոկոմոտիվ է դիտարկվել մարդկանց եկամուտների աճը, իսկ դա արդեն օբյեկտիվ տնտեսական գործոն է։ Ի դեպ՝ մարդկանց եկամուտների աճը ընդհանրապես դիտարկվել է որպես տնտեսական աճի հիմնական խթան, քանի որ նպաստել է մասնավոր սպառման աճին: Սա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ներկայում Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ մարդկանց եկամուտները նվազում են (աշխատավարձի աճը ետ է մնում գների աճից): Վերջին հինգ տարիների ընթացքում սա տեղի է ունենում երկրորդ անգամ (2011թ. և 2013թ.). բացառիկ երևույթ Հայաստանի ողջ պատմության ընթացքում:

Այսպիսով՝ ԿԲ-ն իր հաշվետվություններում երբևէ մտահոգություն չի հայտնել շինարարական ծավալների աճի վերաբերյալ: Ընդհակառակը՝ դա նշվել է դրական լույսի ներքո՝ որպես հետևանք մարդկանց իրական եկամուտների աճի: Իսկ այն, որ մարդկանց եկամուտներն ուղղորդվել են դեպի շինարարություն և ոչ այլ ոլորտներ, հետևանք էր կապիտալի շուկայի չկայացվածության: Սակայն դրա պատասխանատուն նույնպես ԿԲ-ն էր:

 Սամվել Ավագյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031