Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատանցիների գազի վարձը 150-200 հազար դրամ է կազմել, շատերը դռները կողպել ու հեռացել են

Հունվար 20,2014 20:05

Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը: Նշենք, որ հանրապետության երբեմնի հարուստ այս գյուղում մարդիկ առանձնատներում են բնակվում, մեծ մասինը  երկհարկանի է, որը և կոմունալ վճարների թանկացման պայմաններում պատուհաս է դարձել գյուղացիների գլխին: Մեր զրուցակցի ասելով, իր տունը մեկհարկանի է` 225 քառ.մետր, որից ջեռուցվում է ընդամենը 145 քառ.մետրը, սակայն դարձյալ  ճար ու հնար չկա, դեկտեմբեր ամսվա գազի վարձավճարը մոտ 150 հազար դրամ է կազմել` նախորդ տարվա 90 հազար դրամի փոխարեն:

«Մեր գյուղում երկհարկանի տները չափից դուրս շատ են, ամենաշատ խնայողություն անելու, ասենք գիշերները տունը չջեռուցելու,  տան ոչ բոլոր սենյակները տաքացնելու դեպքում անգամ մեր գյուղի բնակիչը նվազագույնը 200 հազար դրամ պետք է ունենա ամեն ամիս սպառած գազի դիմաց: Եկեք, տեսեք, մեզ մոտ կարծես 91-92 թվականները լինեն,  մարդիկ հաստ շորերով  փաթաթված  ստիպված հավաքվում են տան մեկ կամ երկու սենյակում, իրար գլխի լցված են ապրում, որովհետև չեն կարողանում էդքան գումար տալ:

Տների մեծ մասում ջեռուցման համակարգ է քաշած, բայց ստիպված անջատել են դրանք, փայտ ու  ինչ ասես վառում են տաքանալու համար: Իսկ ամենաողբերգականը գիտեք որն է,  մեր գյուղի առանձնատներից շատերի դռները արդեն փակ են. մեր տղամարդիկ աշխատելով դրսերում` Յակուտիայում,Մոսկվայում ու Ռուսաստանի կենտրոնական հատվածներում, կոմունալ վճարներ տալու փոխարեն ձմռան նախաշեմին  գերադասեցին ընտանիքի մնացած անդամներին Ռուսաստան տանել, հետո էլ ասում են, թե ինչո՞ւ է երկիրը դատարկվում»,- ցավով  նշեց Գևորգ Աբրահամյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031