Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանի համար դատախազը պահանջում է տուգանք, համաներում եւ քրեական հետապնդման դադարեցում

Հունվար 20,2014 17:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը խորհրդակցական սենյակում է եւ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական ակտը կհրապարակի վաղը, ժամը 9.55-ին:

Մեղադրողը Հմայակ Հովհաննիսյանի ցուցմունք տալուց հետո միջնորդեց դատարանին՝ տուգանել 100 հազար դրամի չափով, կիրառել համաներում, նրան ազատել պատժի կրումից եւ վերացնել խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին որոշումը:

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը թե իր ցուցմունքում, թե պաշտպանական ճառի եւ վերջին խոսքի ժամանակ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ 2012թ. ապրիլի 21-ին, լինելով ԱԺ պատգամավորության թեկնածու, քարոզարշավի օրը փորձել է մտնել իր նախընտրական շտաբ: Այդ օրը եղել է շաբաթ եւ իրեն հանդիպած Հայհիդրոնախագիծ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանը հայտնել է, թե սպասում էր իրեն: Նա հայտարարել է, որ մտադիր չէ շարունակել եւ շտապել է Քաղաքագետների միության շենք: Սենիկ Ջուլհակյանի գործողությունները Քաղաքագետների միության նախագահը որակեց սադրիչ, մասնավորապես՝ երբ Ջուլհակյանը կանգնել է մուտքի մոտ եւ աջից ու ձախից տեսանկարահանել են: Հ. Հովհաննիսյանը պնդեց, որ մատով չի դիպչել Ջուլհակյանին, ֆիզիկական շփման մեջ չի գտնվել նրա հետ:

Իսկ թե ինչպես է Ջուլհակյանը ստացել միջին ծանրության վնաս, նա մեջբերեց բժշկական ամփոփագրից (հերթապահ մասի), համաձայն որի՝ Սենիկ Ջուլհակյանը հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է մատները դռան արանքում մնալու հետեւանքով:

Ըստ Քաղաքագետների միության նախագահի, սովորաբար երբ մարդը տուժում է, նա հակված է լինում ինչ-որ բան չափազանցնելու, սակայն այստեղ հակառակ պատկերն է եղել: «Արդյոք Սենիկ Ջուլհակյանը չի՞ ընկել քաղաքական հակառակորդների ազդեցության տակ, հետագայում փոխելով իր ցուցմունքը: Ես կներեմ նրան, եթե ասի, թե ազդեցություններ եղել են»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

Նա մի քանի անգամ զգուշացվեց դատավորի կողմից, իսկ դատախազը մեկ անգամ առարկեց, քանի որ նրա ցուցմունքը, ըստ էության պաշտպանական ճառ էր՝ վկաների, դատաբժշկական փորձաքննության եզրակացության մասին գնահատականներով:

Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը դեմ է բռնությանը, քանի որ իր ականջում դեռ հնչում են Կարեն Դեմիրճյանի խոսքերը՝ «նման ձեւով հարցեր չեն լուծվում»:

Նա ասաց, որ իր դեմ հարուցված այս մեկ քրեական գործը , 4 քաղաքացիական գործերը, «էլի մի քանի նախատեսվող», ուղղված են եղել իրեն քաղաքական գործունեությունից զրկելու, ԱԺ պատգամավոր դառնալու հնարավորությունից:

Հմայակ Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ ինքը բիզնես ծրագրեր չի իրականացրել, չի իրականացնում եւ լինելով հասարակական կազմակերպության ներկայացուցիչ՝ զրկել են իրեն նաեւ հանրային պաշտպան ունենալու հնարավորությունից:

Ի դեպ, նա մեջբերեց ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2012թ. զեկույցից մի հատված, որը վերաբերում էր դատաիրավական համակարգին, մասնավորապես՝ վկաներին: Ըստ պետդեպի՝ վերահսկվում են վկաների ցուցմունքները, դատական գործընթացներից հեռացվում են այն վկաները, որոնք վկայակոչում են մեղադրյալի անմեղությունը: Հմայակ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, չդատակոչվեցին այն վկաները, որոնց մասին պաշտպանական կողմը միջնորդություն էր արել: Մասնավորապես՝ 2012թ. ապրիլի 28-ին You Tube-ով տեսանյութերը տարածած անձինք (այդ օրվա միջադեպը):

Պաշտպանական ճառի ժամանակ Հմայակ Հովհաննիսյանն անդրադարձավ Aravot.am կայքին՝ միջադեպի հետ կապված մեր հրապարակմանը, միակ ապացույցին, որը դրվել էր գործի նյութերում: «Հրապարակումից քննիչը պոկել է մի նախադասություն, հետագա նախադասությունները չի հրապարակել, այնտեղ ասված է, որ ես ուժ եմ գործադրել, մինչդեռ նկատի եմ ունեցել, որ ուժ եմ գործադրել ոչ թե Սենիկ Ջուլհակյանի նկատմամբ, այլ նկատի եմ ունեցել իմ՝ գրասենյակ ներս մտնելը, խցկվելը: Դրան էր վերաբերվում ուժ գործադրելը»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Տուժող՝ Հայհիդրոէներգոնախագիծ ընկերության նախագահ Սենիկ Ջուլհակյանն ասաց, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի եղել, նա քաղհայցի պահանջ չուներ՝ առողջության վերականգնման ծախսերի հետ կապված, իսկ Հովհաննիսյանի այն արտահայտությանը, թե վկաները «վարձված» էին իր կողմից, չի կարելի ասել: «Ես եմ կոլեկտիվի, իրենց աշխատանքից կախված»,- ասաց նա:

hmayal_02

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031