Լրահոս
Օրվա լրահոսը

Տղաների ավելցուկի հետ կավելանա կրիմինալը (Տեսանյութ)

Հունվար 20,2014 15:35

Արագածոտնում եւ Գեղարքունիքում արական սեռի նորածինների գերակշռությունն այսօր ավելի բարձր է, քան Չինաստանում. այս խնդրի գագաթնակետը 3-րդ եւ 4-րդ երեխաներին է բաժին ընկնում, այսինքն՝ տղա-աղջիկ հարաբերակցությունը 160 տղային 100 աղջիկ է, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է: Սա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտության տվյալներն են:

Աղջիկ երեխաներին աբորտ անելու պատճառները շատ են, առաջինը` ինչպես այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավար Գարիկ Հայրապետյանը, ընտանիքի անվան շարունակությունն է, ունեցվածքի փոխանցումը տղային, եւ, ինչպես հայերն են կարծում` տղաները հետագայում իրենց տարեց ծնողների համար ֆինանսական երաշխիք են:

Պարոն Հայրապետյանի ներկայացմամբ` այսօր Հայաստանում մինչեւ 15 տարեկան տղաների թիվը մոտ 40 հազարով գերազանցում է աղջիկների թվին: Տղաների «ավելցուկը» բացասական ազդեցություն կարող է ունենալ հասարակությունում: Օրինակ, պարոն Հայրապետյանի ասելով, այն երկրներում (Հնդկաստան, Չինաստան), որտեղ առկա է կին-տղամարդ անհամամասնությունը, արդեն նկատվում են սոցիալ-տնտեսական բավականին լուրջ խնդիրներ. Չինաստանն ունի մոտ 60 միլիոն տղամարդ, որը Ուկրաինայի բնակչությունից ավելի է, որ միայնակ ծերության է գնում: Կանանց պակասից նաեւ քրեական լուրջ հետեւանքներ են լինում, այսինքն՝ տղամարդկանց ավելցուկից եւ կանանց «քչությունից» երկրում կրիմինալիզացիան 3.8%-ով բարձր է: Գարիկ Հայրապետյանի խոսքերով` «Միայնակ տղամարդիկ ավելի են լինում եւ այն ագրեսիան, որ չեն կարողանում կյանքի բնականոն ընթացքում ապահովել, դա դուրս է գալիս թրաֆիքինգով, սեռական հողի վրա կրիմինալով: Չինաստանում դեպքեր կան՝ մեկ ընտանիքում 4-5 եղբայր մեկ կնոջ հետ են ապրում»:

Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, Գարիկ Հայրապետյանի բնորոշմամբ` ավելի շատ կապրիզի է նման. «Տղայից տղա պիտի ծնվի, կամ ոնց կլինի` տղա չունենանք»:

Պարոն Հայրապետյանը մի հետաքրքիր փաստ էլ ներկայացրեց. այնպես չէ, որ աղջիկ երեխաներին աբորտ են անում կրթական ցածր մակարդակ ունեցող կամ սոցիալապես անապահով ընտանիքները. հետազոտությունները ճիշտ հակառակ պատկերն են ցույց տվել:

2010 թվականից սեռով պայմանավորված աբորտների թիվը տարեկան հասնում է 29 հազարի, սակայն սա միայն գրանցված թիվն է: Պարոն Հայրապետյանի խոսքերով` կա դեղորայքային արհեստական վիժեցում. Սայտոտեկ դեղամիջոցը հնարավոր է դեղատնից գնել եւ տնային պայմաններում վիժեցում անել, ինչը շատ լուրջ խնդիր է, քանի որ այս դեղամիջոցն ընդունելիս, կանայք հաճախ արնահոսելով տեղափոխվում են հիվանդանոց:

Մանրամասն` տեսանյութում

Արդյոք աբորտների քրեականացումը կնպաստի՞ սեռով պայմանավորված աբորտների քանակի նվազեցմանը՝ հարցին, պարոն Հայրապետյանն ասաց, որ դա հնարավոր է կիրառել միայն արդարադատության շատ վստահելի համակարգի դեպքում: Ըստ Գ. Հայրապետյանի, Հարավային Կորեայում 6 տարի ազատազրկում, կամ էլ 13 հազար դոլարի տուգանք է հասնում սեռով պայմանավորված աբորտի համար. «Մեր նման երկրներում, ես կարծում եմ քրեականացնելը, որեւէ սահմանափակում մտցնելը կարող է բերի կոռուպցիոն ռիսկերի աճի: Իրականում շատ դժվար է ապացուցել, թե ինչի համար արվեց աբորտը, բայց սահմանափակումներ պետք է մտցնել»:

Մանրամասները` տեսանյութում

Խնդրի լուծման մի քանի տարբերակներ կան, նախ սոցիալ-տնտեսական զարգացած համակարգ ապահովելը, աշխատաշուկայում կանանց եւ տղամարդկանց հավասար ապահովումը, մտածելակերպի փոփոխություն եւ այլն.

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031