Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն սկսեց մարզային խորհրդակցությունների շարքը

Հունվար 20,2014 19:45

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր սկսեց մարզային խորհրդակցությունների շարքը, որոնց ընթացքում կամփոփվեն  մարզերում  2013թ. կատարված աշխատանքները եւ կներկայացվեն 2014թ.  ծրագրերն ու անելիքները:

Խորհրդակցություններն անցկացվելու են հետեւյալ օրակարգով.

  • Մարզային զարգացման ծրագրերի կատարման ընթացքի ներկայացում
  • 2013թ. մարզերում իրականացված կապիտալ ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր
  • 2013թ. իրականացված եւ 2014թ. իրականացվելիք վարչական հսկողության գործընթացին առնչվող հարցեր
  • 2013թ. մարզի տարածքում իրականացված ստուգումների արդյունքների ամփոփում
  • 2013թ. գյուղատնտեսության ոլորտի ամփոփում եւ 2014թ. նախատեսվող աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր
  • 2013թ. հանրակրթական դպրոցների գործունեության ամփոփում եւ 2014թ. արդյունավետ գործունեությանն առնչվող հարցեր
  • 2013թ. առողջապահական հիմնարկների գործունեության ամփոփում եւ 2014թ. արդյունավետ գործունեությանն առնչվող հարցեր
  • ինֆոտեխնոլոգիաների բնագավառում 2013թ. իրականացված աշխատանքներ եւ 2014թ. կանխատեսումներ
  • 2013թ. համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին առնչվող հարցեր
  • 500.0 հազ. դրամ եւ ավելի հողի ու գույքի հարկի, ինչպես նաեւ վարձակալության գծով պարտավորություններ ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից գումարների գանձման գործընթացին առնչվող հարցեր
  • համայնքների 2014 թ. բյուջեների կազմման եւ հաստատման գործընթացին առնչվող հարցեր
  • 2014թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքների աշխատակազմերում ձևավորված աշխատավարձերի պարտքերին առնչվող հարցեր
  • համայնքներում 2008-2012թ.թ. մատուցված ծառայություններին  վերաբերող հարցեր
  • համայնքային ծառայության բնագավառի խնդիրներ

 

Առաջին խորհրդակցությունն այսօր անցկացվեց Տավուշի մարզում, որին մասնակցում էին մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության պատասխանատուներ:

Նշվեց, որ 2013 թ. մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 99.2.%: 2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 8.2 %-ով  կամ 182,7 մլն դրամով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 90.7 %-ով,  գույքահարկինը` 107.8 %-ով:  Փոխվարչապետն  ընդհանուր առմամբ դրական գնահատելով ցուցանիշները` միաժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց հողի հարկի հավաքագրումների տվյալների վրա` նկատելով, որ թերի հավաքագրումներից առաջին հերթին տուժում է  հենց համայնքային բյուջեն:

Ա. Գեւորգյանն առանձնահատուկ անդրադարձավ  խոշոր հարկատուների կողմից  հողի հարկի, գույքահարկի եւ  վարձակալության մասով ունեցած  պարտավորությունները ժամանակին կատարելու  հարցին: Նշվեց, որ  հունվարի 10-ի դրությամբ հողի  հարկի եւ գույքահարկի մասով միայն խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է 8,7 մլն դրամ: Փոխվարչապետը ներկաներին եւ, մասնավորապես, համայնքների ղեկավարներին  հորդորեց գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի հատկապես խոշոր հարկատուների կողմից համայնքի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ կատարվեն եւ անթույլատրելի համարեց պարտքերի առկայությունը:

Առանձնահատուկ անդրադարձ եղավ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  վարելահողերի վարձակալության  տրամադրման  ընթացակարգերին:   Փոխվարչապետը   կարեւորեց  նշված ընթացակարգերի պարզեցումը, ինչպես արվել  էր արոտավայրերի  վարձակալության պարագայում:

Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ, որ մարզի համայնքներում արդեն ավարտվել է 2014թ. բյուջեների կազմման գործընթացը: Մարզպետարանի պատասխանատուները նշեցին, որ անհրաժեշտ մեթոդական աջակցություն ցուցաբերվել է համայնքներին, կազմվել են բավականին իրատեսական ֆինանսական փաստաթղթեր:

Ա. Գեւորգյանը  խորհրդակցությանը ներկա  համայնքների  ղեկավարներին առաջարկեց հետեւողական լինել բյուջեների ամբողջական կատարման հարցում, ինչը հնարավորություն կտա ապահովել  նախատեսված ծրագրերի իրականացումը:

Քննարկվեցին  նաեւ մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրների հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանն առաջարկեց  սեղմ ժամկետներում ավարտել անհրաժեշտ աշխատանքներն ու պայմանագրերի կնքման գործընթացը`հաշվի առնելով, որ կառավարությունն արդեն հաստատել է համապատասխան որոշումները, ինչպես նաեւ հորդորեց հետեւողական լինել, որպեսզի աշխատավարձերի վճարումների ուշացումներ չլինեն:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նաեւ  համայնքների աշխատակազմերի  աշխատակիցների  առավելագույն  թվաքանակի մոդելը, որը մշակվել է   Տարածքային կառավարման նախարարության կողմից` հիմք ընդունելով բնակչության թիվը:

Տվյալներ ներկայացվեց նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ մարզի համայնքներում կատարված աշխատանքների մասին: Նշվեց, որ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի 62 համայնքներից  29-ում,  22 համայնք ունի նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժի հնարավորություն: Փոխվարչապետը հորդորեց ակտիվ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը կարեւոր համարելով ինչպես աշխատանքների  արդյունավետության, այնպես էլ թափանցիկության տեսանկյունից:

Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր կառավարության կողմից  գյուղատնտեսության աջակցության ծրագրերի իրականացմանը:  Փոխվարչապետին զեկուցվեց, որ ամփոփվել է 2014թ. համար մարզի հողօգտագործողների`  պարարտանյութի, դիզվառելիքի, սերմնացուի  պահանջարկը, եւ  համապատասխան տվյալները կներկայացվեն կառավարություն:

Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին 2013թ. մարզում տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքների մասին: Նշվեց, որ ընդհանուր առմամբ կատարվել է  ավելի քան  26 մլրդ դրամի ներդրում, որոնցից 21,5 մլրդ դրամը` քաղաքաշինության,  840,5 մլն դրամը` ճանապարհաշինության, 810 մլն դրամը` ջրամատակարարման,  1 մլրդ դրամը` գազիֆիկացման, 2 մլրդ դրամը` դրենաժային ցանցի կառուցման բնագավառներում: Փոխվարչապետն անդրադառնալով կապիտալ ծրագրերին ` հատկապես ընդգծեց  ճանապարհաշինական ծրագրերի ժամանակին  իրականացման կարեւորությունը` հարցն  առաջնահերթ համարելով  Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանի համայնքների  տրանսպորտային հաղորդակցության ապահովման տեսանկյունից:

Փոխվարչապետը մարզպետարանի պատասխանատուներին եւ համայնքների ղեկավարներին հորդորեց նաեւ ամենայն աջակցություն ցուցաբերել Դիլիջան քաղաքի  զարգացման ծրագրերի իրականացմանը:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Garegin says:

