Ջողազի ջրամբարով բաժանված հայ և ադրբեջանական գյուղերի բնակիչներին ջրից բացի բաժանում է Ղարաբաղյան կոնֆլիկտը, մինչդեռ նախապատերազմյան շրջանում նրանք ջերմ հարաբերություններ են ունեցել իրար հետ. քավոր-սանիկ եղել ու մտերմություն արել:
«Մենք ատելությամբ լցված չէինք նրանց հանդեպ. ժողովուրդն ինչ պիտի անե՞ր,- «Մեդիալաբին» ասում է բերքաբերցի 78-ամյա Ամալյա Մադաթյանը,- եթե հիմա հնարավորություն լիներ՝ էլի բարեկամություն ու հարևանություն կանեինք»:
Գյուղի ամենահնաբնակներից մեկը՝ 1930թ. ծնված Սիրան Արզումանյանը ևս դրական հուշեր ունի ջրից այն կողմ մնացածների մասին:
«Մեր տարեկիցներին բոլորին ճանաչում էինք, մեր ջահելներն էլ իրար հետ լողանում էին,- մտմտալով ասում է Սիրան տատիկը,- դեռ մինչև 1991թ. նրանք գնում-գալիս էին ու խոսում էին կռիվ չանելու մասին, բայց դա ասում էին մեծերը, հիմա ջահելները ուրիշ ձևով են մտածում. սերունդ ա փոխվում»:
Կարդացեք նաև
Բերքաբերը Տավուշի մարզում Ադրբեջանի հետ ունեցած 160 կմ երկարությամբ ձգվող շփման գծին ամենամոտ տեղակայված երկու գյուղերից մեկն է. Բերքաբերից ադրբեջանական Մազամ մեկ կմ էլ չկա: Գյուղի նախկին 1130 հա տարածքից 830-ը այժմ գտնվում է ջրի այն ափում, իսկ այս ափում մնացած մոտ 30 հա հողի 35 տոկոսն էլ գնդակոծման վտանգի պատճառով չի մշակվում: Բերքաբերը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տվել է 11 զոհ:
Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի խոսքով՝ հակառակ կողմից հնչող կրակահերթի ձայնը սովորական է բնակիչների համար ու կովերի փափկամսերի մեջ էլ անգամ կարելի է փամփուշտի հետքեր տեսնել:
«Դա նույնիսկ երեխաների համար է սովորական դարձել. մեկ էլ կլսես թե՝ այ սենց վզզալով անցավ, կամ այ նենց անցավ»,- ձեռքի շարժումով ցույց է տալիս Մադաթյանը:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում ապրում է մարզի բնակչության կեսից ավելին, իսկ գյուղական բնակչության 72 տոկոսը:
Մադաթյանն ասում է, որ գյուղը Հայաստանի դարպասներից մեկն է:
«Մեր գյուղը շատ պինդ գյուղ է,- «Մեդիալաբին» ասում է նա,- չնայած աշխատատեղ չկա, բայց գյուղացիները ձիգ են ու դիմանում են դժվարություններին»:
Մոտ 530 բնակիչ ունի սահմանապահ Բերքաբերը, դպրոցում սովորում են 35 աշակերտ, այս տարի էլ բացվել է մանկապարտեզը: 2013թ-ին գյուղում ծնվել է 6 երեխա: Բյուջեն 8 մլն 600 հազար դրամ է:
«Սահմանամերձ գոտի» կամ «սահմանամերձ բնակավայր» եզրերը նկարագրված են 2002թ. ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրին կից փաստաթղթերում, որի համաձայն Տավուշի մարզում այս չափանիշներին համապատասխանող բնակավայրերի թիվն ամենամեծն է` 59-ից 42 գյուղ համարվում են սահմանամերձ: Սակայն բոլոր այս գյուղերից 16-ը դասավորված են անմիջականորեն սահմանի երկայնքով:
