Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանը՝ թուրքական ֆորումի մասին. «Ամենուր հնչում էր ցեղասպանություն բառը»

Հունվար 20,2014 14:23

Այսօր «Հայելի» ակումբում էին Անկարայում օրերս կայացած «Հրանտ Դինք 2015» ֆորումի մասնակիցներ, Արեւմտահայոց ազգային համագումարի ազգային խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը եւ ազգագրագետ Հարություն Մարությանը: Նրանք անդրադարձան Անկարայի մտքի ազատության հարթակի ու Արեւմտյան ազգային համագումարի օրերս կազմակերպած համատեղ ֆորումին:

Պարոն Ախոյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն ունի բազմաթիվ համախոհներ, չորս աշխատանքային խումբ: «Թուրքիայի տարածքում» աշխատանքային խումբն էլ մեկն է կազմակերպության խմբերից: Ֆորումին մասնակցել է նաեւ Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության ղեկավար Սեւակ Արծրունին: ԱԺ պատգամավորի ասելով, թուրքական կողմից էլ են եղել ազդեցիկ քաղաքական գործիչներ, իրավաբաններ, մտավորականներ:

Բացման խոսքով հանդես է եկել Արագած Ախոյանը: «Ինձ թվում էր՝ ամենածանր խոսքը իմը կլինի, բայց եղան ավելի ազդեցիկ ելույթներ, անընդհատ հնչում էին ցեղասպանություն, դատապարտում, պահանջատիրություն բառերը, թուրք իրավաբանները խոսում էին, թե միջազգային իրավունքի սահմաններում ինչպես կարելի է հարցը լուծել: Իրենց կողմից նկատում էինք իրենց պատմությունը սրբագրելու փորձ: Նաեւ Պոնտոսի թուրքերի, ասորիների հարցը բարձրացվեց: Նրանց ելույթում հետեւյալ շեշտադրումը կար՝ Թուրքիայի ապագան առանց այս խնդիրները լուծելու, անհնար է: Քսան-քսանհինգ ելույթ եղավ, ԱՄՆ Հայ դատի գրասենյակից էլ ներկա է եղել Ջորջ Աղճայանը»,-ասաց նա:

Ֆորումին մասնակցում էին նաեւ համալսարանի դասախոս, տասը տարի ազատազրկված Ֆիքրեթ Բաշկարան, փաստաբան Բասկե Օրհանը, BDP կուսակցությունից Նազեմի Գյումը եւ ուրիշներ:

Արագած Ախոյանը նշեց, որ միջոցառմանը սկզբում ԶԼՄ-ներին միտումնավոր ներս չեն թողել՝ ֆորումի աշխատանքները դատապարտելու միտումով, ավելի ուշ ֆորումի հայտարարությունն է տարածվել: Բանախոսը այն աննախադեպ է որակում:
Ասում է՝ հայկական կողմը չի միացել հայտարարությանը, որովհետեւ իրենց ոչ բոլոր պահանջներն են բարձրացվել: Նա նաեւ հավելեց, որ փաստաբան Բասկե Օրհանը դեմ է արտահայտվել հայտարարությանը, այն ռադիկալ անվանելով: Նրա պահանջով հայտարարության տեքստում «ցեղասպանություն» բառի կողքին «կոտորած» բառն էլ է դրվել:

«Առաջարկներ 1915-ի ցեղասպանության/կոտորածի ճանաչման, հատուցման եւ Թուրքիայի հասարակությանը այս ամոթից փրկելու վերաբերյալ» վերնագրով հայտարարության կետերից է Ճանաչումը, ներողությունը, հատուցումը, պատմության ժխտման գործողություններին վերջ տալը, Թուրքիայի տարածքում ապրող Պոնտոսի հույների, ասորիների անձնագրային արխիվները թափանցիկ դարձնելը, արեւմտահայկական ծագմամբ հայերի քաղաքացիական իրավունքների խախտմանը, իրենց պատմական հայրենիքում բնակվելու ցանկություն ունեցողներին վերադառնալ արտոնելը, Օսմանյան, ներառյալ՝ Զինված ուժերի արխիվները մատչելի դարձնելը: «Մշտական աշխատանք է անհրաժեշտ լիակատար արդյունք ունենալու համար»,-համոզված է պարոն Ախոյանը:

Հարություն Մարությանն էլ նշեց, որ ինքը քաղաքագետ չէ, բայց գիտի, որ կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններն են ներկայացնում ցանկացած երկրի քաղաքական դաշտը: «Մենք ոչ կառավարական կազմակերպություն ենք, այս դեպքում հանդիպումը համարժեք կազմակերպությունների ձեւաչափով էր»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Թուրքիայի հայկական համայնքից ֆորումին ներկայացուցիչներ չլինելուն, Արագած Ախոյանի խոսքով. «Իրենց համար հարցը պարզ էր, հարցը հիմնականում էթնիկ մեծամասնությանն էր վերաբերում: Ամեն դեպքում, փաստաթղթում առաջադիմական հայտարարություններ արվեցին»:

Նրա հավաստմամբ, պոլսահայության, ծպտյալ հայերի շրջանակներում ամեն ինչի մասին խոսվել է, իրենց հետ շփվում են, ուղղակի ուզում են այնպես աշխատել, որպեսզի չվնասեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gibindus says:

    Ապրի Արագոն, շատ ապրի: Ես չգիտեի, որ նա խոսել գիտի: Բայց արի ու տես, որ սխալվել եմ: Դրա համար էլ երբեք ցեղասպանությունի չի ճանաչվի, որովհետև “արագոներն” են այս յարցով զբաղվում: Բայց լավ գաջ էր քսում` ինչի՞ թարգեց:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031