Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայում բազմամարդ երթերով են նշել Դինքի սպանության տարելիցը․ «Ազատություն»

Հունվար 20,2014 20:51

Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը Թուրքիայի տարբեր քաղաքներում նշվել է բազմահազարանոց երթերով:

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին:

«Ակոս»-ի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հնարավոր չէ արդար դատաստան ակնկալել մի պետությունից, որը կազմակերպել էր Դինքի սպանությունը:

«Դատավարությունը, մենք բոլորս համոզված ենք, որ երբեք արդարություն չի հանգելու, որովհետև պետական ոճրի զոհ գնաց: Պետությունն էր այդ ոճրի կազմակերպողը, հիմա դատողը դարձյալ պետությունն է: Հետևաբար` այս դատարանից ոչ ոք արդարություն չի ակնկալում: Հասարակությունն էլ չունի, Հրանտի ընտանիքն էլ այդպիսի ակնկալություն չունի, մենք` ընկերներս էլ չունենք», – նշեց նա:

Երեկ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ ու քաղաքական գործիչներ: Սգո երթի մասնակիցները կրում էին պաստառներ` «Հրանտ ենք», «Բոլորս հայ ենք», «Հրանտի համար», «Արդարության համար» գրություններով:

«Մահից հետո էլ Հրանտը իր ընդդիմադիր շունչը պահում է երկրի վրա», – ասաց Իստուկյանը:

Մի քանի տարի ձգված դատավարությունից հետո` 2012 թվականին Դինքի սպանության համար դատարանը 23 տարվա ազատազրկման դատապարտեց 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթին, սպանությունը պատվիրած Յասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ երեկ հայտարարություն է տարածել Եվրոպայում համագործակցության և անվտանգության կազմակերպությունը (ԵԱՀԿ): «Հրանտ Դինքի սպանությունից 7 տարի անց այս ահավոր հանցագործության հետևում կանգնած կազմակերպիչները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել», – ասել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը` ընդգծելով. – «Թուրքիայի իշխանությունները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը և այլևս չհետաձգեն արդարության վերականգնումը»:

 

Մանրամասները՝ կարդացեք «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031