Ոստիկանության կենտրոնական ապարատում երկար տարիներ ծառայած աշխատակիցը 1998 թվականին սահմանված կարգով անցել է կենսաթոշակի: Ծառայության ընթացքում ձեռք բերված սրտանոթային տարբեր հիվանդությունների խորացումը 2009թ.-ին նրա մոտ հանգեցրել է ուղեղի իշեմիկ կաթվածի: Ոստիկանության նախկին ծառայողը բազմիցս դիմել է Ոստիկանություն, որպեսզի իրեն տրամադրեն հիվանդության՝ ծառայության ընթացքում ձեռքբերման հանգամանքը հավաստող համապատասխան փաստաթուղթ, սակայն ապարդյուն:
Օմբուդսմենի կողմից առաջարկ է ներկայացվել Ոստիկանություն՝ ապահովելու համապատասխան փաստաթղթի տրամադրումը , քանի որ Կառավարության որոշման համաձայն` հիվանդությունների, վնասվածքների` ծառայության ընթացքում ձեռքբերման հանգամանքի որոշումը ևս մտնում է իրենց լիազորությունների մեջ, սակայն Ոստիկանությունը հրաժարվում է դա անել և տրամադրում է միայն առողջական վիճակի վերաբերյալ ոստիկանությունում առկա ընդհանուր տեղեկատվություն:
Այսպիսով, Ոստիկանության աշխատակիցների անգործության արդյունքում խախտվել են նախկին ծառայողի իրավունքները, և Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:
ՄԻՊ