«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում օրեր շարունակ հացադուլ հայտարարած դատապարտյալ Արթուր Այվազյանը՝ Մանախ մականունով, այսօր դուրս է եկել հացադուլից՝ իր օրինական պահանջները բավարարված համարելով:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Շմայսի եղբոր թիկնազորի նախկին պետը՝ Մանախը, Aravot.am-ին պատմեց, որ հացադուլ էր հայտարարել իր անձնական գործից իր պահանջած փաստաթղթերը ստանալու համար, որոնք պետք է ներկայացներ ՄԻՊ-ին. «Ամբողջ խնդիրն այն էր, որ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նամակ եմ ստացել, որով պահանջվում էին որոշակի փաստաթղթեր՝ այն դատավորի կողմից կայացրած ակտերի վերաբերյալ, որոնք վերաբերում էին ինձ պատժից պայմանական վաղաժամկետ չազատելու հետ: Խնդրել էի պաշտպանին, որ միջոցներ ձեռնարկի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: ՄԻՊ-ը այդ առիթով որոշ փաստաթղթեր էր պահանջել, դիմել էի վարչակազմին, ինձ տրամադրել իմ անձնական գործից: Պարզվեց Շիրակի մարզի դատախազը՝ Րաֆֆի Ասլանյանը եւ քրեակատորղական վարչության պետի առաջին տեղակալը ցուցում են տվել ՄԻՊ-ին տրամադրվող այդ փաստաթղթերը ինձ չտրամադրել: Հացադուլ հայտարարեցի ի նշան բողոքի, 72 ժամ անց բոլոր փաստաթղթերը տրամադրվեցին»:
Արթուր Այվազյանն ասաց, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում տալ Հատուկ քննչական ծառայությանը՝ իր հացադուլի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանի տարածած հաղորդագրության առիթով. «Տարածել էր, թե ես հացադուլ եմ հայտարարել, որ ինձ ճանաչեն քաղբանտարկյալ: Պաշտոնական կեղծիք է, քանի որ ես իմ հացադուլի դիմումի մեջ էլ եմ նշել, որ իմ նկատմամբ քաղաքական հետապնդումները սանձազերծվել են վարչակազմի կողմից… Գոռ Ղլեչյանը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ լրատվամիջոցներին տարածել է կեղծ տեղեկատվություն, պաշտոնական կեղծիք՝ իմ հացադուլի վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