Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Գևորգյան. «Արմեն Մովսիսյանը ոնց որ «Գազպրոմի» ներկայացուցիչը լինի Հայաստանում»

Հունվար 20,2014 17:13

«Արմեն Մովսիսյանը ոնց որ «Գազպրոմի» ներկայացուցիչը, աշխատողը  լինի Հայաստանում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` գազային համաձայնագրին վերաբերող հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am-ին տված հարցազրույցում մի այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել. «Ինչ վերաբերվում է մինչև 2043 թվականը համաձայնագրի գործողության ժամկետին, ապա դա համապատասխանում է այն ժամկետին, որի ընթացքում «Գազպրոմ»-ը պետք է կարողանա հետ բերել իր կողմից կատարված ներդրումները, որոնք վերաբերվում են 5-րդ էներգաբլոկի ձեռքբերմանը և վերականգնմանը, գազատարի կառուցմանը, գազաբաշխման ներքին ցանցի ընդլայնմանը: Միաժամանակ հարկ է նշել, որ նման մոտեցում «Գազպրոմ»-ը այժմ կիրառում է բոլոր գործընկերների հետ բանակցություններում, ինչը պայմանավորված է թե՛ միջազգային էներգետիկ շուկայի, թե՛ ՌԴ-ի կողմից գազի մատակարարման պայմանների փոփոխություններով: Այս ոլորտում նույնպես անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքականության և ժամանակների փոփոխությունը»:

Հայկ Գևորգյանը դասական է համարում այն, որ եթե ինչ-որ տեղ ներդրում ես անում, նախապես հաշվարկ ես անում, թե քանի տարի հետո այդ գումարները հետ կգան: Բայց միևնույն ժամանակ՝ շեշտում է. «Գազպրոմը» մութ կառույց է: Հնարավոր չէ դրա թվերը, ծախսերը, եկամուտները ճշգրիտ հաշվարկել, թե ինչ ներդրում է անում, որ 2043-ը պիտի հետ բերի: «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունը Հայաստանում «ՀայՌուսգազարդն» է, որը սարսափելի անարդյունավետ կառույց է,  քանի որ 189 դոլարով է գազը գնում և 380- ով վաճառում, ու այդ պարագայում անգամ աշխատում է վնասով: Իսկ այդ անարդյունավետության համար վճարում են  ՀՀ քաղաքացիները: Դա աբսուրդ է»:

Հայկ Գևորգյանը նկատում է, որ «Գազպրոմի» անարդյունավետ աշխատանքի մասին նույնիսկ անեկդոտներ են ծնվում: Այդքանով հանդերձ տնտեսական մեկնաբանը եզրափակեց. «Մտածել, որ մինչև 2043-ն  այնքան ներդրումներ է անելու, որ հետ բերի այդ ծախսերը՝ աբսուրդ է»:

«Ազգ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը համամիտ չէ այս կարծիքին: Նա նշեց. «ՀայՌուսգազարդը» ոչ արդյունավետ աշխատող կառույց չէ: Այն ներդրումներ արեց, և ՀՀ-ն այժմ ունի 97 տոկոս գազիֆիկացում: Ուստի եթե ինքը տուժում էլ է, մենք շահում ենք, մենք ստանում  ենք գազիֆիկացված երկիր ու ներդրումներ: Չեմ կարծում, որ «Գազպրոմի» մենեջմենթը անարդյունավետ է, դա նոնսենս է: «Գազպրոմը» մի ամբողջ պետություն է Ռուսաստանի մեջ: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ցանկացած տնտեսվարող, եթե ներդրում է անում, պետք է իր ապրանքը սպառողները վճարեն, որ ներդրումների գումարը ետ բերեն ու կազմակերպությունը շահույթ ստանա: Դա պլանային տնտեսության նման չէ, շուկայական տնտեսության մեջ այլ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031