    Առավել զավեշտական է հնչում 2013թ. մարզում կատարված 26 մլրդ դրամի ներդրմը, որից 21,5 մլրդ դրամը քաղաքաշինության ոլորտում է կատարվել: 2013թ. ՎՊ-ն Տավուշի մարզում պլանային ստուգումներ է իրականացրել և բացահայտել քաղաքաշինության ոլորտում առկա թերությունները, մսխումները, յուրացումները, որի արդյունքները սակայն հասկանալի պատճառներով վերևներում ճահճախեղդ են արվել: Լավ կլիներ, որ խորհրդակցության ընթացքում փոխվարչապետն առավել լուրջ հարցերի անդրադառնար՝ զբաղվածություն, արտագաղթ, Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի վրա աննպատակ /աննպատակ, քանի որ նոր կառուցվողը նույնպես հակառակորդի կրակային զոնայում է գտնվում/ գումարներ ծախսելուն, մարզպետի տխմարության պատճառով ՛՛Բենտոնիտ՛՛ գործարանի չաշխատելուն և այլն, առավել ևս, որ ՛՛Առավոտ՛՛-ը պարբերաբար անդրադարձել է այս հարցերին: Ստացվում է, որ այս ՛՛խոսուն՛՛ թվերի առկայության պարագայում տավուշեցիներն էլի դժգոհում են, իսկ ՀՀ նախագահն էլ իր մեջ կմտածի, որ Տավուշում էլի որոշ բույսեր սկսել են թարս աճել, …առնվազն արդարացի չէ: Պարոն նախագահ մեր մարզում միայն մեկ բույս է թարդ աճում, դա մարզպետն է:

  2. Arsen says:

    Նշվում է, որ 2013 թ. մարզի համայնքների բյուջեների կատարողականը կազմել է 99.2.%, հողի հարկի հավաքագրումը կատարվել է 90.7 %-ով, գույքահարկինը` 107.8 %-ով, մարզում էլ 26 մլրդ դրամի ներդրում է կատարվել, այսինքն ամեն ինչ գեր-գերազանց է: Ձեզ չի թվում, որ ժողովուրդը վաղուց է տեղյակ, որ Տավուշը ձեզ համար սարքել եք գումարներ պտտելու տարանցիկ գոտի ու տոկոսների խաղեր եք տալիս, թքած ունենալով մարզում առկա խնդիրների վրա: Պարոն փոխվարչապետ եթե Տավուշում ամեն ինչ 100 %-ին մոտ է կամ առավել, ինչու են մարդիկ հեռանում, այս հարցը ձեզ երբևէ չի հուզել, թե ձեր աշխատասենյակից միայն տոկոսներն են երևում: Ճիշտ կանեիք խորհրդակցության ժամանակ այս ամենի մասին խոսեիք, մարզպետի ու նրա խորհրդականի կողմից ապազգային ու հակապետական գործունեությանը գնահատական տայիք, գումարների մսխման դեմն առնլու միջոցներ ձեռնարկեիք, իսկ դուք…

  3. kamo says:

    Ափսոս բացակայում են հոդվածը մեկնաբանող գույնզգույն սխեմաները,գրաֆիկները,կայուն
    աճ ցույց տվող աբստրակցիոնիստական խճճված գծերը,մարզպետի հարստության բաղադ-
    րիչների զարգացման կորերը:Ներդրված գումարների չափի մասին տեղեկատվությունը մարզի բնակիչների մոտ ավելացնելու է հիպերտոնիայի,կաթվածի,ինսուլտի երևույթները:Ինչպես են
    այդ միջոցները վստահվում կոռումպացված,հարբեցող,մուղամասեր մարզպետին:

  4. kamo says:

    Ափսոս բացակայում են հոդվածը մեկնաբանող գույնզգույն սխեմաները,գրաֆիկները, կայուն աճ ցույց տվող աբստրակցիոնիստական խճճված գծերը,մարզպետի հարստու- թյան բաղադրիչների զարգացման կորերը:Ներդրված գումարների չափի մասին տեղե- կատվությունը մարզի բնակիչների մոտ ավելացնելու է հիպերտոնիայի,կաթվածի,ին- սուլտի երևույթները:Ինչպես են այդ միջոցները վստահվում կոռումպացված,հարբեցող, մուղամասեր մարզպետին:

  5. karine says:

    Հոդվածում ,,Մարզային զարգացման ծրագրերի,, բառակապակցության փոխարեն ան-
    հրաժեշտ է գրել ,,Մարզային վերակենդանացման ծրագրերի,, բառակապակցությունը:
    Հույս ունենք ,որ մարզպետ Ա.Ղուլարյանը չի հասցնի մարզպետարանը մարզի թաղման
    բյուրո դարձնել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031