Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ կենսաթոշակային բարեփոխումների մասին. «Կառավարությունը չի նահանջելու»

Հունվար 20,2014 14:45

«Ժառանգություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը խիստ թերահավատ է այն հարցում, որ չորս ընդդիմադիր ուժերի պայքարը՝ կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչի դեմ, կարող է հաջողությամբ ավարտվել: Նա կարծում է, որ կառավարությունը շատ մարտականորեն է տրամադրված՝ այս բարեփոխումներն անցկացնելու, եւ անգամ, եթե կատարվի անհավանականը՝ Սահմանադրական դատարանը որոշի, որ այդ բարեփոխումները հակասահմանադրական են, միեւնույն է, մինչեւ վերջ կգնա եւ չի նահանջի: Իսկ ՍԴ-ն, ըստ տիկին Բախշյանի, իշխանությունների դեմ դուրս չի գա:

«Հայելի» ակումբում Անահիտ Բախշյանի հետ բանավիճող ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ կարծում է, որ կենսաթոշակների խնդիրը հուզում է միայն հասարակության որոշ շերտերի, եւ չի կարող ձնագնդի էֆեկտ ունենալ, վերածել համաժողովրդական հակաիշխանական պայքարի:

Լեռնիկ Ալեքսանյանն անգամ փորձում էր հավատալ եւ հավատացնել, որ գազային պայմանագրերի հետ կապված դժգոհությունները, մասնավորապես՝ անհասկանալի եւ գաղտնի ձեւով կուտակված պարտքի կապակցությամբ, ընդամենը քաղաքական ուժերի շահարկումների արդյունք են. «Տնտեսական խնդիրների լուծումը պայմանավորել իշխանափոխության հետ՝ դա շահարկում է: Ամեն մի հարցի համար իշխանափոխություն չպիտի պահանջեն»:

Նա վստահ էր ու փորձում էր վստահեցնել, որ երբ լուրջ խնդիրներ են առաջանում, իշխանությունը փորձում է հասարակության կարծիքը հաշվի առնել, լուծել այդ խնդիրները: Անահիտ Բախշյանը նկատեց, որ կենսաթոշակային բարեփոխումները եւ գազի հարցը բավականին լուրջ խնդիրներ են, եւ բազմաթիվ մարդիկ դժգոհություններ են հայտնել, սակայն իշխանությունները ոչինչ չեն անում այդ հարցերը լուծելու համար. «Մարդիկ չեն հավատում, չեն վստահում կենսաթոշակայինին այդ ֆոնդերին, գազի հետ կապված չասեմ նույնիսկ, թե ինչ խորը հիասթափություն առաջացրեց հասարակության մեջ դա, Մաքսային միությանը միանալը…»:

ՀՀԿ-ականն անակնկալի եկավ՝ դուք կարծում եք, որ հասարակության մեծ մասը դժգո՞հ է, որ միանում ենք Մաքսային միությանը: Նրա տվյալներով՝ հասարակության մեծամասնությունը ուրախ է այդ փաստից:

Լեռնիկ Ալեքսանյանը գազային պայմանագրի հետ կապված միայն մի հարցում էր համաձայն դժգոհությունների հետ. «Ես միշտ էլ ասել եմ, որ հրապարակայնությունն անհրաժեշտ է»՝ նկատի ունենալով գազի համար կուտակված պարտքը, որը անակնկալ էր անգամ ՀՀԿ մեծամասնության համար:

Այդուհանդերձ, պարոն Ալեքսանյանը որեւէ կասկած չունի, որ արդարացված եւ տրամաբանական է սահմանի վրա գազի 180$ արժողության եւ բաժանորդին հասած 400$-ի տարբերությունը.«Ես գազի համակարգում աշխատել եմ, դետալները լավ գիտեմ, ու հասկանում եմ, թե ոնց է թանկանում գազը՝ այդքան ճանապարհ անցնելով»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031