Այս գյուղերի բնակիչները հազվադեպ են շփվում «դրսի աշխարհի» հետ. հեռու և վատ ճանապարհների պատճառով քչերն են այցելում սահմանամերձ գյուղեր:
«Երբ գյուղ օտար մարդ է մտնում՝ նրանք զարմանում են,- ասում է «Սահման» ՀԿ նախագահ Ջորջ Տաբակյանը,- սակայն նրանք կարիք ունեն և ուզում են շփվել մարդկանց հետ»:
Այս ՀԿ-ն տեղական բիզնեսի զարգացմանը նպաստելու համար Բերքաբերի բնակիչներին օգնում է ջերմոցներ հիմնել և այսպիսով օրվա ապրուստը վաստակել: 2012-2013թթ. ընթացքում գյուղում արդեն 7 ընտանիք մոտ 100քմ. մակերեսով ջերմոց ունի, որտեղ պոմիդոր, վարունգ է աճեցնում:
«Մենք օգնում ենք, որ ջերմոցը կառուցեն, առաջին բերքի սածիլներն ենք տալիս, թրեյնինգներ ենք անում, թե ինչպես հետևել ջերմոցներին և կիրառել կաթիլային համակարգը»,- ասում է Տաբակյանը:
Գրետա Հարությունյանի ընտանիքը «Սահման» ՀԿ-ի շահառուներից է: 7 շնչից բաղկացած ընտանիքի մայրը «Մեդիալաբի» լրագրողին ուղղորդում է դեպի այգի, որտեղ մրգի ծանրությունից ճկռած ծառներից ազատ մի փոքր տարածքում հպարտորեն կանգնած է ջերմոցը: Տիկին Գրետան խնամքով բացում է ջերմոցի ցելոֆանե դուռը՝ ջերմագին հայացքով շոյելով փխրած ու մշակված հողը:
«Մենք 25 տարի ա, որ մեր տանը լուսամուտ չենք ունեցել, բայց մեկ ա՝ էս գյուղին կպած ենք ու էստեղից գնացողը չենք»,- ասում է նա: Հետո առաջնորդում է տուն, ցույց տալիս փամփուշտի հետքերը տան ներքին պատերին:
Սահմանամերձ գյուղերի բնակիչների ամենամեծ խնդիրներից մեկը դիպուկահարների առկայությունն է, ինչպես նաև հողերի ականապատվածությունը, որի պատճառով հողերի միջինում 25 տոկոսը չի մշակվում:
Բերքաբերը խմելու ջրի խնդիր ունի: Սովետական շրջանում գյուղի խմելու ջուրը գալիս էր Աճարկուտից, որը գյուղից 16-17 կմ. հեռու է: Խողովակաշարը վաղուց դուրս է եկել շարքից, իսկ վերանորոգելու համար գումար չկա: Գյուղացիների խմելու ջրի միակ աղբյուրն էլ գյուղապետարանի կողքին գտնվող նվազ աղբյուրն է:
Գյուղապետն ասում է, որ իրենց նույնիսկ վարկ չեն տալիս:
«Մտածում են՝ կմեռնենք, չենք տա գումարը,- ասում է նա,- մենք նաև չենք հիվանդանում. գյուղի կանանցից մեկը, որ ինֆարկտ էր տարել՝ մինչև հասցրին Իջևան, ճանապարհին մահացավ»:
Սակայն ընդհանուր խնդիրներից բացի, յուրաքանչյուր գյուղ ունի իրեն հատուկ խնդիր, և Բերքաբերի մասնավոր խնդիրը, թերևս այն է, որ ջրի կողքին լինելով հանդերձ՝ ոռոգման խնդիր ունի. շփման գծի տակ լինելու պատճառով՝ Բերքաբերը չի կարողանում օգտվել Ջողազի ջրամբարից:
Մանրամասն կարող եք կարդալ Medialab.am-ի կայքում
Եթե Տավուշի հանճարեղ մարզպետը իր ոչ պակաս հանճարեղ խորհրդականի վրա ծախսվող գումարների մի մասը տրամադրի Բերքաբերի հերոս ժողովրդին գոնե մի խնդիր պակաս կունենան այս մարդիկ: