Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյուլնարա Շահինյան. «Մաքսային միությանը միանալը նման է աստիճանի, որով թվում է`բարձրանում ես, բայց ընկնում ես միջին դարեր»

Հունվար 20,2014 15:41

«Ես դեմ եմ ՀՀ-ի`Մաքսային միության անդամակցմանը: Մաքսային միությանը միանալը նման է այն աստիճանի, որով թվում է, թե բարձրանում ես վերև, բայց ընկնում ես միջին դարեր»,-Aravaot.am-ի հարցին ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցումը կնպաստի՞ կանանց իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարական գործընթացներին, թե՞ ընդհակառակը, այսպես պատասխանեց  «Դեմոկրատիան այսօր» հ/կ հիմնադիր, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցող  Գյուլնարա Շահինյանը:

Նա Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը վտանգավոր համարեց ու ասաց. «Ոչ միայն մեր շարժումը, այլև բոլոր այսպիսի շարժումները բավականին լուրջ խոչընդոտներ կունենան»:

Տիկին Շահինյանը, գնահատելով ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները, ասաց. «Երբ մենք նայում ենք այն քաղաքականությանը, որը տարվում է այժմ ՌԴ-ում, ապա պարզ է դառնում, որ այդ ամենը պետք է ներդրվի նաև այստեղ, քանի որ հնարավոր չէ այդ պրոցեսները չընթանան ընդհանուր մաքսային տարածքում գտնվող մի երկրում, որը թույլ ու կախված է, որին արդեն գնել են: Մենք կորցնելու ենք մեր այն անկախությունը, որ ստացել ենք ու պիտի զգոն լինենք, որ նորից սովետական մարզ չդառնանք»:

Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհանիսյանը Մաքսային միությունը համարեց բռնատիրական կառույց ու շեշտեց. « ՀՀ-ն իր անկախությունը զիջում է մի ինչ-որ վերպետական կառույցի և միևնույն ժամանակ այնպիսի կառույցի, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, իսկ մեր պայքարը հենց դրա համար է: Ուստի այդ կառույցը բնականաբար չի նպաստելու մեր աշխատանքին, այլ խոչընդոտելու է: Մենք հայտնվել ենք կրկնակի բռնատիրական ճիրաններում. առանց այն էլ ՀՀ-ում չեն կարողացել ձևավորել իշխանություն, նաև այժմ բռնակցվել ենք մի կառույցի, որը բոլորովին մեր ընտրածը չէ: Պայքարը կլինի ավելի կոշտ ու դժվարին»:

Aravot.am-ը նշված մտահոգությունները փոխանցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանին: Նա վստահեցրեց, թե «եվրոպական կառույցների հետ մեր աշխատանքը չի սահմանափակվելու, մենք շարունակելու ենք իրենց հետ բոլոր հարթակներում աշխատել: Այս առումով  մենք որևէ հետընթաց չենք ունենա, անհանգստությունները իզուր են»:

Այնուհետև շարունակեց. «Այս հարցերը չէի կապի իրար հետ: Կանանց խնդիրները միշտ էլ առաջնային են ու մեր ուշադրության կենտրոնում: Այդ կանայք իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնելու: Բայց ես չեմ կիսում այն, քանի որ Մաքսային կառույցների հետ քննարկումներում մենք կարողանում ենք մեր դիրքորոշումներն արտահայտել ու խնդիրներ առաջ քաշել: Մենք Մաքսային  միության կառույցների հետ ակտիվ աշխատում ենք և ունենք  ձայնի իրավունք ու քննարկումներին լիարժեք մասնակցություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031