Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի գործով քննիչը ժամանակ առ ժամանակ գործի կարեւոր հանգամանքներ է մոռանում (Տեսանյութ)

Հունվար 20,2014 14:39

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր դատարանում ներկայացրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած դեպքերի քննությանն  առնչվող այն բոլոր նյութերը, որոնք քննիչ Ղազարյանը նպատակահարմար չհամարելու պատճառաբանությամբ չի ցանկանում ներկայացնել դատարան:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Նա բողոքարկել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի որոշումները, ինչպես նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:

Պարոն Ալումյանը կրկին պնդեց, որ դատարանը պարտավորեցնի քննիչին ներկայացնել բողոքին վերաբերող ու դատարանին չներկայացրած գործի քննության վերաբերող սխեմաները, լուսանկարները, փորձագետների եզրակացությունները, արձանագրությունները:

IMG_2298Այսօր դատարանում պարզվեց, որ քննիչը դատարանին չէր ներկայացրել նույնիսկ մի քանի կարեւոր ցուցմունք:

«Դատարանին եւ կողմին ներկայացվել են քրեական գործով բոլոր ցուցմունքները, նույնիսկ այն արձանագրությունները, որոնցում մարդիկ ցուցմունք տալուց հրաժարվել են»,- պնդեց քննիչ Ղազարյանը:

Բայց պարոն Ալումյանը մատնանշեց չներկայացված ցուցմունքները: Իսկ քննիչը վրիպակ ու շփոթմունք մեկնաբանեց իր չներկայացնելը ու ասաց, որ մինչեւ հիմա ներքին համոզմունք ուներ, որ բոլոր ցուցմունքները ներկայացրել է ու խոստացավ հաջորդ դատական նիստին ներկայացնել, բայց միայն ցուցմունքները: Իսկ պարոն Ալումյանի պահանջած մյուս նյութերի ներկայացնելը  կրկին ոչ նպատակահարմար գտավ:

Պարոն Ալումյանն էլ շարունակեց` հիշեցնելով,  որ դեպքի 3 զննություն է եղել, բայց քննիչը դատարանին է ներկայացրել դրանցից միայն 2-ը. «…Սխեման եւ ֆոտո աղյուսակը կցված է դեպքի վայրի զննության արձանագրությանը,  դուք չունեք, ես չունեմ, հարգելի դատարան, ինչի՞ հիման վրա եք որոշելու դրա մեջ ինչ է պարունակում: Սուրիկ Խաչատրյանի տանը խուզարկություն է կատարվում, բողոքին չի՞ վերաբերում: Իմ վստահորդը պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանի տան վերեւի հարկից կրակոց է եղել: Նրա տանը խուզարկություն է եղել, ինչ-որ առարկաներ են ներկայացվել, մենք չունենք` ինչ առարկաներ, ինչ խուզարկություն: Դա բողոքի հետ կապ չունի՞ կամ  հեռախոսազանգի վերծանումները կապ չունե՞ն բողոքի հետ»:

Հետո դիմեց քննիչին ու ասաց, որ տեսնում է, թե ինչպես է նա ժամանակ առ ժամանակ գործով կարեւոր հանգամանքները  մոռանում.  «Հարգելի դատարան, նախորդ դատական նիստին քննիչը հերթական անգամ ասել էր, որ իմ բողոքին վերաբերող բոլոր նյութերը ներկայացրել է: Հերթական անգամ պարզվեց, որ ներկայացրած չէ: Հերթական անգամ ասում է` լավ կրկնօրինակը կներկայացնեմ, որովհետեւ արդեն բռնեցինք, որ չկան»:

Քննիչն էլ պարզաբանեց. «Ես գտնում եմ, որ ինչքան շատ քրեական գործից նյութեր տրամադրենք, այնքան քրեական գործի քննությունն ավելի բարդ կդառնա»:

Հակադարձեց պարոն Ալումյանը. «Քննիչն այստեղ արդարադատություն չի իրականացնում: Իր գտնելով չէ, իր գտնելն իր աշխատասենյակում է  տեղի ունենում…Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, որ քննիչը միանգամից չի ներկայացրել նյութերը, ակնհայտ էր, որ այն նյութերը, որ ինքն ունի, մենք չունենք, այդ նյութերը բողոքին վերաբերում են: Ինչո՞ւ է ձգձգում: Համոզված եմ, որ ձգձգումները մի նպատակ ունեն` բերեն հասցնեն Քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի այն վիճակին, որ ասեն արդեն 6 ամիսը լրացել է, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ, մենք էլ ոչինչ անել չենք կարող»:

Դատական հաջորդ նիստը հետաձգվեց մինչեւ հունվարի 24-ը, որ քննիչը ներկայացնի մինչեւ հիմա չներկայացրած ցուցմունքները եւ իր դիրքորոշումը հայտնի, թե ինչու նպատակահարմար չի համարում ներկայացնել փաստաբան Ալումյանի պահանջած նյութերը:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Քննիչն էլ պարզաբանեց. «Ես գտնում եմ, որ ինչքան շատ քրեական գործից նյութեր տրամադրենք, այնքան քրեական գործի քննությունն ավելի բարդ կդառնա»: ==
    Ծիծաղաշարժ արդարադատություն շարքից…

  2. Անահիտ says:

    Հայկական ցեղասպանության ճանաչման գործընթացի խաղարկման, շահարկման, քաշքշման, ձգձգման մի փոքրիկ լկտի-օրինակ-նմանակ, մինչև ջրվի, սառեցվի, մոլորեցվի, մոռացվի : Ինչպիսի լկտիություն և նմանություն: Ցեղասպանություն եղել է չի եղել, ով է մեղավոր` թուրքը թե ջհուդը, նայեք քննիչի լկտիությանը, ով է դատավորը, ում ձեռքերում ենք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031